Տրեմատոդոզներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրեմատոդոզներ
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
ՊատճառTrematoda?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և Հելմինթոլոգիա
ՀՄԴ-9121.9

Տրեմատոդոզներ, մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություններ, որոնք առաջանում են ծծող տափակ որդերից՝ տրեմատոդներից։ Մարդու հիմնական տրեմատոդոզներ են ֆասցիոլոզը, ֆասցիոլոպսիդոզը, շիստոսոմատոզը, կլոնորխոզը, պարագոնիմոզը, օպիսթորխոգը, մետագոնիմոզը, նանոֆիետոգը, դիկրոցելոզը։ Տարածված են արևադարձային և մերձարևադարձային երկրներում, Հարավային Ամերիկայում, Հեռավոր Արևելքում, Արևմտյան Միբիրում, Օբ գետի ավազանում, Ղազախստանում։ Տրեմատոդոզներ հաճախ ընթանում են որպես սուր ալերգիական հիվանդություն՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացմամբ (մինչև 39 °C), լյարդի, լեղապարկի բորբոքումներով, ստամոքս–աղիքային, նյարդային համակարգերի խանգարումներով։ Ախտորոշումը․ ձվիկների հայտնաբերմամբ՝ հիմնականում կղանքում, այնուհետև մեզում, 12-մատնյա աղիքի հյութում, խորխում։ Կանխարգելումը․ պայքար ինվազիայի աղբյուրի դեմ քիմիական և կենսաբանական միջոցներով, մակաբույծների միջանկյալ և լրացուցիչ տերերի ոչնչացում, մելիորատիվ միջոցներով կանգնած ջրերի չորացում, ջրմուղի ջրի և հողի աղտոտման կանխում, սանիտարական-լուսավորական աշխատանքների անցկացում, ձկնեղենի և մսեղենի բավարար ջերմային մշակում։ Կենդանիների տրեմատոդոզներ, առաջացնում են տրեմատոդները (մոտ 125 տեսակ), որոնք մակաբուծում են բոլոր տեսակի վայրի և ընտանի, այդ թվում նաև գյուղատնտեսական ողնաշարավոր կենդանիների տարբեր օրգաններում կամ օրգանների համակարգում։ Տրեմատոդոզներ տարածված են ամենուր և տնտեսական մեծ վնաս են հասցնում անասնապահությանը։ Տրեմատոդոզներից առավել վնաս են հասցնում ֆասցիոլոզը, դիկրոցելիոզը, որոճողների պարամֆիստոմատոիդոզը, մսակերների օպիսթորխոզը, հավերի պրոսթոգոնիմոզը։ Հիվանդության ախտանշանների դրսևորումը պայմանավորված է կենդանու օրգանիզմում մակաբույծների տեղադրությունից։ Բուժումը․ ճիճվամուղ պատրաստուկներ։ Կանխարգելումը․ պայքար փափկամորթների դեմ, արոտավայրերի պարբերաբար բարելավում և փոփոխում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։