Ալեքսանդր Նևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Նևսկի

Ալեքսանդր Նևսկին
Ծնունդ 30, մայիսի (1220-05-30)
Վախճան 14 նոյեմբերի 1263 (43 տարեկան)
Եկեղեցի(ներ) Ռուս ուղղափառ եկեղեցի
Սրբացված 1547 թ.
Պաշտամունքի վայր(եր) Վլադիմիր; Պերեսլավլ-Զալեսկի, Սանկտ Պետերբուրգ
Հիշատակության օր Նոյեմբերի 23
մայիսի 23
օգոստոսի 30
Սուրբ հովանավոր Զինվորներ
Commons-logo.svg Վիքիպահեստում

Ալեքսանդր Նևսկի (ռուս.՝ Алекса́ндр Яросла́вич Не́вский; մայիսի 30, 1220նոյեմբերի 14, 1263), ռուս զորավար, պետական գործիչ. եղել է Նովգորոդի իշխան (1236-50 թթ.) և Վլադիմիրի մեծ իշխան (1252–63 թթ.)։ 19-ամյա Ալեքսանդրը՝ Յարոսլավ իշխանի որդին, նովգորոդյան փոքրաթիվ զորքով 1240 թ-ի հուլիսի 15-ին հարձակվել է շվեդական ճամբարի վրա՝ Նևայի գետաբերանում, և ջախջախել ու փախուստի մատնել նրանց։ Այդ հաղթանակի համար Ալեքսանդրին տրվել է Նևսկի պատվանունը։ 1242 թ-ի ապրիլի 5-ի վճռական մարտում ռուսական բանակը՝ Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ, Չուդ լճի սառույցի վրա ջախջախել է գերմանական խաչակիր ասպետներին։ Ճակատամարտը հայտնի է Սառցաջարդ անունով։ Ալեքսանդր Նևսկին միավորել է Ռուսիայի հյուսիսարևելյան և հյուսիս-արևմտյան հողերը, կոտրել բոյարների դիմադրությունը, ամրապնդել կենտրոնական իշխանությունը։ Շրջահայաց քաղաքականությամբ կանխել է Ռուսիայի դեմ մոնղոլ-թաթարների արշավանքները։ Մահացել է Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայ-Բաթուից վերադառնալիս։ Ի պատիվ Ալեքսանդր Նևսկու՝ Ռուսական կայսրությունում 1725 թ-ին սահմանվել է շքանշան, իսկ 1942 թ-ի հուլիսի 29-ին՝ «Ալեքսանդր Նևսկի» խորհրդային զինվորական շքանշանը։ 1547 թ-ին Ալեքսանդր Նևսկին կարգվել է Ռուս ուղղափառ եկեղեցու սրբերի դասը։ Նրա անունով կառուցվել են եկեղեցիներ, ստեղծվել է նրա սրբապատկերը։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png