Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղ 2015, թենիսի կանանց զուգախաղի մրցաշար, թենիսի հիմնական՝ Մեծ Սաղավարտի, մրցաշարերից մեկը։ Անց է կացվել 2015 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 7-ը, Փարիզի «Stade Roland Garros» («Ռոլան Գարրոս մարզադաշտ») համալիրում, Ֆրանսիա։
Մրցաշարի գործող չեմպիոններն էին Սե Շուվեյը և Պեն Շուայը[1], սակայն Պեն Շուայը չէր մասնակցում մրցաշարին և Սե Շուվեյը համագործակցում էր իտալուհի Ֆլավիա Պենետայի հետ։ Քառորդ եզրափակիչում 4-րդ դասակարգված Շուվեյ-Պենետա զույգը զիջել է 2011 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղի մրցաշարի հաղթողներ Անդրեա Հլավաչկովա-Լյուսիա Հրադեցկա զույգին[2]։
Մրցաշարի հաղթողներ են դարձել 7-րդ դասակարգված զույգ Բեթանի Մատեկ Սանդսը և Լյուսիա Շաֆարժովան, ովքեր եզրափակիչում 3-6, 6-4, 6-2 հաշվով հաղթանակ են տարել 12-րդ դասկարգված Քեյսի Դելակուա-Յարոսլավա Շվեդովա զույգի նկատմամբ[3]։ Այդպիսով Բեթանի Մատեկ Սանդսը 2015 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում շահել է իր երկրորդ տիտղոսը, քանի որ երեք օր առաջ նա հաղթանակ էր տարել նաև խառը զուգախաղի մրցաշարում (Մայք Բրայանի հետ միասին)։ Այդ տիտղոսը ընդհանուր առմամբ նրա 4-րդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Լյուսիա Շաֆարժովայի համար դա երկրորդ տիտղոսն էր Մեծ Սաղավարտի մրցաշարերում։ Առաջինը նա նույնպես շահել էր Մատեկ Սանդսի հետ միասին չորս ամիս առաջ 2015 թվականի Ավստրալիայի բաց առաջնությունում, այդպիսով հաղթանակ տանելով Մեծ Սաղավարտի կանանց զուգախաղի երկու անընդմեջ մրցաշարերում։ Այդպիսով, նրանք դարձել են յոթերորդ զույգը Բաց դարաշրջանում, ում հաջողվել է մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տանել Մեծ Սաղավարտի առաջին երկու մրցաշարում[4]։ Այդ հաղթանակի շնորհիվ երկու թենիսիտուհիներն էլ տեղ զբաղեցրեցին կանանց զուգախաղի թենիսիստուհիների վարկանիշի առաջին տասնյակում՝ Շաֆարժովան 5-րդ, իսկ Մատեկ Սանդսը 6-րդ հորիզոնականներում։