Փշոտ շնաձուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փշոտ շնաձուկ
Փշոտ շնաձուկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Վերնադաս Ձկներ
Դաս Կռճիկային ձկներ
Ենթադաս Թերթախռիկայիններ
Ընտանիք Squalidae
Ցեղ Squalus
Տեսակ Փշոտ շնաձուկ
Լատիներեն անվանում
Squalus acanthias
Հատուկ պահպանություն
Status iucn3.1 VU hy.svg Խոցելի տեսակ
Խոցելի տեսակ
IUCN 3.1 Vulnerable : ???
Արեալ
պատկեր

Մարսողական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանն ունի շարժուն կռճիկային ծնոտներ եւ դեպի ետ ուղղված կոնաձեւ ատամներ, որոնք դասավորված են մի քանի շարքով: Բերանի խոռոչի հատակին գտնվում է լեզուն, որը լորձաթաղանթի ոչ մեծ ծալք է, պահվում է կենտ ենթալեզվային կռճիկի միջոցով եւ սեփական մկաններ չունի: Բերանի խոռոչն առանց նկատելի սահմանի անմիջապես անցնում է լայն կլանի, որի պատերին են գտնվում խռիկային ճեղքերը: Դրանց միջով սննդի դուրս ընկնելուն խանգարում են խռիկային աղեղների վրա նստած խռիկային առէջները, որոնք կռճիկային բնույթի են: Կլանի ետեւի մասից սկսվում է կերակրափողը, որն առանց նկատելի սահմանի անցնում է լայն U-աձեւ ստամոքսի: Ստամոքսին հաջորդորդում է կարճ բարակ աղին, որն անցնում է ավելի լայն հաստ աղիի: Վերջինիս հաջորդում է ուղիղ աղին, որն էլ բացվում է կոյանոցի մեջ: Հաստ աղիի խոռոչում լորձաթաղանթը մի պարուրաձեւ ծալք է առաջացնում, որն ունի մոտ 10 պարույր, եւ կոչվում է պարուրաձեւ փական: Այն բավականին մեծացնում է սննդանյութերի ներծծման մակերեսը: Մարսողական ուղու գեղձերը լավ են զարգացած: Ունի մեծ եռաբիլթ լյարդ, որը զբաղեցնում է որովայնի խոռոչի առջեւի մասը: Լյարդում արտադրվող լեղին հավաքվում է լեղապարկում, որը լեղածորանով միանում է բարակ աղիին:

Արյունատար համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիրտը բաղկացած է երկու խոռոչից` նախասրտից եւ փորոքից: Արյունը երակներից հավաքվում է երակային սինուսի կամ երակային ծոցի (sinus venosus) մեջ, որը բարակ պատեր ունի: Երակային ծոցից արյունն անցնում է նախասիրտ (atrium), որի պատերը նույնպես բարակ են: Նախասրտից արյունն անցնում է մկանոտ, հաստ պատերով փորոք (ventriculus cordis): Վերջինիս մկանային պատի կծկումներով արյունը մղվում է սրտի վերջին բաժինը` կարճ զարկերակային կոնը (conus arteriosus), որն անցնում է որովայնային աորտայի (conus? ventralis): Ինչպես փորոքի, այնպես էլ զարկերակային կոնի պատերը բաղկացած են միջաձիգ զոլավոր մկաններից, իսկ որովայնային աորտայի եւ մյուս արյունատար անոթների պատերը` հարթ մկաններից: Փորային աորտայից դուրս են գալիս 5 զույգ բերող խռիկային զարկերակներ, որոնք միանում են խռիկներին: Խռիկային թերթիկների մեջ դրանք վերածվում են մազանոթների ցանցի, եւ մազանոթների բարակ պատերի միջով տեղի է ունենում գազափոխանակություն: Այստեղից թթվածնով հարուստ արյունը հավաքվում է տանող խռիկային զարկերակներում, որոնք բացվում են անմիջապես ողնաշարի տակ գտնվող մեջքային աորտայի (aorta dorsalis) մեջ: Մեջքային աորտայի ճյուղավորումներով արյունը հասնում է մարմնի մնացած բոլոր բաժինները: Գլխից երակային արյունը հավաքվում է առջեւի զույգ կարդինալ (vena cardinalis anterior) եւ ստորին լծային երակների (v. jugularis inferior) մեջ: Պոչից եկող պոչային երակը (v. caudalis) մտնում է մարմնի խոռոչ եւ բաժանվում երիկամների աջ ու ձախ դռներակների, որոնք երիկամներում վերածվելով մազանոթների` առաջացնում են երիկամների դռներակային համակարգը: Երիկամներից արյունը հավաքվում է ետին զույգ կարդինալ երակներում (v. cardinalis posterior): Մարմնի երկու կողմերում առջեւի եւ ետին կարդինալ երակները, լծային երակների հետ միասին, միավորվում են` ձեւավորելով աջ եւ ձախ կյուվերյան ծորանները (ductus cuvieri), որոնք բացվում են երակային ծոցի մեջ: Փորային լողակներից արյունը բերում են կողքային երակները (v. lateralis), որոնք միանում են կրծքային լողակներից եկող ենթանրակային երակներին եւ վերջում` կյուվերյան ծորաններին: Ստամոքսից եւ փայծաղից արյունը հավաքվում է մի քանի երակների մեջ, որոնք միավորվում են եւ ձեւավորում լյարդի դռներակը (v. porta hepatis), որն էլ լյարդում վերածվում է մազանոթների: Լյարդից արյունը հեռացնող լյարդի երակները (v. hepatica) բացվում են երակային ծոցի մեջ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, Է. Մ., Ողնաշարավորների կենդանաբանություն, (Ուս. ձեռնարկ), Մաս 1, ԵՊՀ հրատ., Երևան, 2009: