Երվանդակերտի իշխանական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդակերտի իշխանական ապարանք
Նկարագրություն
Տեսակապարանք, պալատ, դղյակ և մշակութային արժեք
ՏեղագրությունԵրվանդակերտ
Հասցե1,5 կմ դեպի հյուսիս-արևելք
Վարչական միավորԲագարան
Երկիր Հայաստան
Համալիրի մասԵրվանդակերտ
Կառուցվածմ. թ. ա. 3
ԿառուցողԵրվանդ Դ Վերջին
Շինանյութբազալտ
Ավերվել է360
Կապված անձինքԵրվանդ Դ, Մովսես Խորենացի, Շապուհ Բ
Քարտեզ
Քարտեզ

Երվանդակերտի իշխանական ապարանք, իշխանական ապարանք (պալատ, դղյակ) Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Արշարունիք գավառում, Ախուրյան գետի ձախ ափին, Երվանդաշատ մայրաքաղաքի մոտ, Երվանդակերտ քաղաքատեղիում, որը նախկինում շրջապատված էր Ծննդոց անտառով, ներկայումս գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզում, Բագարան գյուղի մոտ, նրանից 1,5 կմ դեպի հյուսիս-արևելք[1]։ Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է ստացել 2023 թվականին և ներառվել է Բագարանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում[2][3][4]։

Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական Երվանդակերտը գտնվել է ներկայիս Բագարան գյուղի հյուսիսային մասում, Իսկ Երվանդաշատ քաղաքը նրա հարավային մասում։ Երվանդակերտի և Երվանդաշատի տեղադրությունը որոշվել է մասնագետների կարճատև այցելությունների և աղբյուրագիտական տվյալների հիման վրա։ Առաջին ուսումնասիրություններն այդ ուղղությամբ կատարել են Ղևոնդ Ալիշանը, Թորոս Թորամանյանն ու Բաբկեն Առաքելյանը։ Ներկայումս հստակ ճշտված է, որ Երվանդակերտը սահմանային ուղեկալի տարածքում է, Ախուրյան գետի ափին[1]։

Երվանդունիների հարստության վերջին թագավոր Երվանդ Դ-ի (մ.թ.ա. 220-201) կողմից մ.թ.ա. 3-րդ դարի վերջերին և մ.թ.ա 2-րդ դարի սկզբներին հիմնադրված և նրա անունը կրող երկու քաղաքների՝ Երվանդաշատի և Երվանդակերտի մասին հնագույն, առավել ընդարձակ և արժեքավոր տեղեկությունները հաղորդում է Մովսես Խորենացին (5-րդ դար)։ Նա առավել պատկերավոր նկարագրել է Երվանդակերտի տեղադրությունը. «Ինձ համար քաղցր է պատմել նաև գեղեցիկ Երվանդակերտ դաստակերտի մասին, որ նույն Երվանդը շինեց գեղեցիկ և չքնաղ հորինվածքով։ Որովհետև մեծ հովտի միջին մասը լցնում է բնակչությամբ և պայծառ շինություններով, լուսավոր, ինչպես աչքի բիբը, իսկ բնակության շուրջը կազմում է ծաղկանոցներ և բուրաստաններ, ինչպես բբի շուրջը աչքի մյուս բոլորակը։ Իսկ այգիների բազմությունը նմանվում էր խիտ արտևանունքի գեղեցիկ գծին, որի հյուսիսային կողմի կամարաձև դիրքը իսկապես համեմատվում էր գեղեցիկ կույսերի հոնքերին։ Իսկ հարավային կողմից հարթ դաշտերը (հիշեցնում էին) ծնոտների գեղեցիկ ողորկութունը»։ Խորենացին նշում է, որ Երվանդ թագավորը արքունիքը Արմավիրից տեղափոխում է Երվանդակերտ։ Այս վկայությունից պարզ երևում է, որ Երվանդակերտը թագավորի սեփական տիրույթ՝ դաստակերտ էր, կամ ձեռակերտ։ Նա հեռու չէր Երվանդաշատ մայրաքաղաքից և տեղադրված էր Ախուրյան գետի երկու ափին։ Երվանդակերտը Երվանդաշատի հետ միասին կործանվել է 360-ական թվականներին պարսից Շապուհ Բ արքայի կողմից[1][5][6]։

Հնագիտական ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երվանդակերտի ավերակներում, պահպանված ամրոցի վերնամասում, որտեղ կիսակլոր աշտարակն է, պահպանվել է իշխանական ապարանքը։ Այն կիսաավեր վիճակում է և, հավանաբար, բազմիցս վերանորոգվել է[1]։

1909 թվականին Թորոս Թորամանյանն այցելել է այս վայրերը և «Ախուրեան» թերթի № 65-ում տպագրել է «Երվանդաշատ և Երվանդակերտ» խորագրով ուշագրավ հոդվածը, որը հետագայում արտատպվել է նրա նյութերի ժողովածուի Ա հատորում։ Նա ձորի բարձրադիր լանջին տեսել է բազմաթիվ շինությունների մնացորդներ, «որոնցմե մեկուն տեղական բնակիչները ավանդաբար պալատ անունը կուտան։ Թեև բավականին հին շինություն է և զարմանալի կերպով մեծամեծ որձաքարերով հյուսված, սակայն պալատ համարվելու ամեն առանձնահատկություններե զուրկ է, թերևս եղած է մի մասնավորի մեծ բնակարան՝ երկհարկանի և քանի մը բաժանումներով»։ Այս շինությունից վերև Թորոմանյանը տեսել է միջնադարյան մի մատուռի մնացորդներ, որի հյուսիսային կործանված պատի վրա եղել է արձանագրություն։ Թորամանյանը այս ավերակները սխալմամբ վերագրել է Երվանդաշատ քաղաքին[1][7]։

Հետագայում, 1931 թվականին Իվան Մեշչանինովը Հայաստանի պատմության գիտական արշավախմբի կազմում լինելով Բագարանում այս շինության մասին գրել է, որ միջնադարյան այս կառույցի անկյունային շարվածքում օգտագործվել են մոտակա առավել հին շինությունների կիկլոպյան քարեր։ Նա համեմատել ու զուգահեռներ է անցկացրել Սերկևիլի նմանատիպ վաղ միջնադարյա դղյակի հետ և տպագրել է նաև շինության լուսանկարը[1][8]։

1951 թվականին հնագիտական արշավախումբը Բաբկեն Առաքելյանի գլխավորությամբ այցելել է Բագարան։ Նա գրել է. «Գյուղից 1,5 կմ դեպի վերև նկատեցինք հին հայկական շրջանի բազմաթիվ շինությունների մնացորդներ՝ ձորում և նրա բարձրադիր լանջին։ Դրանց թվում կային քառակուսի, համարյա բոլորակ կամ ձվածիր հատակագիծ ունեցող շենքերի հիմնապատեր, երեք տեղում պահպանված մինչև մուտքի բարավորը, … փոքր ինչ բարձրադիր տեղում կառուցված է եղել մի շենք՝ բազալտե մեծամեծ քարերով, որի հիմքերի վրա միջին դարերում փոքր քարերով և կրով կանգնեցվել է մի աշտարակ»։ Նրանք տեղանքը ուսումնասիրել են նաև 1961 թվականին և հրատարակել նաև շինության լուսանկարը[1][9]։

Մեր ժամանակներում Լիլիթ Միքայելյանը գրել է. «Ժամանակակից Բագարան գյուղի տարբեր մասերում հետախուզական աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել են բազալտե խոշոր, անմշակ քարերով կառուցված պատաշարերի հիմքեր (դրանց թվագրությունը դեռևս հստակ չէ)»[1][10]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշխանական ապարանքը (կամ դղյակ) գտնվում է Երվանդակերտ դաստակերտի ամրոցի վերնամասում, կիսակլոր աշտարակի մոտ։ Այն ուղղանկյուն քառանկուն շինություն է, հյուսիս-հարավ ուղղվածությամբ։ Մուտքը հարավային մասից է։ Վարազդատ Հարությունյանը, ով եղել էր Բաբկեն Առաքելյանի ղեկավարած արշավախմբում, ներկայացրել է շինության չափերը (15×15 մ) և նշել, որ անկյունում դրված են մեծածավալ սրբատաշ բազալտյա քարեր, որոնք նման են Գառնիի պարսպի քարերին։ Նա ներկայացրել է նաև այդ երեք քարերի չափերը (3,0 մ երկարություն, բարձրությունը՝ 0,76 մ, հաստությունը՝ 0,65 մ, երկրորդը՝ 2,80 × 0,80 × 0,65 մ, երրորդը՝ 1,74 × 0,76 × 0,60 մ)[1][11]։

Շինության արևմտյան և հյուսիսային մասերը ամբողջովին պարսպի փլատակների մեջ են։ Նկատելի է, որ շինությունը եղել է երկհարկանի, որից ոչինչ չի պահպանվել։ Իշխանական ապարանքի մոտ կան նաև այլ շինությունների ավերակներ, որոնք կարոտ են հնագիտական պեղումների[1]։

Երվանդակերտի իշխանական ապարանքը օգտագործվել է մ.թ.ա. 3-րդ դարից մինչև մեր թվարկության 4-րդ դարը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 «Իշխանական ապարանք Բագարան», Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն, վկայագիր պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի։
  2. «11 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել». escs.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «11 պատմամշակութային օբյեկտ հուշարձանի կարգավիճակ է ստացել». hetq.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. ««Հայրենիք» կինոթատրոնի շենքը հուշարձանի կարգավիճակ է ստացել». escs.am. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Մովսես Խորենացի, Պատմություն հայոց», թարգմ., ներած. և ծանոթ. Ստեփան Մալխասյանցի, Երևան, 1968, էջ 176։
  6. «Այրարատ, Բնաշխարհ Հայաստանեայց», Ղևոնդ Ալիշան, Վենետիկ, 1890, էջ 55-69։
  7. «Նյութեր հայկական ճարտարապետության պատմության», հ. Ա, Թորոս Թորամանյան, Երևան, 1942, էջ 283-284։
  8. И. Мещчанинов, Циклопические сооружения Закавказья, «Известия государственной Академии истории материальной культуры», том XIII, вып. 4-7, Ленинград, 1932 г., ст. 51, 90-94.
  9. «Որտեղ են գտնվել Երվանդաշատ և Երվանդակերտ քաղաքները», «Պատմա-բանասիրական հանդես», Բաբկեն Առաքելյան, Երևան, 1965, № 3, էջ 83-94։
  10. «Երվանդաշատի միջնադարյան հուշարձաններն ըստ պատմական աղբյուրների և հնագիտական նորագույն ուսումնասիրությունների», «Պատմություն և մշակույթ հայագիտական հանդես», հ. Ա, Լիլիթ Միքայելյան, Երևան, 2013, էջ 245։
  11. В. Арутюнян, К вопросу о градостроительной култьуре древней Армении, «ԳԱ Տեղեկագիր հասարակական գիտությունների», 1955, № 9, ст. 56-58.