Եկատերինա II-ի հուշարձան (Կրասնոդար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկատերինա II-ի հուշարձան
Եկատերինա II-ի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Բարձրություն13,8 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնոդար
Շինության ձևՀուշակոթող
Նյութբրոնզ, Թուջ, ալյումին և նրբաթերթ ոսկի
Ներկա վիճակԿանգուն
 Catherine II Monument (Krasnodar) Վիքիպահեստում

Եկատերինա II-ի հուշարձան (ռուս.՝ Памятник Екатерине II), հուշակոթող Կրասնոդարում ի պատիվ Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա II-ի։ Բացվել է 1907 թվականին, ավերվել է բոլշևիկների կողմից 1920 թվականին, վերականգնվել 2006 թվականին[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայսրուհու մի ձեռքին գայիսոն է, մյուսին` աշխարհագունդ[1], իսկ ինքը պատկերված է իմաստուն և վեհապանծ` թագավորական ծիրանիով։ Պատվանդանի կենտրոնական մասը զբաղեցնում է 1792 թվականի հուլիսի 1 (12)-ի շնորհագրի տեքստը[1][2]։ Ձախից մարտական դրոշների և ռազմական նշանների ֆոնին պատկերված է իշխան Գրիգորի Պոտյոմկինը։ Աջից կանգնած են Սևծովյան կազակական զորքերի առաջին երեք կոշային ատամաններ Անտոն Գոլովատին, Սիդոր Բելին և Զախարի Չեպեգան։ Հուշարձանի հետնամասում պատկերված են ուղեկցող շան հետ կույր կոբզարը, ինչպես նաև Կուբանի կազակների մասնակցությամբ Ռուսաստանի տարած հաղթանակների ցուցակը[3][4]։

Հուշարձանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1907 թվականին տեղադրված հուշարձանը

Հուշարձանի նախագիծը մշակել է հայտնի նկարիչ և քանդակագործ Միխայիլ Միկեշինը 1895 թվականին Կուբանի կազակական զորքի 200-ամյա հոբելյանի առթիվ[3]։ Վաղաժամ մահը Միկեշինին թույլ չի տվել ավարտել աշխատանքը, այն շարունակել է քանդակագործ Բորիս Էդուարդսը` հատուկ ռազմական շինարարական հանձնաժողովի անմիջական հսկողության ներքո։ Հուշարձանը հանդիսավորությամբ հիմնադրվել է 1896 թվականի աշնանը, իսկ բացումը տեղի է ունեցել միայն 1907 թվականի մայիսի 6-ին[4][5]։

1920 թվականին հուշարձանն ավերվել է բոլշևիկների կողմից։ Այն վերականգնվել է 2006 թվականին[4][5]։

Նոր հուշարձանը ստեղծել է կուբանցի հայտնի քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Ալեքսանդր Ապոլոնովը[3], որն իր աշխատանքում օգտագործել է հուշարձանի բրոնզե մոդելի լուսանկարները, արխիվային փաստաթղթեր և նկարներ։ Հուշակոթողը ձուլվել է Ռոստովի պետական համալսարանի գեղարվեստական ձուլման արվեստանոցում, ճարտարապետական-քանդակագործական ատրիբուտները պատրաստել է Կրասնոդարի կոմպրեսորների գործարանը[4]։

2011 թվականին Սոչիում նույնպես բացվել է Եկատերինա II-ի հուշարձանը, որը կրասնոդարյանի փոքրացված պատճենն է[1]։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանի բարձրությունը 13,81 մետր է, ողջ համալիրի լայնությունը` 16 մետր։ Եկատերինայի քանդակի բարձրությունը 4 մետր է, կշռում է 3 տոննա։ Ընդամենը քանդակագործական կոմպոզիցիան պատրաստելու համար օգտագործվել է 25 տոննա բրոնզ, 12 տոննա թուջ, 250 կգ ալյումին և 80 գրամ նրբաթերթային ոսկի։

Գտնվելու վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը գտնվում է քաղաքի գլխավոր առանցքում` Կրասնայա փողոցում, Եկատերինյան պուրակում։ Հուշարձանի դիմաց Կրասնոդարի երկրամասի օրենսդիր ժողովի շենքն է։ Աջից զորական տաճարն է, որն անվանվել է ի պատիվ իշխան Ալեքսանդր Նևսկու։ Տաճարը հիմնադրված է զորքերի միջոցներով 1853 թվականին և վերականգնվել է, ինչպես և Եկատերինայի հուշարձանը, 2006 թվականին[5]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Памятник Екатерине II». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.
  2. «17.058.—Июля 1. Жалованная грамота войску Черноморскому.— О вспоможенiи козакамъ переселяющимся на новопожалованныя сему войску земли». 1.7.1792 года
  3. 3,0 3,1 3,2 «Памятник Екатерине II».
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Памятник Екатерине II (Краснодар)».
  5. 5,0 5,1 5,2 «ПАМЯТНИК ЕКАТЕРИНЕ II В ЕКАТЕРИНИНСКОМ СКВЕРЕ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 14-ին.