Ալեքսանդր Կուլեբյակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուլեբյակին, Ալեքսանդր Պարֆենտիի (ըստ այլ աղբյուրների ՝ Պարֆենի)

/29. 05. 1870/1871թ., Թերսկի մարզ՝ ստանիցա Չերվլյոնայա – 1923, Թիֆլիս, Վրաստան, ԽՍՀՄ/, ռուս զինվորական՝ կազակ, գեներալ-լեյտենանտ (1917)։ Գնդապետ Պ. Տ. Կուլեբյակինի որդին։ Բանաստեղծ, նաև հայ, վրաց, պարսկական պոեզիայի թարգմանիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թ. մայիսի 29-ին՝ Թերսկի մարզի Չերվլենայա ստանիցայում։

Կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգի 2-րդ կադետական կորպուսում։

Ծառայության է անցել 1887 թվականի օգոստոսի 30-ին։ 1889 թ.-ին ավարտել է Նիկոլայի հեծելազորային ուսումնարանը և որպես կորնետ մտել է Նորին Մեծության Սեփական պահակախւմբի կազմի մեջ (10.08.1889): Պոխեսաուլ (06.05.1900): Եսաուլ (06.05.1904): 1905 թ.-ից  երեք տարի և 11 ամիս եղել է պահակախմբի  4-րդ հարյուրյակի հրամանատար։ Գնդապետ՝ (20.01.1910), 2-րդ Լեռնա-Մոզդոկի գնդի արտոնյալ կազմի հրամանատար (05.11.1910-19.07.1912): 2-րդ Սունժեն-Վլադիկավկազի գնդի արտոնյալ կազմի հրամանատար (19.07.1912-14.08.1913): 1-ին Լեռնա-Մոզդոկի գնդի հրամանատար (14.08.1913-04.06.1915):

1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր։ Պատերազմի առաջին օրերից Կուլեբյակինը գնդապետի պաշտոնում ղեկավարել է Կարադերբենդի ջոկատը, որը սպասարկում էր Սարիղամիշի ջոկատի ձախ թևը։ Իր հրամանատարության ներքո քաջաբար մարտնչում էր 3-րդ Հայկական դրուժինան՝ Համազասպ Սերվաստյանի (Սրվանձտյանի) ղեկավարությամբ։ 1914 թվականի նոյեմբերի 4-ին՝ դրուժինան ժամանեց Դելիբաբա գյուղը, որտեղ այն ժամանակ գտնվում էր ռուսական ջոկատի շտաբը։ Նոյեմբերի 6-ին դրուժինան անցավ  գնդապետ Կուլեբյակինի ենթակայության տակ, ում ջոկատում էլ ստացել է մարտական մկրտություն՝ քրդերի դեմ մարտում։ 1914 թվականի դեկտեմբերի 25-ին, լինելով Բաշկեյսքի արիերգարդի պետ, գնդապետ Ա. Կուլեբյակինը Կովկասյան 1-ին բանակային կորպուսի հրամանատարին՝ գեներալ-մայոր Նիկոլայ Պրժևալսկուն զեկույց է ուղարկել` «Այսօր 3-րդ հայկական ջոկատը ժամանակավորապես դուրս է մնում ինձ վստահված ջոկատից՝ վերակազմավորելու և համալրելու իր կազմը՝ Կագիզմանում կորուստ կրելու պատճառով։ Ի պաշտոնե և իմ խղճով պարտավորված եմ վկայելու ողջ թիմի և հատկապես նրա պետ Համազասպի՝ ջանասեր ու անմնացորդ աշխատանքը» (մեջբերումը՝ ՀՀ-ի Կենտրոնական պետական պատմական արխիվ, ֆ. 121, ց. 1, գ. 5, թ. 20)[1]:

Կովկասյան 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պրժևալսկու հատուկ հրամանով Համազասպ Սրվանձտյանին տրվել է «Ազնիվ և քաջարի ծառայության համար» շնորհակալագիր։

Ա. Կուլեբյակինը, 1915 թվականի գարնանը, ռուսական բանակի ընդհանուր հարձակման, նրա նահանջի, ստեղծված ծանր դրության, Վանում պաշտպանական մարտերի մասնակիցն ու վկան էր[2]։

Ա․ Կուբելյակինը (առաջին շարքում) ռուսական զորամասի հրամանատարական կազմի հետ։ Վան 1915 թ․

«Վանեցիների ապստամբությունը պայմանավորված էր հայերի սիստեմատիկ հետապնդումներով՝ նրանք չէին թաքցնում Ռուսաստանի հանդեպ իրենց ձգտումները։ Թուրքերը ձգտում էին ամբողջ երկրում թուլացնել հայկական տարրի՝ տնտեսական սնանկացման, ինչպես նաև հայ ականավոր գործիչների զանգվածային ձերբակալությունների, ծեծի և եզակի սպանությունների միջոցով»,- գրում է Կուլեբյակինը[3]։

Ա. Կուլեբյակինը ղեկավարել է Կովկասի 4-րդ Կազակական դիվիզիայի 2-րդ բրիգադը (04.06.1915-06.12.1915թ.): Լավ ծառայության համար շնորհվել է գեներալ-մայորի կոչումով (06.12.1915, հ. 31.12.1914թ.)՝ նույն բրիգադի հրամանատարի պաշտոնում հաստատվելով (06.12.1915-13.07.1916թ.):

1915 թվականի նոյեմբերի 17-ից գեներալ-մայոր Ա. Կուլեբյակինը զբաղեցրել է Վանի ջոկատի պետի պաշտոնը։ Ջոկատի կազմում էին նաև 1-ին Հայկական դրուժինան՝ գեներալ Անդրանիկ Օզանյանի հրամանատարությամբ և 3-րդ Հայկական դրուժինան՝ Համազասպի գլխավորությամբ։

1916 թվականի հուլիսի 13-ից զբաղեցրել է Կովկասի կազակական 2-րդ դիվիզիայի հրամանատարի պաշտոնը։ Գլխավորել է Սոուջբուլագի ջոկատը։ Հուլիսի 28-ին զորամիավորման հրամանատարի հրամանով իր սկզբի տակ միավորեց Սոուջբուլագի և Թավրիզի ջոկատները։

1917 թվականի հունիսի 1-ից գեներալ-մայոր Ա.Կուլեբյակինը զբաղեցրել է Կովկասի 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։ Կորպուսին կից գործում էին Հայկական 1-ին, 2-րդ, 5-րդ հրաձգային գումարտակները։

1917 թվականին Ա. Կուլեբյակինին շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում։

1917 թվականի նոյեմբերին՝ թողել է ճակատը և մեկնել Թիֆլիս։

1918 թվականի օգոստոսի 1-ից՝ Կամավորական բանակի զինվորականան պաշտոնյաների ռեզերվում էր։

1920թ. ապրիլի 28-ին Բաքվում ձերբակալվել էր կարմիրների կողմից և տեղափոխվել Մոսկվա։  Կալանքի տակ էր Կոժուխովի ճամբարում (մինչև 23.04.1921 թ.):

Ավելի ուշ տեղափոխվել է հոսպիտալ, այնուհետև ազատ է արձակվել և մեկնել Թիֆլիս՝ ընտանիքի մոտ[4]։

Պարգևներ՝[խմբագրել | խմբագրել կոդը]

* Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1903)

* Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1906)

* Սուրբ Վլադիմիր 3-րդ աստիճանի շքանշան (1909)

* Սուրբ Վլադիմիր 4-րդ աստիճանի շքանշան (1913)

* Սուրբ Վլադիմիր  3-րդ աստիճանի շքանշանի Սուրեր (1915)

* Բարձրագույն բարեհաճություն՝ լավ ծառայության համար (25.07.1915)

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Կուլեբյակինը բանաստեղծ է և հայ, վրաց, պարսկական պոեզիայի թարգմանիչ։ Մասնակցել է Ս. Գորոդեցկու ստեղծած Թիֆլիսի «Բանաստեղծների արտադրամաս»-ի գործունեությանը։

Հայագետ, արվեստաբան Լևոն Լիսիցյանը գրում էր. «Զորավար Կուլեբյակինը, ինքը լինելով Տերսկի կազակներից, միշտ մեծ համակրանք և հետաքրքրություն է տածել հայ ժողովրդի հանդեպ, զգացել և հարգել է նրա ձգտումներն ու ցավը և հայտնի է եղել որպես անզիջում մտքի և լուսավոր հոգու մարդ»։

Ռուս գեներալի ստեղծագործական գործունեությունը անտարբեր չթողեց հայ ընթերցողին։ Հայկական «Վերաշինություն» կոմիտեն 1917 թվականին 3000 օրինակ տպաքանակով հրատարակել է Ա. Կուլեբյակինի «Մհերի դուռը» պոեմը /Սասունցի Դավթի և «Սասունցի խելագարներ» էպոսից՝ Փոքր Մհերի մասին հատվածի մշակումն է/։ Հրատարակվել է նաև «Վանի արձագանքներ» բանաստեղծությունների շարքը։

Պոեմը վերահրատարակվել է «Հայկական լրատու»-ի կողմից (Մոսկվա)։

Թիֆլիսում Ալեքսանդր Կուլեբյակինը բարեկամական հարաբերություններ է պահպանել հայ մշակույթի, գրականության և հասարակական ու քաղաքական գործիչների բազմաթիվ ներկայացուցիչների հետ։ Հատկապես մտերիմ հարաբերություններ է ունեցել հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հետ։

Ա. Կուլկբյակինը «Աղթամար» (հիմնված լեգենդի վրա), «Մասիսի խաչը. Երկու լեգենդ» (նվիրված Հովհ. Թումանյանին), «Նանե» պոեմների և Հայաստանին նվիրված բազմաթիվ բանաստեղծությունների հեղինակն է։

Ա. Կուլեբյակինը բավականին ակտիվ զբաղվել է թարգմանչական գործունեությամբ։ Այսպես, «Ars» ամսագրի 1918 թվականի 1-ին համարում հրապարակվել են նրա թարգմանությամբ Օմար Խայամի յոթ քառյակներ և Նիկո Բարատաշվիլիի «Ձի» բանաստեղծությունը։

Ա. Կուլեբյակինի գրչին են պատկանում նաև մի շարք պատմվածքներ (տպագրված են «Ծիածան» /«Ռադուգա»/ գեղարվեստագրական և հումորային հանդեսի 1919 թվականի 1-ին համարում)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուսական բանակը Մեծ պատերազմում՝ նախագծի քարտադարան. Քվեարկման մակարդակ։».
  2. Զաքարյան Ա. (– Երևան, 2003.). Կուլեբյակինը և Հայաստանը։.
  3. Զաքարյան Ա. (2001.). Բանաստեղծ-գեներալ Ալեքսանդր Կուլեբյակինը և Հայաստանը //. ԶՊատմաբանասիրական հանդես. էջեր – № 2. – էջ. 99-129։.
  4. ՀՀ կենտրոնական պետական պատմական արխիվ, ֆ. 121, ց. 1, գ. 5, թ. 20.