Ասիայի տիրակալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասիայի տիրակալ (հուն․՝ Κύριος της Ασίας), միապետական տիտղոս, որը տրվել է Մակեդոնական կայսրության հիմնադիր Ալեքսանդր Մակեդոնացուն՝ մ․թ․ա․ 331 թվականի հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած Գավգամելայի ճակատամարտում Դարեհ Կոդոմանոսի գլխավորած աքեմենյան բանակի ջախջախումից հետո[1]։ Մինչ այդ, արևելյան աշխարհակալ միապետները հորջորջվում էին «հզոր արքա», «մեծ արքա» կամ եզակի դեպքերում «արքայից արքա» պատվավոր տիտղոսներով։ Ալեքսանդր Մակեդոնացին իր կառավարման ժամանակահատվածում (մ․թ․ա․ 336-323 թվականներ) հորջորջվում է նաև «Մակեդոնիայի արքա» և «Եգիպտոսի փարավոն» տիտղոսներով։ Մերձավոր Արևելքի անապատներում բնակվող արաբների դեմ նախատեսվող արշավանքի սկսվելուց հինգ օր առաջ Ալեքսանդր Մակեդոնացին ծանր հիվանդանում է։ Հիվանդությունն արագորեն տարածվում է և արդեն հունիսի 7-ին աշխարհակալ արքան չէր կարողանում ոչ մի բառ արտաբերել։ Տասն օրվա ընթացքում կատաղի համաճարակը «աշխարհի կեսի տիրակալին» զրկում է կյանքից։ Անժառանգ Ալեքսանդրը մահանում է մ․թ․ա․ 323-ի հունիսի 13-ին իր ընդարձակ երկրի նոր քաղաքամայր Բաբելոնում՝ ընդամենը 32 տարեկան հասակում։

Նրա մահվանից հետո վերջինիս ընտանիքի անդամների և զինակիցների միջև բռնկվում է երկարատև պայքար իշխանության համար, որը հայտնի է դառնում Դիադոքսների պատերազմ անվանումով։ Պատերազմի ավարտից հետո «Ասիայի տիրակալ» տիտղոսը փոխանցվում է իր իրավահաջորդներին՝ Անտիգոնեսների արքայատոհմի հույն արքաներին, Սելևկոսին և հելլենիստական Եգիպտոսի սատրապ Պտղոմեոսին։

Ավելի ուշ «Ասիայի տիրակալ» տիտղոսը ստանձնում է նաև աշխարհակալ արքայի որդին՝ Ալեքսանդր IV Մակեդոնացին, ում իշխանությունը սակայն տարածվում էր Մակեդոնական աշխարհակալության մի փոքր հատվածի վրա։

Ասիայի տիրակալների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Britannica reference on Lord of Asia». Վերցված է 2010 թ․ հունվարի 8-ին.