Դաջում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաջում, դաջարվեստ, դաջվածք, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ, գործվածքի վրա կաղապարով գունավոր զարդեր դաջելու եղանակ։ Կաղապարներ են ծառայում փորագրված զարդերով փայտե տախտակները կամ տախտակի վրա պղնձե թերթերի, լարերի, գամերի միջոցով հավաքված զարդաձևերը (հավաքովի կաղապարներ)։

Ենթադրվում է, որ Հայաստանում դաջումը տարածվել է IX−X դդ.։ Հայկական դաջովի գործվածքների մեզ հասած հնագույն օրինակները XIV դ. կազմաստառներն են և ձեռագիր մատյանների հետ պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Հայկական դաջվածքը խմբավորվում է ըստ ոճական առանձնահատկությունների զարդամոտիվի ընդհանրության, գունային գամմայի և կատարման ժամանակի։ Բազմազան կերպափոխումներով կիրառվել են պարզ, սակավաթիվ զարդամոտիվներ (բուսական, երկրաչափական, կենդանական, ճարտարապետական, հերալդիկ և այլն)։ Հայկական դաջովի գործվածքների հատուկ ճյուղն էին «կապույտ սփռոցները», որոնց կապույտ ֆոնը զարդարվում էր ձկների, ճաշի սպասքի ավանդական սպիտակ գծանկարով։ XVII−VIII դդ. հայկական դաջածո գործվածքները Եվրոպայում ունեին հնդկականի արժեք։ XVIII դ. գործվածքներից հայտնի է Ալեքսեյ Միխայլովիչ ցարի վրանը, որը դաջազարդել է Բոգդան Սալթանովը։ Դաջագործության առաջին ֆաբրիկաները Ֆրանսիայում XVIII դ. հիմնել են հայազգի Դոմենիկո Ալլիան (Էլլիա), Ժորժ դը Մարտենը և Ժոզեֆ դը Սիմոնեն, որոնք կիրառել են բնական, կայուն ներկեր։ Մինչև չթատպիչ մեքենայի ստեղծումը (XVIII դ. վերջ) անգլիացիները դաջովի գործվածքներ էին պատվիրում Սպահանի հայ դաջագործներին։ Մեքենայական արտադրության պայմաններում (XVIII դ.) հայ վարպետները շարունակել են դաջման ավանդական տեխնիկան եկեղեցիների բեմավարագույրներ ստեղծելիս։ Այս ասպարեզում մասնագիտացել են Հայաստանի, Հնդկաստանի, Պարսկաստանի, Թուրքիայի հայ դաջագործները։

Նոր տեխնիկական միջոցներով է կատարվում ժամանակակից դաջումը։ Զարգացած մեքենայական արտադրության արդյունք են Երևանի մետաքսի կոմբինատի դաջածո գործվածքները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тараян З., Армянская набойка, Ереван, 1978.

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական համառոտ հանրագիտարան. Հատոր 1, 1990
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 291