Թուղթ (գրական ժանր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուղթ (գրական ժանր), (ուղերձ, նամակ), գրական ժանր է, հրապարակախոսական կամ բանաստեղծական երկ՝ հորինված նամակի ձևով և ուղղված որևէ անձի կամ մարդկանց խմբի։

Թղթի առաջին օրինակները (չափածո) տվել են հռոմեական բանաստեղծներ Հորացիոսը (մ. թ. ա. I դ.) և Օվիդիոսը (մ. թ. ա. I - մ. թ. I դդ.)։ Թղթին բնորոշ են փիլիսոփայական խորհրդածությունը, հրապարակախոսական շեշտը, երբեմն էլ՝ սատիրական երանգը (Կլեման Մարոյի, Բուալոյի, Վոլտերի, Գյոթեի, Շիլլերի, Պուշկինի, Չարենցի և այլոց ուղերձները)։ Չափածո թուղթը ուղղվում է իրական-պատմական (կամ երևակայական) որևէ անձնավորության։ Արձակ թուղթը զարգացել է վաղ քրիստոնեության շրջանում և հատկապես միջնադարում՝ դառնալով քրիստոնեական գրականության հիմնական տեսակներից։ Հայտնի են Նոր կտակարանի մասը կազմող և քրիստոնեական առաշին համայնքներին ուղղված առաքելական Թղթերը։ Միջնադարում թուղթն ունեցել է գլխավորապես բարոյախրատական և դավանաբանական բնույթ։ Հայ մատենագրության մեջ զարգացել է ինչպես առաքելական, այնպես էլ անտիկ թղթիի գրական-ճարտասանական առանձնահատկությունների յուրացմամբ։ Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Գրիգոր Նարեկացու, Ներսես Շնորհալու, Մխիթար Գոշի, Հովհաննես Երզնկացու և այլ մատենագիրների թղթերը Հայաստանի քաղաքական պատմության, սոցիալական շարժումների, դավանական պայքարի ու գիտական մտքի ընթացքը լուսաբանող սկզբնաղբյուրներ են։ Դրանց մի մասը մեզ է հասել նաև առանձին ժողովածուներով, որոնցից առավել կարևորներն են «Գիրք թղթոց»-ը (հրտ. 1901), Գրիգոր Մագիստրոսի 88 թղթերը (հրտ. 1910) և Թովմա Մեծոփեցու կազմած «Թուղթ նամակի վարդապետաց եկեղեցւոյ» հավաքածուն (Վենետիկ, Մխիթարյան միաբանության մատենադարանի N» 1091 ձեռագիր)։

Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 232