Jump to content

Օծանելիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինթաժային օծանելիք հեղուկացրով
Օծանելիքների խանութի ներսում

Օծանելիք, պարֆյում (ֆր.՝ parfum), մաշկը, մազերն ու հագուստը բուրավետելու, ինչպես նաև բուժիչ ու թարմացնող–հիգիենիկ նպատակներով օգտագործվող նյութեր։

Հին Եգիպտոսում աստվածներին զոհաբերություններ մատուցելու ժամանակ օծանելիք էին օգտագործում։ Հենց հին եգիպատցիներն են այս եղանակով ստեղծել օծանելիքի արվեստը։ Բացի այդ, նույնիսկ Աստվածաշնչում է նշվում տարբեր անուշաբույր յուղերի օգտագործման առկայությունը։

Աշխարհում առաջին պարֆյումերը եղել է  Թապուտի անունով մի կին, որն ապրել է մ.թ.ա. 10-րդ դարում Միջագետքում և ծաղիկների, յուղերի քիմիական փորձերի արդյունքում ստեղծել է տարբեր բույրեր։ Նրա մասին հիշատակվում է պահպանված հին մագաղաթներում։

Հնագետները Կիպրոս կղզու տարածքում հայտնաբերել են հնագույն արհեստանոց, որտեղ պահպանվել են հին սրվակները, որոնք  փաստում են, որ տեղաբնիկները ժամանակին զբաղվել են օծանելիքի ստեղծման արվեստով։ Ի դեպ, այդ սրվակներն, որոնց մեջ եղել են տարբեր խոտաբույսեր, ծաղիկներ, համեմունքներ, մրգեր, փշատերևներ և նուշի կախարդական խեժեր խառնուրդներ,  ավելի  քան 4000 տարեկան են։

9-րդ դարում արաբ հնագետի կողմից գրվել է առաջին «Օծանելիքների գիրքը», որտեղ ներկայացվել է օծանելիքների ավելի քան 100 բաղադրատոմս և բուրմունք ստանալու բազմաթիվ եղանակներ։ Օծանելիքներն Եվրոպա են եկել իսլամական աշխարհից բավականին ուշ՝ միայն 14-րդ դարում։

1370 թվականին  Հունգարիայում առաջին անգամ ձեռնամուխ եղան օծանելիք պատրաստելուն՝ թագուհու պատվերով։ Հոտավետ  ջուրը հայտնի էր դարձել արդեն ամբողջ մայրցամաքում։ Իտալացիները Մեդիչիների շնորհիվ սկսեցին զբաղվել օծանելիքի պատրաստմամբ։ Հենց նրանք են Ֆրանսիայից հայտնի մի պարֆյումերի հրավիրել Իտալիա, որպեսզի նա ստեղծի մի օծանելիք, որը կթաքցներ մարմնի տհաճ հոտը։

Ֆրանսիական Գրաս քաղաքի հարևանությամբ մշակում և աճեցնում էին  հատուկ ծաղիկներ, որն հետագայում վերածվեց մի ամբողջ օծանելիքի արտադրության։ Ֆրանսիան  մինչ օրս համարվում է օծանելիքի արդյունաբերության աշխարհի կենտրոն։

XVIII դարում օծանելիքի օգտագործումը զանգվածաբար սկսում են տղամարդիկ։ Անուշաբույր նյութերով օծում էին իրենց աքսեսուարները, ներքնազգեստը։ Յուրահատուկ էին համարվում այն մարդիկ, ովքեր սեփական օծանելիքագործին էին վարձում, որպեսզի վերջինս պատվիրատուի համար անձնական յուրահատուկ բույր ստեղծեր։

Այս ժամանակաշրջանում հայտնի էին թեթև նյութերով պատրաստված հոտերը, ինչպիսիք են բերգամոտը, կիտրոնը։ Հիգիենիկ պրոցեդուրաներն այլևս չէին փոխարինվում բույրերի, այլ համատեղվում էին դրանց հետ։ Օծանելիք էին ավելացնում լոգարանների, բերանի ողողման համար նախատեսված ջրերի և հագուստի լվացման պարագաների մեջ։

XIX հարյուրամյակի սկզբում նոր կարիք զգացվեց բույրերի օգտագործման բնագավառում՝ չափավորություն։ Ողջունելի էր օծանելիքով թաշկինակների և ձեռնոցների օծումը, սակայն օծանելիքի հպումը մարմնին անցանկալի երևույթ էր դարձել։

XIX դարի վերջում օծանելիքը ստանում է սեռային տարբերակում. կանանց հոտերը սովորաբար ունենում էին մրգային-ծաղկային երանգներ, իսկ տղամարդկանց օծանելիքը պարունակում էր ցիտրուսներ, փայտանյութ։

XX դարում օծանելիքներ են արտադրվում հատուկ եղանակների կամ օրվա ժամերի համար նախատեսված։ Ձմեռային բույրերն ունեին թեթևակի կծվություն ունեցող, տաք երանգներ, ինչպես նաև խեժի մեծ կոնցենտրացիա։ Ամառային կոմպոզիցիաներում պարունակվում էին այնպիսի երանգներ, ինչպիսին վարունգինը, ձմերուկինը, ինչպես նաև ծովինն ու լեռնային թարմ օդինն են։ Սեռական տարբերակումը գործում է մինչ օրս, սակայն շատերն ուղղակի ընտրում և օգտագործում են այսօր այն, ինչը նրանց իսկապես դուր է գալիս։

Տարբերում են հեղուկ՝ բույրաջրեր (դուխի), օդեկոլոն, պինդ և չոր օծանելիք։ Բույրաջրերը հոտավետ նյութերի խառնուրդների սպիրտային (կամ ջրասպիրտային) լուծույթներ են, օդեկոլոնը դրանցից տարբերվում է հոտավետ նյութերի նվազ պարունակությամբ։ Հեղուկ օծանելիքները բաժանվում են էքստրա, Ա, Բ և Գ խմբերի, ծաղկի կամ երևակայական (ըստ օծանելիքի պատրաստողի երևակայության՝ արհեստական ստացած) հոտերով։ Պինդ օծանելիքի նատրիումի ատեարատի կամ ճարպանման այլ նյութերի սպիրտային լուծույթների թանձրուկներ են՝ հագեցած հոտավետ նյութերով։ Չոր օծանելիքները (կոչվում են նաև բույրաբարձիկ՝ սաշե) օծանելիքային բաղադրամասով հագեցած փոշեկերպ նյութեր են, գործվածքե կամ թղթե ծրարիկներով։

Կեղծ օծանելիքների վաճառք

Օծանելիքի պատրաստման համար հումք են ծառայում հոտավետ նյութերը (բնական և սինթետիկ), էթիլ սպիրտը, ջուրը (սովորաբար՝ թորած), որոշ ներկանյութեր, ինչպես նաև հոտավետ նյութերի ցնդելիությունը նվազեցնող ոչ հոտավետ նյութեր (օրինակ․ բենզիլբենզոատ

Ամենաթանկ և արժեքավոր օծանելիքները պատրաստվում են մաքուր յուղերից, խտացված և յուղային սերմերից, որոնք ստացվում են բույսերից կամ ծաղիկներից։ Բնական բաղադրիչներն ամենաթանկն են. հասմիկը, բուլղարական վարդը, ուդը, մուշկը և հիրիկը։ Աշխարհում ամենաթանկ բաղադրիչը մոխրագույն համպարն է, որն առաջանում է կաշալոտների մարսողական տրակտում, որքան էլ տարօրինակ չի հնչում։ Բաղադրիչի բարձր գինը պայմանավորված է նրանով, որ բնական աղբյուրը կորչում է, օրինակ՝ ուդի յուղը, կամ ստացվում է ոչ համապատասխան սեզոնին, ինչպես մադագասկարյան իլանգ-իլանգը։

Օծանելիքային բաղադրամասերն օգտագործում են նաև դիմահարդարման (կոսմետիկական միջոցների), բուրավետացման, ինչպես նաև լվացող նյութերին ու կենցաղային քիմիական արտադրանքին անհրաժեշտ հոտ տալու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 532