Երգի և պարի անսամբլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անսամբլ երգի և պարի (ժողովրդական երգի և պարի անսամբլներ), գեղարվեստական կոլեկտիվ, որի ելույթներում միահյուսվում են երգեցողությունը (երգչախումբ, երգիչների անսամբլ, մեներգիչներ), գործիքային երաժշտությունը (նվագախումբ կամ ժողովրդական գործիքների անսամբլ, դաշնամուր և այլն), պարը, ինչպես և գեղարվեստական խոսքը (ասմունք, երկխոսություններ և այլն)։ Ծրագիրը սովորաբար թատերականացված է, կարող է ունենալ միջանցուկ թեմա կամ կազմված լինել առանձին համարներից։

Խորհրդային Միության տարիներին խոշոր կոլեկտիվներից են համարվել՝ Ա. Վ. Ալեքսանդրովի անվան խորհրդային բանակի երգի և պարի անսամբլը (1928), ԽՍՀՄ ժողովրդական պարի անսամբլը (1937), «Բերյոգկա» ժողովրդական պարի անսամբլը (1948), Հայկական ժողովրդական երգի-պարի վաստակավոր անսամբլը (1938), Հայաստանի պարի պետական անսամբլը (1958), Ադրբեջանական ԽՍՀ երգի և պարի պետական վաստակավոր անսամբլը (1938), Լիտվական ԽՍՀ երգի և պարի պետական վաստակավոր «Լետուվա» անսամբլը (1940), Ղազախական ԽՍՀ երգի և պարի պետական անսամբլը (1955), Վրացական ԽՍՀ ժողովրդական պարի անսամբլը (1945), Ուզբեկական երգի և պարի պետական անսամբլը (1939), Ուզբեկական պարի «Բախոր» պետական անսամբլը (1957), Դ. Դ. Վերյովկայի անվան ուկրաինական ժողովրդական պետական երգչախումբը (1943), Ուկրաինական ԽՍՀ պարի պետական վաստակավոր անսամբլը (1954) և այլն։ Անսամբլ երգի և պարի գեղարվեստական ձևերը կիրառում են բազմաթիվ երգչախմբային կոլեկտիվներ՝ Պյատնիցկու անվան ռուսական ժողովրդական երգչախումբը (1910), Հյուսիսային ժողովրդական երգչախումբը (1926), Վորոնեժի ռուսական ժողովրդական երգչախումբը (1943) և այլն։

Հայ իրականության մեջ ժողովրդական երգի ու պարի համադրմամբ բեմադրության առաջին փորձն արել է Քրիստափոր Կարա-Մուրզան՝ ստեղծելով արդի ժողովրդական երգի-պարի անսամբլի նախատիպը։ 1930-ական թվականներից հիմնադրվել են ազգային ցայտուն նկարագրով անսամբլներ, այդ թվում՝ Հայաստանի ժողովրդական երգի-պարի անսամբլը (1938), ավելի ուշ՝ Վանաձորի «Հորովել» (1958, 1972 թվականից՝ պետական), Ստեփանակերտի «Ղարաբաղ» (1967), Երևանի «Ակունք» (1976), «Կարին» (2001), «Մարաթուկ», «Սասուն» և այլ անսամբլներ, որոնց նպատակը հայ ազգային երգի ու պարի զարգացմանն ու տարածմանը նպաստելն է հայրենիքում և արտերկրում։

Հայկական ժողովրդական երգի-պարի վաստակավոր անսամբլի օրինակով կոլեկտիվներ են ստեղծվել սփյուռքում (ԱՄՆ-ում, Լիբանանում, ԵԱՀ-ում, Ֆրանսիայում, Արգենտինայում, Բուլղարիայում, Իրանում, Կանադայում

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 435
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։