Խեժափիճի սիբիրական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խեժափիճի սիբիրական
Խեժափիճի սիբիրական
Խեժափիճի սիբիրական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Մերկասերմեր (Pinophyta)
Դաս Pinopsida
Կարգ Ասեղնատերևավորներ (Pinales)
Ընտանիք Սոճազգիներ (Pinaceae)
Ենթաընտանիք Խեժափիճայիններ (Laricoideae)
Ցեղ Խեժափիճի (Larix)
Տեսակ Խեժափիճի սիբիրական (L. sibirica)
Միջազգային անվանում
Larix sibirica
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Խեժափիճի սիբիրական (լատին․՝ larix sibirica), սոճազգիների ընտանիքի, խեժափիճի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ծառ է՝ 30-45 մ բարձրությամբ և 80 - 180 սմ բնի տրամագծով։ Աճում է չափազանց արագ։ Լավագույն հողերում 100 տարեկան հասակում հասնում է 30 - 33, 350 տարեկանում՝ 45 մ բարձրության։ Հողի ճահճակալման դեպքում առաջացնում է երկրորդական կարգի կողմնային արմատներ։ Փշատերևներն ունեն 13-45 մմ երկարություն և 0․6 -1,6 մմ լայնություն, բաց կանաչավուն են, կապտավուն խավով։ Կարճացած ընձյուղների վրա հավաքված են փնջերով՝ 25-65-ական հատ։ Աշնանը դեղնում և թափվում են ավելի վաղ, քան մյուս խեժափիճիների փշատերևները։

Կոների երկարությունը կազմում է 22-30 մմ, դրանք սովորաբար ձվաձև են և երկարավուն օվալաձև, մինչև հասունանալը ամուր սեղմված, հասունացման ժամանակ լայն բացված, կազմված են 22-38 թեփուկներից, որոնք դասավորված են 5-7 շարքերով։ Սերմնային թեփուկները բարակ են, հաճախ կաշվեկերպ, ձվաձև կամ լայն-ձվաձև, ամբողջաեզր։ Ծածկող թեփուկները ծածկված են սերմնային թեփուկների տակ։ Սովորաբար բացվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճում է Հյուսիսային Ուրալի անտառներում, Արևմտյան Սիբիրում, Ալթայում և Սայաններում։

Երևանի բուսաբանական այգում այս ծառատեսակի մշակության բոլոր փորձերը անհաջողության են մատնվել։ Այստեղ 9-10 տարեկան հասակում հասնում է 1․0-1․5 մ բարձրության, ընդ որում միջին աճը չի անցնում 10-15 սմ-ից։ Հավանաբար բույսի ճնշվածության և վատ աճելու պատճառը օրվա կարճատևությունն է, ինչպես նաև նրա աճման և տեղի կլիմայական ռիթմի անհամապատասխանությունը։ Երևանի պայմաններում ընձյուղների աճը շատ վաղ է սկսվում (ապրիլին) և շարունակվում է մեկ ամիս (հյուսիսային շրջաններում սիբիրական խեժափիճու աճը տևում է 3 ամիս)։

Համեմատաբար լավ է աճում Վանաձորում, որտեղ հանդիպում են մինչև 42 տարեկան ծառեր, որոնք 1937 թվականին բերվել են Պյատիգորսկից։ Ներկայումս այդ բույսերի բարձրությունը կազմում է 12 մ, բնի տրամագիծը՝ 30-40 սմ։ Տարեկան միջին աճը անցնում է 25-30 սմ-ից։

Վանաձորի պայմաններում բավականին երաշտադիմացկուն է և բարձր դեկորատիվ, սակայն խիստ դանդաղ է աճում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդ է տրվում միջին լեռնային անտառային գոտու համար, որտեղ կանաչապատման բնագավառում կարող է գտնել սահմանափակ կիրառություն[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (գրքի էջը)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեժափիճի սիբիրական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խեժափիճի սիբիրական» հոդվածին։