Զմրուխտյա կրետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զմրուխտյա կրետ
Ampulex Compressa
Ampulex Compressa
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Arthropoda
Դաս Insecta
Կարգ Hymenoptera
Ենթակարգ Apocrita
Վերնաընտանիք Apoidea
Ընտանիք Ampulicidae
Ցեղ Ampulex
Տեսակ Ampulex compressa
Լատիներեն անվանում
Ampulex compressa Fabricius, 1781

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Զմրուխտյա կրետ, խավարասերի զմրուխտյա կրետ kam ակնեղենի կրետ (լատ.՝ Ampulex compressa), Ampulicidae ընտանիքին պատկանող, առանձնացված ապրող կրետի (solitary wasps) տեսակ է, որը հայտնի է բազմացման իր անսովոր վարքագծի համար։ Վարքագծի անսովորությունը կայանում է նրանում, որ կրետը իր ճիճուների համար կեր նախապատրաստելու համար թույն ներարկելով “զոմբիացնում” է ամերիկյան խավարասերին, և ապա ուղղորդում է նրան իր բույնը՝ վրան ձվադրելու համար։ Նրան այդ պատճառով դասում են էնտոմոնաֆագ (հունարեն՝ entomon՝ “միջատ” և հունարեն՝ phagos՝ "-ակեր") մակաբույծների շարքին։

Տարածվածություն[խմբագրել]

Հանդիպում է Հարավային Ասիայի, Աֆրիկայի և խաղաղօվկիանոսյան կղզիների արևադարձային շրջաններում։ Թռնող կրետները ավելի շատ են լինում տարվա տաք ամիսներին։

Տեսք[խմբագրել]

Կրետն ունի կապտականաչավուն մետաղյա գույնի մարմին՝ ոտքերի երկրորդ և երրորդ զույգերի կարմիր ազդրային մասերով։ Էգի երկարությունը մոտ 22մմ է, որձը շատ ավելի փոքր է։ Խայթիչը, որը զարգացել է ձվադիրից, որձերի մոտ նույնպես բացակայում է։

Վերարտադրողական վարգագիծն ու կենսաշրջան[խմբագրել]

Էգի բեղմնավորումը տևում է մեկ րոպե և բավարարում է մի քանի տասնյակ անգամներ ձվադրում իրականացնելու համար։ Իր սեռի այլ կրետներից նա առանձնահատուկ է նրանով, որ ձվադրումից առաջ կեր որսալու համար չի սպանում իր որսին, այլ թունավորում է նրան այնպես, որ վերջինս հնազանդորեն հետևի իրեն իր բույնը։ Այս կրետները որսում են միայն Periplaneta americana (ամերիկյան խավարասեր)[1] տեսակի խավարասերներ, որոնք չափսերով իրենցից մեծ են։ Այդ պատճառով էգ կրետի մոտ հատուկ թույնի տեսակ է զարգացել, որով նա կարողանում է արգելափակել խավարասերի փախչելու դրդումները և “գրավել” նրա նյարդային համակարգի կառավարումը։

Թույնը արգելափակում է խավարասերի օկտոպամինային ընկալիչները (ռեցեպտորները), և խավարասերը՝ մոտ կես ժամ մարմինը մաքրելուց հետո (grooming)՝ ընկնում է հիպոկինետիկ վիճակի մեջ։ Այդ վիճակը տևում է 2-5 շաբաթ և բնորոշվում է նրանով, որ խավարասերը դադարում է ինքնուրույնորեն շարժվել և դառնում է լիովին հնազանդ կողմնակի ազդեցությանը։ Կրետը այդպիսով հնարավորոթյուն է ստանում նրան՝ շնաթոկի պես բեղիկից բռնելով, իր բույնը տանել և այնտեղ կենդանի թողնելով ձվադրել նրա վրա։ Տեղափոխման ընթացքում խավարասերի քայլում է լիովին իր հաշվին, սակայն առանց արտաքին ազդեցության անկարող է լինում գործել։

Խավարասերի վրա հարձակման ընթացք[խմբագրել]

Այլ գիշատիչների համեմատ զմրուխտյա կրետները խավարասերների այս տեսակին համեմատաբար քիչ վնաս են հասցնում։ Ենթադրվում է, որ խավարասերների մոտ նրանց հակազդելու մեխանիզմ չի զարգացել հենց այդ պաճառով։[2]

Հիպոկինետիկ վիճակում խավարասերի մոտ 2\3-ով կասեցվում է նյութափոխանակությունը, և նա սկսում է երեք անգամ քիչ թթվածին օգտագործել։[3] Խավարասերը մոտեցող վտանգի մասին սովորաբար իմանում է հորիզոնական մակերեսային օդային տատանումների շնորհիվ, որի պատճառով կրետին առաջին հարձակումը հաջողվում է հանկարծակիորեն իրականացնել։

Հարձակման ընթացքում կրետը երկու անգամ է խայթում իր զոհին։ Առաջին խայթի ժամանակ թույնը ներարկվում է խավարասերի ստորկերակրափողային գանգլիա (Subesophageal ganglion) և անշարժեցնում է նրա վերին վերջույթները։ Ավելի ազատ գործելու հնարավորություն ստանալով կրետն ապա իր խայթիչը մտցնում է խավարասերի գլխային խիտինի շերտերի արանքը, ուղղում այն խավարասերի վերկերակրափողային գանգլիան (ուղեղը) և այնտեղ ներարկում իր թույնը։

Երկրորդ խայթոցից հետո մոտ եռեսուն րոպե խավարասերի մոտ ինքնամարքրման ռեֆլեքսի ակտիվացում է նկատվում, որից հետո նա վերջնականապես ընկնում է հիպոկինետիկ վիճակի մեջ։ Խայթից հետո զմրուխտյա կրետը հատում է խավարասերի բեղիկների ծայրերը և սնվում նրա արյունավշով։ Ենթադրվում է նաև, որ նա դա անում է ներարկված թույնի մակարդակը կարգավորելու համար, որպեսզի խավարասերն ավելցուկից չսատկի։ Կրետն ապա խավարասերի բեղիկից բռնելով քաշում-տանում է նրան իր բույնը, ձվադրում նրա փորի վրա[4] և ապա մեկուսացնում նրան այնտեղ, որպեսզի զարգացման ընթացքում իր ճիճուն արտաքին միջավայրից պաշտպանված լինի։

Ճիճուն՝ ձվից դուրս գալուց 2-3 օր հետո, վերք է բացում խավարասերի վերջույթի վրա և սկսում սնվել նրա արյունավշային համակարգից։ Ապա՝ բավականաչափ զարգանալով, նա սկսում է ճանապարհ բացել դեպի խավարասերի ներսը և ապա՝ սնվել արդեն նրա ներքին օրգաններով։ Սննդի մատչելի պաշարների առավել երկար պահպանման համար նա դա անում է այնպիսի հերթականությամբ, որ խավարասերը հնարավորինս երկար կենդանի մնա։ Դրանից մոտ հինգ օր հետո խավարասերը սատկում է, իսկ ճիճուն՝ մոտ ութ օր խավարասերով սնվելուց հետո, նրա էկզոկմախքի մեջ մնալով հարսնակավորվում է։

Նոր կրետը խավարասերի կմախքից դուրս է գալիս մոտ վեց շաբաթ անց և սկսում նոր կենսացիկլը։

Գիտական հետաքրքրություն[խմբագրել]

Իր յուրահատուկ վարքագծով և ունակություններով կրետի այս տեսակը գիտնականներին հնարավորություն է տալիս ուսումնասիրություններ անց կացնել մի քանի տարբեր բնագավառներում եղած խնդիրների և հարցերի շուրջ։ Ակնեղենի կրետի նման նուրբ հարմարվածությունը մեկ այլ կենսատեսակի կենսական հատկություններին և թուլություններին կարևոր ենթատեքստային տեղեկատվություն է տալիս էվոլյուցիոն գործընթացի ընթացքի մասին, որի հիման վրա հետագայում հնարավոր է որոշ կարևոր հետևություններ և ճշտումներ արվեն։ Նրա թույնի ազդեցության ուսումնասիրությունը թույլ է տալիս նոր ենթադրություններ անել նյարդային համակարգի գործունեության և դրանում ներգրավված ենթատարրերի նշանակության և կարևորության մասին։

Նեյրոնային տեսանկյունից խավարասերի հիպոկինետիկ վիճակը բնորոշվում է օկտոպամինի ներծին ) (էնդոգեն) սեկրեցիայի ճնշմամբ։ Օկտոպամինը մոնոամինի տեսակ է, որը լայնորեն կիրառվում է անողնաշարավորների նյարդային համակարգում և ներյոփոխադրիչի (ներյոտրանսմիտտերի), նեյրոհորմոնի և նեյրոմոդուլյատորի ֆունկցիաներ է կատարում։ Անողնաշարավորների մոտ այն՝ ինչպես ողնաշարավորների մոտ նորադրենալինը, օգտագործվում է էներգատար գործողություններում, (energy-demanding behaviors) որոնցից են թռիչքը, ձվադրումը և այլն։

2007թ.-ին Իզրայելում անց են կացվել թեմատիկ հետազոտություններ, որոնց նպատակն է եղել պարզել, թե որքանով է կրետի ազդեցությունը պայմանավորված խավարասերի նյարդային համակարգում գործող օկտոպամինային և դոպամինային ցանցերի վնասմամբ կամ ընկճմամբ։ Խավարասերի արյունավշային համակարգ օկտոպամինի ռեցեպտորների ագոնիստ հանդիսացող քլորդիմոֆորմի ներարկումը հանգեցրել է նրա շարժական ունակությունների մասնակի վերականգնմանը։ Սակայն այդ ազդեցությունը ժամանակավոր բնույթ է կրել, և զանգաձև ուժեղանալուց և թուլանուց հետո մոտ հինգ օր անց սպառվել է։ Նման սկզբունքով հակադարձ ազդեցության հասնելու համար հաջողությամբ փորձարկվել է օկտոպամինային ընկալիչների անտագոնիստ հանդիսացող էպինաստինի (epinastine) արյունավշային ներարկումը։ Փորձարկված դոպամինային ընկալիչների ագոնիստները, սակայն, խավարասերների շարժունակության վրա ազդեցություն չեն ունեցել։

Ուսումնասիրության արդյունքներն, այդպիսով, թույլ են տալիս եզրակացնել, որ կրետները խավարասերներին կարողանում են շարքից հանել թույնի միջոցով նրանց օկտոպամինի ներծին պաշարների սպառմամբ կամ դրանց արտադրության դադարի շնորհիվ։[5]

Կիրառումը որպես միջատների թվաքանակի կառավարման միջոց[խմբագրել]

Իրենց գիշատիչ հակումների համար 1941թ.-ին զմրուխտյա կրետներին փորձել են գործադրել Հավայան կղզիներում ամերիկական խավարասերից շաքարեղեգի պաշարների պաշտպանության համար, սակայն նախագիծը ձախողվել է, քանի որ կրետները՝ խավարասեր որսացող այլ գիշատիչների համեմատ, պասիվ են (լաբորատոր պայմաններում շաբաթական ընդամենը երեք հատ են որսում)։ [6][7]

Մշակութային արձագանք[խմբագրել]

  • գոյություն ունի ֆանկ, մետալ և թրեշ ժանրերում գործող համանուն երաժշտախումբ, որն անվանվել է այդպես նրա անդամներից մեկի այդ միջատով տարավածության պատճառով;[8]
  • Deadrising հորրոր համակարգչային խաղի սցերանում ներգրավված է գենետիկորեն մոդիֆիկացված Ampulex Compressa Giganteus կրետի ֆիկտիվ տեսակը, որի միջոցով տարածվում է զոմբիների համաճարակը։[9]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Թեմատիկ գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Haspel, G., Rosenberg, L. A. and Libersat, F. (2003). Direct injection of venom by a predatory wasp into cockroach brain. J. Neurobiol. 56,287 -292.
  2. (անգլ.) The Wisdom of Parasites, discovermagazine.com — “Մակաբույծների խելացիությունը”
  3. (անգլ.) նույն էջում
  4. Տեխնիկապես այս կրետները ոչ թե մակաբույծ են, այլ էկզոմակաբույծ, ք.ո. Էգը ձվադրում է ոչ թե տիրոջ մեջ, այլ նրա վրա (նրա կողքը)։
  5. Octopamine partially restores walking in hypokinetic cockroaches stung by the parasitoid wasp Ampulex compressa — «Discussion»
  6. Williams, F. X. (1942) "Ampulex compressa (Fabr.), a cockroach-hunting wasp introduced from New Caledonia into Hawaii". Proc. Hawaiian Entomological Society, 11:221–233.
  7. թեմայի ուսումնասիրմամբ զբաղվող գիտնական Գել Հասփելի մեկնաբանությունները բլոգային թեմատիկ հոդվածի էջում
  8. “Ampulex compressa” on MySpace, Bio
  9. Deadrising Wiki — Ampulex Compressa Giganteus