Jump to content

Վարվառա Լեպյոշկինայի քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա Լեպյոշկինայի քաղաքային դաստակերտ
Տեսակմեծ առանձնատուն, կալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԱրբաթ շրջան
Հիմնադրված է1884
ՃարտարապետԲորիս Ֆրեյդենբերգ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Վարվառա Լեպյոշկինայի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Варвары Лепёшкиной), դաստակերտ Մոսկվայում։ Հասցեն՝ Զնամենկա փողոց, տուն 10, շինություն 1։ Մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ է[2]։

Ժառանգական պատվավոր քաղաքացի Վարվառա Յակովլևնա Լեպյոշկինան 1884 թվականին ձեռք է բերել Մ. Պ. Արբուզովայի դաստակերտի հյուսիսային մասը, որտեղ ավելի վաղ այգի էր։ Էլ ավելի վաղ՝ XVIII դարում, Արբուզովայի կալվածքը Լևաշովի կալվածքի մի մասն էր[3]։

Վարվառա Յակովլևնայի պատվերով ճարտարապետ Բորիս Ֆրեյդենբերգը նախագծել է երկհարկանի քարե տուն, որը կառուցվել է 1888-1890 թվականներին։ Շենքի ճակատները կոպտատաշ քարից են և զարդարված են էկլեկտիզմի ոգով։ Դեկորի առավել հետաքրքրական տարր է անկյունային էրկեր-պատշգամբը՝ կողքերին կարիատիդների քանդակներով։ Գլխավոր ճակատին գտնվում է դեպի փողոց դուրս եկող մուտքի թմբուկը, որը սահմանակից է դաստակերտի նախշազարդ մետաղյա ցանկապատին։ Գլխավոր ճակատը դեկորներով զիջում է դեպի այգի դուրս եկող կողային ճակատին[4][3]։

Դաստակերտի տիրուհու հայրը եղել է վաճառական Յակով Վասիլևիչ Պրոխորովը՝ Երեք Լեռների Պրոխորովյան մանուֆակտուրայի համաղեկավարներից մեկը։ Վարվառա Յակովլևնայի ամուսինը՝ Վասիլի Սեմյոնովիչը, որի հետ հարսանիքը կայացել է 1850-ական թվականներին, 1-ին գիլդիայի վաճառական Սեմյոն Լոգինովիչ Լեպյոշկինի որդին էր։ Ընտանիքը զբաղվել է բարեգործությամբ, 39 տարեկանում ամուսնու մահից հետո Վարվառա Յակովլևնան շարունակել է այդ զբաղմունքը։ Այսպես, 1887 թվականին բացվել է կանանց մասնագիտական ուսումնարան, որն անվանվել է Վարվառա Յակովլևնայի մահացած դստեր անունով (Պյատնիցկայա փողոց, տներ 48 և 50)։ Զնամենկայի առանձնատունը կառուցվել է որդու ամուսնությունից հետո, որին նա թողել էր նախորդ տունը[3]։

1901 թվականին Վարվառա Յակովլևնան մահացել է, այդ ժամանակ նրան արդեն պատկանում էր Արբուզովայի ողջ կալվածքը։ Լեպյոշկինայի որդուց տունը 1910 թվականին ձեռք է բերել «Նիկիտա Պոնիզովկինի որդիներ» Արդյունաբերական-առևտրային ընկերակցության վարչության նախագահ Անդրեյ Անդրեևիչ Պոնիզովկինը։ Ավելի ուշ՝ 1916 թվականին, նա եղբոր հետ հիմնադրել է Մոսկվայի-Վոլգայի-Բաքվի նավթարդյունաբերական ընկերակցությունը[3]։

Խորհրդային իշխանության ժամանակ դաստակերտն ազգայնացվել է։ Սկզբնապես այստեղ գործում էր Կոմունիստական ակադեմիան, ապա՝ Գիտությունների ակադեմիայի պետության և իրավունքի ինստիտուտը։ 1930-ական թվականներին տանն ավելացվել է ևս երկու հարկ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Постановление Правительства Москвы № 202-ПП от 22.04.2014
  2. «Городская усадьба В.Я.Лепешкиной, 1884 г., архитектор Б.В.Фрейденберг, 1888 г.» (ռուսերեն). Департамент культурного наследия города Москвы. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Левина, Ирина. «Городская усадьба В.Я.Лепешкиной» (ռուսերեն). Узнай Москву. Վերցված է 2015 թ․ մայիսի 31-ին.
  4. Москва: Архитектурный путеводитель, 1997