Լաուրա Չերետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Չերետա
իտալ.՝ Laura Cereta
Ծնվել է1469[1][2][3][…]
ԾննդավայրԲրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա
Վախճանվել է1499[1][2][3][…]
Վախճանի վայրԲրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա
Մասնագիտությունգրող և կանանց իրավունքների պաշտպան
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
 Laura Cereta Վիքիպահեստում

Լաուրա Չերետա (իտալ.՝ Laura Cereta, 1469[1][2][3][…], Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա - 1499[1][2][3][…], Բրեշիա, Բրեշիա, Լոմբարդիա), իտալացի բանաստեղծուհի և ֆեմինիստ, Իտալիայի 15-րդ դարի խոշորագույն հումանիստներից մեկը։ Չերետան առաջիններից մեկն էր, որ կանանց բարեկամությունը և խնդիրները դարձրեց իր ստեղծագործությունների գլխավոր թեման։ Հայտնի է նաև իր ժամանակի նշանավոր մտավորականներին հասցեագրված նամակներով։

Կյանք և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերետան ծնվել է 1469 թվականի սեպտեմբերին, հարուստ ընտանիքում։ Երեխա ժամանակ Լայրան հաճախ էր հիվանդանում և տառապում էր անքնությունից։ Նա ընտանիքի վեց երեխաներից ավագն էր։ Նրանց ընտանիքը բարձր դիրք էր զբաղեցնում հասարակության մեջ, հայրը` Սիլվեստրո Չերետան, թագավորի իրավաբանը և մագիստրն էր։ Լիրայի մայրը՝ Վերոնիկա դի Լենոն, հայտնի ձեռներեց էր։ Ծնողները, բարձր գնահատելով կրթության անհրաժեշտությունը, յոթնամյա Լաուրային ուղարկում էին վանք սովորելու։ Այստեղ միանձնուհի դաստիարակների օգնությամբ նա սովորեց լատիներեն կարդալ և գրել, ինչպես նաև ծանոթացավ կրոնի հիմունքներին։ Միանձնուհի ուսուցիչ դաստիարակը մեծ ազդեցություն ունեցավ Լաուրայի վրա, աղջկան սովորեցրեց նաև ասեղնագործել։ Երկու տարի վանքում սովորելուց հետո հայրը Լաուրային տուն տարավ, որպեսզի խնամի իր կրտսեր եղբայրներին ու քույրերին։ Բայց մի քանի ամիս հետո աղջիկը վերադարձավ վանք` ուսումը շարունակելու։ Երբ նա դարձավ տասներկու տարեկան, հայրը նորից նրան վերադարձրեց տուն, որպեսզի խնամի եղբայրներին ու քույրերին և օգնի տնային աշխատանքներին։ Ի թիվս այլ գործերի, Չերետան զբաղվում էր եղբոր կրթությամբ և ստանձնել էր հոր քարտուղարի պաշտոնը։ Այդ ժամանակ Չերետան մեծ հետաքրքրություն էր ցուցաբերում մաթեմատիկայի, աստղագիտության, ագրոնոմիայի և բարոյագիտության նկատմամբ։

Laurae ceretae epistolae տիտղոսաթերթը

1484 թվականին՝ 15 տարեկան հասակում, Լաուրան ամուսնացավ վիեննացի վաճառականի հետ, որը հետաքրքրվում էր նաև գիտությամբ։ Դատելով նրա նամակներից` Լաուրան ամուսնության ընթացքում որոշ խնդիրներ և տարաձայնություններ է ունեցել։ Չերետաին շատ էր մտահոգում կատարյալ ամուսնությունը և իր նամակներում նա հաճախ իդեալական ամուսնությունը նկարագրում էր որպես գործընկերություն, փոխադարձ հարգանք, ազնվություն և սեր։ Այնուամենայնիվ, նա հստակորեն առանձնացնում էր ամուսնությունը ընկերությունից և չէր շփոթում այդ հասկացությունները։ Ինչպես իր ժամանակի շատ հումանիստներ, Լաուրան հայտնի դարձավ դեռ վաղ տարիքում, սակայն, ի տարբերություն մյուսների, ամուսնությունից հետո նա չհրաժարվեց կրթությունից և գրականությունից։ Հարսանիքից ութ ամիս անց Լաուրայի ամուսինը հիվանդացավ ժանտախտով և մահացավ։ Նրանք երեխաներ չունեին, և Չերետան այլևս երբեք չամուսնացավ։

Ամուսնու մահից երկու տարի անց Չերետան թոթափեց վիշտը և կրկին սկսեց զբաղվել գրականությամբ և հումանիզմով։ Մարդասիրության հանդեպ նրա հետաքրքրությունների և դրա հետ կապված ամեն ինչի հիմնական պատճառը Լաուրան համարեց մարդկանց հետ գիտելիքները կիսելու իր ցանկությունը։ Նա շարունակեց նամակներ գրել ընկերներին և ընտանիքի մերձավոր շրջապատին՝ քննարկելով անձնական խնդիրներ, ինչպիսիք են մոր և ամուսնու հետ հարաբերությունները։ Այդ նամակներում Չերետան անցկացնում էր ինքնավերլուծություններ, որը բնորոշ էր այդ ժամանակաշրջանի հումանիստներին։ Նրա նամակներում կան նաև վկայություններ իր ժամանակակից կանանց կյանքի մասին։ Նա պաշտպանում էր կրթված կանանց հայեցակարգը և դատապարտում ընտանեկան բռնությունը։ Բացի այդ, հանրային դասախոսություններում և ակնարկներում Չերետան ուսումնասիրում էր կանանց պատմությունն ու ներդրումը Եվրոպայի մտավոր և քաղաքական կյանքում։ Իր ողջ կյանքի ընթացքում հասարակության կողմից Լաուրայի արժանիքների և տաղանդի գնահատման հետ մեկտեղ նա ենթարկվել է նաև քննադատության։ Հիմնական մեղադրանքներից մեկն այն էր, որ կինը կրթված չպետք է լինի և որ Լորայի բոլոր գործերը գրվել են հոր կողմից։ Այս հայտարարություններին Չերետան բավականին խիստ պատասխանեց։ 1488 թվականին Չերետան իր 82 նամակներից գիրք կազմեց, և չնայած նրան, որ նրա գործերը տարածված էին Իտալիայում, գիրքը մնաց չհրատարակված մինչև 17-րդ դար։ Ժողովածուն ձեռագրի տեսքով տարածվել էր Վերոնայի, Վենետիկի և Բրեշիի հումանիստների շրջանում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չերետան մահացավ 30 տարեկան հասակում։ Նրա մահվան հանգամանքները հայտնի չեն։ Կյանքի վերջին տարիների նրա գործերից ոչ մեկը չի պահպանվել։ Նրա պատվին կազմակերպվել էր հանրային հուղարկավորություն և զբոսանք, ինչը անսովոր էր կանանց համար։ Նրան հիշում են որպես հանրահայտ կին, որը Վերածննդի դարաշրջանից հետո հիմք դրեց բազմաթիվ ֆեմինիստական և հումանիստական ստեղծագործությունների։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Չերետա» հոդվածին։