Ակնա գավառակ
Ակնա գավառակ (թուրքերեն Էգին կազասը), գտնվում է Արևմտյան Հայաստանում, այժմ՝ Թուրքիայի Երզնկայի վիլայեթում։ Ակնա գավառակի հյուսիս-արևմուտքից դեպի հարավ–արևելք հոսում է Արևմտյան Եփրատ (Կարասու) գետը։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլիման բարեխառն է, առողջարար, օդը՝ մաքուր լեռնային դիրքի (բարձրությունը 2000-2300 մ), առատ ջրի և փարթամ բուսականության շնորհիվ։ Ձմեռը (հատկապես հունվարը) ցուրտ է, ամառը՝ տաք։ Աճում են ծիրան, խաղող, դեղձ, սալոր, թութ և այլն։
Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչական տեսակետից Ակնա գավառակը բաժանված էր 8 գյուղախմբերի (ընդամենը՝ 102 գյուղ)։ Գավառակը կառավարվում էր կայմակամի, իսկ գյուղախումբը՝ մյուդիրի կողմից։ Համաձայն 1885 թվականիի մարդահամարի, Ակնա գավառակում հայերը կենտրոնացած էին հետևյալ բնակավայրերում՝
- Ակն (5442 բնակիչ),
- Կամարակապ (1133),
- Ապուչեխ (1066),
- Բենկա կամ Բինկյան (874),
- Լիճք (507),
- Կարուշլա (204),
- Նարվեր (191),
- Վանք (180),
- Ձորակ (170),
- Շրզու (138)
- Մուշեղկան (62)։
Այս գյուղերում բնակվում էին նաև թուրքեր։ Բացի այդ կային թուրքացած հայ գյուղեր (Խաչուկիլ, Վարդանկիլ, Կնքահայրկիլ ևն), որոնց թիվն անցնում էր 40-ից։ Դրանց բնակիչները թուրքերից հալածվելով հարկադրաբար իսլամացել էին 16-17-րդ դարերում։
Լեզու[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսլամացած հայերի լեզվում, որ թուրքերենն էր, օգտագործվում էին ոչ քիչ թվով հայերեն բառեր։ Հայաբնակ բոլոր գյուղերում հայերն ունեին դպրոց, եկեղեցի, զանազան մշակութային միություններ։ Ապուչեխում կային «Վարագա սանուց» և «Արշալույս երիտասարդաց» միությունները, թատրոն և գրադարան, հրատարակվում էր «Մտրակ» թերթը, Կամարակապում՝ «Ազգանազյան», «Դպրոցասիրաց» և «Հույս ի պսակ» ընկերությունները և այլն։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայերն զբաղվում էին արհեստներով (հյուսնություն, կոշկակարություն, դերձակություն ևն), առևտրով, գյուղատնտեսությամբ։ Ապուչեխում հյուսում էին նրբաթել յազմաներ և դիմացկուն կերպասներ։ Հռչակված էին Կամարակապի ոսկերիչները, երկաթագործները և շերամապահները։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակնա գավառակի հայկական գյուղերը, կառուցված լինելով սարալանջերին, ունեին ամֆիթատրոնի տեսք։ Առհասարակ տները երկհարկ էին, բայց կային 3—4 հարկանի ևս։ Վանք գյուղից 1 կմ դեպի հյուսիս-արևելք եղած ուրարտական ավերակները վկայում են, որ ուրարտական շրջանում որոշ բնակավայրեր են եղել Ակնա գավառակում։ Ակնա գավառակի հայերը տեղահան արվեցին Մեծ եղեռնի ժամանակ։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 225)։ |