Ֆիլիպ Իվանովսկին հանդես է եկել «Վարդար» և «Ռաբոտնիչկի» ակումբների երիտասարդական կազմերում։ Դրանից հետո խաղացել է «Ալյումինա» ակումբում։ 2004 թվականի ամռանը տեղափոխվել է Սկոպիե քաղաքի «Մակեդոնիա» ակումբ։ 2005/06 մրցաշրջանում թիմի հետ միասին զբաղեցրել է երկրորդ տեղը Մակեդոնիայի առաջնությունում՝ զիջելով «Ռաբոտնիչկի» ակումբին։ Ֆիլիպ Իվանովսկին 22 գոլով դարձել է երկրորդ լավագույն ռմբարկուն՝ զիջելով Ստևիցա Ռիստիչին, որը խփել էր 27 գոլ։ Այդ մրցաշրջանում թիմը նվաճել է նաև Մակեդոնիայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Շկենդիային» (3:2). Ֆիլիպ Իվանովսկին դարձել է գոլի հեղինակ ավելացված ժամանակում։ 2006/07 մրցաշրջանի երկրորդ կեսում անցկացրել է 16 խաղ և խփել 10 գոլ։
2007 թվականի ձմռանը տեղափոխվել է լեհական «Դիսկոլոբիա» ակումբ, որը նրա համար վճարել է 800 000 եվրո։ Էքստրակլասում նորամուտը կատարել է 2007 թվականի մարտի 3-ին՝ «Վիձևի» դեմ խաղում (0:0)[3]։ 2007 թվականին թիմի հետ միասին նվաճել է Լեհաստանի գավաթն ու Լեհաստանի սուպերգավաթը։
2008 թվականի ամռանը տեղափոխվել է Վարշավայի «Պոլոնիա», որտեղ նորամուտը նշել է 2008 թվականի օգոստոսի 16-ին՝ Կրակովի «Վիսլոյի» դեմ տնային խաղում (0:2)[4]։ «Պոլոնիայի» կազմում իր առաջին գոլը խփել է 2008 թվականի օգոստոսի 23-ին «Լոձի» դեմ խաղում (1:2)[5]։ 2008 թվականի օգոստոսի 29-ին կայացած «Շլյոնսկի» դեմ հաջորդ խաղում (3:0)[6] Իվանովսկին ձևակերպել է հեթ-տրիկ։
Ֆիլիպ Իվանովսկին հանդես է եկել Մակեդոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականում։ Մակեդոնիայի Հանրապետության ազգային հավաքականում նորամուտը կատարել է 2009 թվականի հունիսի 10-ին՝ Իսլանդիայի դեմ տնային խաղում (2:0)[7]՝ հանդիպման 66-րդ րոպեին փոխարինելով Ակո Ստոյկովին և 86-րդ րոպեին գրավելով Գուննլեյֆեր Գունլեյֆսոնի պաշտպանած դարպասը։