Ֆելիքս Կոստանդյան
Ֆելիքս Կոստանդյան | |
---|---|
Ծնվել է | 1929 |
Ծննդավայր | Օձուն, Հայաստան |
Մահացել է | 2011 |
Մահվան վայր | Օձուն, Լոռու մարզ, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1953) |
Մասնագիտություն | ճարտարագետ-մեխանիկ |
Ամուսին | Պայծառ Դիլբարյան |
Պարգևներ և մրցանակներ |
Ֆելիքս Հայկի Կոստանդյան (1929, Օձուն, Հայաստան - 2011, Օձուն, Լոռու մարզ, Հայաստան), ինժեներ-մեխանիկ, ՀԽՍՀ վաստակավոր շինարար (1972)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիքս Կոստանդյանը ծնվել է 1929 թվականին Լոռու մարզի Օձուն գյուղում։ 1953 թվականին ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոստանդյանի կինը բժշկուհի, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1970) Պայծառ Դիլբարյանն էր (1932, Սպիտակ - 2009, Օձուն), որը հատկապես ակտիվ գործունեություն է ծավալել երկրաշարժից տուժած տարածքներում։ Պարգևատրվել է Պատվո նշան շքանշանով (1966)[1]։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆելիքս Կոստանդյանն աշխատել է Կրասնոդարի երկրամասում, այնուհետև Ալավերդու քիմիական, ապա պղնձաքիմիական կոմբինատում։ Աշխատանքային գործունեությունը շարունակել է Ախթալշին տրեստում՝ որպես գլխավոր մեխանիկ, շինմեքենայացման գլխավոր վարչության պետ։ Երկար տարիներ եղել է շինմոնտաժային տրեստի կառավարիչ՝ ակտիվ մասնակցություն ունենալով Ալավերդու պղնձաքիմիական կոմբինատի շինարարական և արտադրատեխնիկական վերակառուցման աշխատանքներում։ Տրեստում նրա կառավարիչ աշխատելու ժամանակահատվածում վերակառուցվել է ոչ միայն պղնձաքիմիական կոմբինատը, այլև բուռն վերելք է ապրել նաև Ալավերդի քաղաքը։ Այստեղ ձևավորվել է Սանահինի նոր թաղամասը, կառուցվել են Ալավերդի-Սանահին ճոպանուղին, ավտոճանապարհը, դպրոցի, մանկապարտեզի, տեխնիկումի շենքերը, մշակույթի պալատը, հյուրանոցը։ Այդ տարիներին շինմոնտաժային տրեստի գործունեության շրջանակը ընդգրկել է նաև Ալավերդի քաղաքի վարչական տարածքի մեջ մտնող Սանահին, Ակներ, Թումանյան, Այրում, Ախթալա բնակավայրերը, նաև Ստեփանավանի, Թումանյանի, Կալինինոյիյի, Նոյեմբերյանի շրջանները[1]։
1981 թվականից Կոստանդյանը ղեկավարել է «Հանրապետական շինարարական կենտրոն» վերապատրաստման դպրոցը։ Նա նաև կազմակերպել է հանրօգուտ միջոցառումներ և նախաձեռնություններ, եղել է հասարակական ակտիվ աշխատող[2]։
Կոստանդյանը մեծ աշխատանք է կատարել Երևանաբնակ հայրենակիցների համախմբման, հայրենի բնաշխարհի հետ կապի ամրապնդման ուղղությամբ։ Երկար տարիներ գլխավորել է Երևանաբնակ օձունեցիների «Օձուն» և լոռեցիների «Թումանյան» հայրենակցական միությունը[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1971 թվականին Կոստանդյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով[1]։