Արմեն Սաֆարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սաֆարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արմեն Սաֆարյան | |
---|---|
Ծնվել է | 1958 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 25, 2023[1] |
Մահվան վայր | Երևան, Հայաստան[1] |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ |
Արմեն Սուրենի Սաֆարյան (1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 25, 2023[1], Երևան, Հայաստան[1]), ռեժիսոր, բեմադրիչ, Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի (UNIMA-Հայաստան) նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2010)[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Սուրենի Սաֆարյանը ծնվել է 1958 թվականին Երևանում՝ նկարիչ Սուրեն Սաֆարյանի ընտանիքում։ 1980 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը, ապա ուսումը շարունակել Մոսկվայում՝ անցնելով տիկնիկային թատրոնների գլխավոր ռեժիսորների դասընթացներ[2]։
1988 թվականին կազմակերպել է ստվերների տիկնիկային թատրոնի թատերախումբը, իսկ 1989-1992 թվականներին եղել է Գյումրու Պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բեմադրիչը։ 1992 թվականից մինչ իր մահը ղեկավարել է Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնը։ 1999-2000 թվականներին եղել է Երևանի խամաճիկների պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 2006 թվականին հիմնել է «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային փառատոն նաև 16 տիկնիկային փառատոն Հայաստանում և Արցախում։ «Տիկնիկները հանուն խաղաղության» համաշխարհային երթի նախաձեռնողն է[2]։
Մահացել է 2023 թվականի ապրիլի 25-ին Երևանում[3]։
Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակել է 37 տիկնիկային հեռուստաներկայացումներ, 2 ռադիոբեմադրություն, 56 տիկնիկային բեմադրություն[4], որոնց թվում՝
- «Մատնաչափիկը»,
- «Դեկամերոն»,
- «Խելոքն ու հիմարը»,
- «Ամանորի հանդես»,
- «Սատանան ու Բիթլիսցին»,
- «Սագը»,
- «Պույ-պույ մկնիկը»,
- «Սասունցի Դավիթ»,
- «Քեֆ անողի քեֆը չի պակսի»,
- «Լեոնարդո դա Վինչիի առակները և հեքիաթները»,
- «Կամակոր արքայադուստրը»,
- «Զգուշացի՛ր, ականներ են»,
- «Ներիր ինձ Տեր» և այլն։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմեն Սաֆարյանը ռուսերենից հայերեն թարգմանել էլ «Բեմբի» հեքիաթը, հայերենից անգլերեն՝ Նահապետ Քուչակի «Հայրենները»[5]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ (2010)
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (2011)
- Հայաստանի գրողների միության «Հովհաննես Թումանյան» մեդալ (2019)[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայ տիկնիկային արվեստը անդառնալի կորուստ կրեց
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 ԿԳՄՍՆ, ՀՀ. «Հայ տիկնիկային արվեստը անդառնալի կորուստ կրեց». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Փաշինյանի որոշմամբ Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով». news.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Արմեն Սաֆարյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման հանձնաժողով». /iravaban.net. 2023 թ․ ապրիլի 27.
- ↑ Mitk.am (2023 թ․ ապրիլի 28). «ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Արմեն Սաֆարյանի հուղարկավորության կազմակերպման հանձնաժողով» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.