Խորեզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորեզմ (հայկ. աղբյուրներում՝ խվարեզմ), հնագույն պետություն Ամուդարյա գետի ստորին ավազանում։ Հիշատակվում է Բագհաստանայի արձանագրության մեջ և Ավեստայում։ Խորեզմը հզորության գագաթնակետին հասավ Մեծ խորեզմշահերի տիրապետության շրջանում (XI — XIII դդ.)։ 1220 թ.-ին Խորեզմն ասպատակեց Չինգիզ խանը։ 1225 թ.-ին Խորեզմի շահ Մահմադի որդի Ջալալ Էդ-Դինը գրավեց Իրանի հյուսիս-արևմտյան մասը և Ատրպատականը, ապա արշավեց Հայաստան ու Վրաստան՝ նպատակ ունենալով դրանք դարձնել հենակետ մոնղոլների դեմ պատերազմելու համար։ Ջալալ Էդ-Դինի 60 000-անոց զորքը (հայկական աղբյուրներում՝ «խորազմիք», «խորազմք», «խորագմն») արշավեց Արարատյան դաշտ, գրավեց և ավերեց Դվինը։ Կոտայքում ընդհարվեց վիրա-հայկական զորքի հետ, որին գլխավորում էր Իվանե Զաքարյանը։ 1227 թ.-ին հայ-վրացական ուժերը Տփղիսի և Դվինի մատույցներում պարտության մատնեցին խորեզմցիներին։ 1228—1230 թթ.-ին շարունակվեցին Ջալալ Էդ-Դինի ասպատակությունները Հայաստանում, սակայն 1230 թ.-ի ամռանը նա պարտվեց։ Մոնղոլական տիրապետության ժամանակ Խորեզմը մտավ Զուչիի ուլուսի, այնուհետև Ոսկե Հորդայի կազմի մեջ։ 1388 թ.-ին Խորեզմը նվաճեց Լենկ-Թեմուրը։ 1512 թ.-ից մինչև XVII դարի վերջը Խորեզմն անկախ պետություն էր (Խիվայի խանություն), որը կառավարում էին ուզբեկ խաները։

Ճարտարապետություն և կերպարվեստ[խմբագրել]

Մ. թ. ա. IV—III դդ. ձևավորվել է Խորեզմի ինքնատիպ գեղարվեստական մշակույթը։ Քաղաքներն ունեցել են ուղղանկյուն հատակագիծ, առանցքային փողոցի կողմերում՝ կանոնավոր կառուցապատված թաղամասեր, պաշտպանական պատեր, աշտարակներ։ Պալատները (Կալալի-գիր, մ. թ. ա. V—IV դդ., Թոփրակ-կալա, II—III դդ.) ունեցել են հանդիսավոր բակեր, միջանցքներով կապված դահլիճներ ու սենյակներ։ Դամբարանային կառույցները եղել են աշտարականման, հատակագծում՝ խաչաձև շինություններ (Կյուզելի-գիր, մ. թ. ա. V դ.) կամ գլանաձև տաճար-դամբարաններ (Կոյ-Կռիլգան-կալա, մ. թ. ա. IV դ.)։

Խորեզմի կերպարվեստը համակված էր բնության պտղաբերության ուժերի փառաբանման և տիրակալների աստվածացման գաղափարներով (Թոփրակ-կալա. կավե գունազարդված արձաններ և բարձրաքանդակներ, հանքային ներկերով արված բազմագույն որմնանկարներ)։ Եզակի են մ. թ. ա. V դ. — մ. թ. I դ. արձանների տեսքով խեցեղեն օսուարիումները (լատ. ossuarium — հանգուցյալի ոսկորների զետեղարան)։ Տարածված են եղել թրծակավե արձանիկները՝ պտղաբերության աստվածուհիներ, ձիերի ֆիգուրներ և այլն։ Միջին դարերում խ-ի վարպետները մշակել են վեղարագմբեթային յուրօրինակ կառուցվածքներ (հին Ուրգենչի դամբարանները, XII դ.)։ XIV դ. 2-րդ կեսին Խորեզմի արվեստը վերելք է ապրել։ Մայրաքաղաք Ուրգենչում կառուցվել են ջնարակած խեցեղեն հարդարանքով շինություններ (Սուֆի դինաստիայի դամբարանը, այսպես կոչված Թյուրաբեկ-խանըմը։

Կրոնական ավանդապատումներ[խմբագրել]

Խորեզմը համարվում է զրադաշտականության (մազդեականություն) հայրենիքը, որն ավելի հին ծագում ունի, քան քրիստոնեությունը և իսլամը:

Տեղաբնակները վստահեցնում են, որ հենց այստեղ է գտնվում Ադամի գերեզմանը, որի վրա կառուցված դամբարանը անվանում են այսպես կոչված «Աշխարհի ժամացույց»: Այն աղյուսից կառուցված շինություն է և, ըստ ավանդույթի պատերից մեկ առ մեկ ընկնում են աղյուսե քարերը և երբ վերջինը գետին ընկնի, կգա «աշխարհի վերջը»: Դամբարանի շուրջը ամենուրեք թափված յոթական քարերից շարված են փոքրիկ բուրգեր: Այդ յոթ քարերը խորհրդանշում են ըստ Ավեստայի սուրբ յոթ թիվը, որի հոգևոր հիմքերն են.

  1. իմաստություն
  2. բարություն
  3. ճշմարտություն
  4. ջերմություն կամ էներգիա
  5. հարմոնիա
  6. ամբողջականություն
  7. անմահություն:[1]

Ուխտավորները դամբարանից թափված յոթ քարերը իրար վրա դնելով աղոթում են, հնչեցնելով այս յոթ հոգևոր արժեք ներկայացնող բառերը: Մարդիկ հավատում են, որ այդպիսով երկարացնում են մոլորակի կյանքը:[2]

Գրականություն[խմբագրել]

  • Tолстой С. П., Древний Хорезм М., 1948

Աղբյուրներ[խմբագրել]

  1. https://www.youtube.com/watch?v=yaLojGnAh2k
  2. http://www.centralasia-travel.com/ru/countries/uzbekistan/places/khorezm/mizdahkan
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png
  1. https://www.youtube.com/watch?v=yaLojGnAh2k
  2. http://www.centralasia-travel.com/ru/countries/uzbekistan/places/khorezm/mizdahkan