Արծաթի բրոմիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արծաթի բրոմիդ, AgBr, արծաթի և բրոմի քիմիական միացությունը։ Բրոմ–ջրածնական թթվի աղն է։ Բնության մեջ հանդիպում է բրոմարգիրիտ միներալի ձևով։ Դեղնավուն բյուրեղներ են։ Արծաթի բրոմիդի հալման ջերմաստիճանը 420–430°C է, քայքայվում է 700°C-ում, խտությունը՝ 6473 կգ/մ³։ Ջրում գործնականորեն չի լուծվում։ Լուծվում է սպիրտում, ազոտական թթվում, թիոսուլֆատների լուծույթներում և այլն։ Կլանում է ամոնիակ՝ առաջացնելով կոմպլեքսային միացություններ, օրինակ՝ [Ag (NH³)³]Br։ Արծաթի բրոմիդը լույսի ազդեցությունից քայքայվում է։ Ստացվում է բրոմաջրածնի կամ նատրիումի բրոմիդի և արծաթի նիտրատի լուծույթների փոխազդմամբ։ Որպես լուսազգայուն նյութ օգտագործվում է լուսանկարչական թաղանթներ պատրաստելու համար։ Արծաթբրոմիդային լուսանկարչական թղթերն ունեն բարձր լուսազգայնություն և փոքր շղարշառաջացում։ Արծաթի բրոմիդը օգտագործվում է նաև որպես կատալիզատոր՝ օլեֆինների սինթեզում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png