Jump to content

Վիշապագորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիշապագորգ, XVIII դար, Գալուստ Գյուլբենկյանի թանգարան (Լիսսաբոն)

Վիշապագորգ, հայկական գորգ, որի շեղացանց հորինվածքում, բուսական ու կենդանական զարդանախշերի տարբեր զուգորդումներում կարևորված է վիշապի վերացարկված, ոճավորված կերպարը (այստեղից Էլ՝ անունը)։ Դաշտում, երկայնակի կենտրոնական առանցքով դասավորված են բազմազան հորինվածքներով շքեղ վարդյակներ։ Վիշապները տեղադրված են այդ առանցքին զուգահեռ 2 շարքում, յուրաքանչյուրում՝ 2–4 հատ։ Նրանց մոտ պատկերված են կենաց ծառեր։ Վիշապների՝ գրաֆիկորեն ընդգծված մարմիններին կան շեղանկյուն կետեր։

Վիշապագորգ, XVII–XVIII դարեր, Ղարաբաղ

Վիշապագորգին բնորոշ են նաև մեծ չափերը, երիզող մեկ զարդագոտին, տիրապետող չորս գույները՝ կարմիր, կապույտ, շագանակագույն, փղոսկրագույն։ Հիմնագույնը գերազանցապես վառ կարմիրն Է՝ ստացված որդան կարմրից, որի արտադրության հիմնական վայրը եղել է Արարատյան դաշտը, ենթադրվում Է, որ այն եղել է նաև Վիշապագորգի հնագույն նմուշների ծագման ու արտադրության կենտրոնը մինչև XVII դարը, որից հետո անհետացել է այդ գորգերի դասական խումբը՝ արձագանքվելով միայն ժողովրդական բազում տարբերակների մեջ (մինչև XX դարի 1-ին քառորդը)։ Վիշապագորգերի զարդանախշերի, վիշապների, օգտագործված գույների ողջ սիմվոլիկան ուսումնասիրողները մեկնաբանել և մեկնաբանում են տարբեր կերպ։ Վիշապագորգերը համարվում են ոչ միայն հայկական, այլև ողջ գորգագործության ամենահին խումբը։ XX դարի սկզբին Վիշապագորգը առաջին անգամ ուսումնասիրել են անվանի արևելագետ արվեստաբաններ Ֆ․ Մարտինը, Ֆ․ Սարրեն և այլք (ավելի ուշ՝ Ա․ Սագզյանը, Հ․ Քյուրտյանը և ուրիշներ), որոնք առանձնացրել են արևելյան գորգերի այդ խումբը և, հայկական արվեստի մյուս բնագավառների հետ ունեցած ընդհանրությունների հիման վրա, բնորոշել դրանց անվանումն ու հայ մշակույթին պատկանելը։ Եվրոպացի գիտնականներն էլ շրջանառության մեջ են դրել «Վիշապագորգ» տերմինը («անգլ.՝ dragon carpet»)։ Դասական Վիշապագորգի ընտիր օրինակներ պահպանվել են Բեռլինի պետական, Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի, Վիեննայի Դեկորատիվ արվեստի, Էստերգոմի Քրիստոնեական, Ստամբուլի թուրքական և իսլամական արվեստի, Բուդապեշտի Դեկորատիվ արվեստի, Նյու Յորքի Մետրոպոլիտեն, Վաշինգտոնի Տեքստիլի և աշխարհի այլ քաղաքների թանգարաններում։ Խորհրդային Հայաստանում հայկական գորգարվեստի վերածննդի հետ սկզբնավորվել է նաև Վիշապագորգի տարատեսակների ստեղծումը գորգագործ արվեստագետների էսքիզներով (Հ․ Քեշիշյան և ուրիշներ), ժողովրդական վարպետների ձեռքով և մեքենական եղանակով։

Հատված Հանս Հոլբայն Կրտսերի «Դեսպանները» նկարից, Ազգային պատկերասրահ, Լոնդոն։ Սեղանի վրա հայկական վիշապագորգ է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 458