Բերանն ունի շարժուն կռճիկային ծնոտներ և դեպի ետ ուղղված կոնաձև ատամներ, որոնք դասավորված են մի քանի շարքով։ Բերանի խոռոչի հատակին գտնվում է լեզուն, որը լորձաթաղանթի ոչ մեծ ծալք է, պահվում է կենտ ենթալեզվային կռճիկի միջոցով և սեփական մկաններ չունի։ Բերանի խոռոչն առանց նկատելի սահմանի անմիջապես անցնում է լայն կլանի, որի պատերին են գտնվում խռիկային ճեղքերը։ Դրանց միջով սննդի դուրս ընկնելուն խանգարում են խռիկային աղեղների վրա նստած խռիկային առէջները, որոնք կռճիկային բնույթի են։ Կլանի ետևի մասից սկսվում է կերակրափողը, որն առանց նկատելի սահմանի անցնում է լայն U-աձև ստամոքսի։ Ստամոքսին հաջորդորդում է կարճ բարակ աղին, որն անցնում է ավելի լայն հաստ աղիի։ Վերջինիս հաջորդում է ուղիղ աղին, որն էլ բացվում է կոյանոցի մեջ։ Հաստ աղիի խոռոչում լորձաթաղանթը մի պարուրաձև ծալք է առաջացնում, որն ունի մոտ 10 պարույր, և կոչվում է պարուրաձև փական։ Այն բավականին մեծացնում է սննդանյութերի ներծծման մակերեսը։ Մարսողական ուղու գեղձերը լավ են զարգացած։ Ունի մեծ եռաբիլթ լյարդ, որը զբաղեցնում է որովայնի խոռոչի առջևի մասը։ Լյարդում արտադրվող լեղին հավաքվում է լեղապարկում, որը լեղածորանով միանում է բարակ աղիին։
Սիրտը բաղկացած է երկու խոռոչից` նախասրտից և փորոքից։ Արյունը երակներից հավաքվում է երակային սինուսի կամ երակային ծոցի (sinus venosus) մեջ, որը բարակ պատեր ունի։ Երակային ծոցից արյունն անցնում է նախասիրտ (atrium), որի պատերը նույնպես բարակ են։ Նախասրտից արյունն անցնում է մկանոտ, հաստ պատերով փորոք (ventriculus cordis): Վերջինիս մկանային պատի կծկումներով արյունը մղվում է սրտի վերջին բաժինը` կարճ զարկերակային կոնը (conus arteriosus), որն անցնում է որովայնային աորտայի (conus? ventralis): Ինչպես փորոքի, այնպես էլ զարկերակային կոնի պատերը բաղկացած են միջաձիգ զոլավոր մկաններից, իսկ որովայնային աորտայի և մյուս արյունատար անոթների պատերը` հարթ մկաններից։ Փորային աորտայից դուրս են գալիս 5 զույգ բերող խռիկային զարկերակներ, որոնք միանում են խռիկներին։ Խռիկային թերթիկների մեջ դրանք վերածվում են մազանոթների ցանցի, և մազանոթների բարակ պատերի միջով տեղի է ունենում գազափոխանակություն։ Այստեղից թթվածնով հարուստ արյունը հավաքվում է տանող խռիկային զարկերակներում, որոնք բացվում են անմիջապես ողնաշարի տակ գտնվող մեջքային աորտայի (aorta dorsalis) մեջ։ Մեջքային աորտայի ճյուղավորումներով արյունը հասնում է մարմնի մնացած բոլոր բաժինները։ Գլխից երակային արյունը հավաքվում է առջևի զույգ կարդինալ (vena cardinalis anterior) եւ ստորին լծային երակների (v. jugularis inferior) մեջ։ Պոչից եկող պոչային երակը (v. caudalis) մտնում է մարմնի խոռոչ և բաժանվում երիկամների աջ ու ձախ դռներակների, որոնք երիկամներում վերածվելով մազանոթների` առաջացնում են երիկամների դռներակային համակարգը։ Երիկամներից արյունը հավաքվում է ետին զույգ կարդինալ երակներում (v. cardinalis posterior): Մարմնի երկու կողմերում առջևի և ետին կարդինալ երակները, լծային երակների հետ միասին, միավորվում են` ձևավորելով աջ և ձախ կյուվերյան ծորանները (ductus cuvieri), որոնք բացվում են երակային ծոցի մեջ։ Փորային լողակներից արյունը բերում են կողքային երակները (v. lateralis), որոնք միանում են կրծքային լողակներից եկող ենթանրակային երակներին և վերջում` կյուվերյան ծորաններին։ Ստամոքսից և փայծաղից արյունը հավաքվում է մի քանի երակների մեջ, որոնք միավորվում են և ձևավորում լյարդի դռներակը (v. porta hepatis), որն էլ լյարդում վերածվում է մազանոթների։ Լյարդից արյունը հեռացնող լյարդի երակները (v. hepatica) բացվում են երակային ծոցի մեջ։