Վարվառա Գաբրիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարվառա Գաբրիելյան
Ծնվել էհունվարի 10, 1901(1901-01-10)
ԾննդավայրՑղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 8, 1972(1972-08-08) (71 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1929)
Մասնագիտությունախտաբան-անատոմ
Կոչումդոցենտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ

Վարվառա (Վարդուհի) Թումանի Գաբրիելյան (հունվարի 10, 1901(1901-01-10), Ցղնա, Նախիջևանի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8, 1972(1972-08-08), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՍԽՀ վաստակավոր բժիշկ, Հայաստանում ախտաբանական անատոմիայի գիտական դպրոցի կազմակերպիչներից մեկը, բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնի վարիչ, ՀԽՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ախտաբան-անատոմ[1][2]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1929 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1927-1929 թվականներին համալսարանում ուսմանը զուգընթաց աշխատել է սկզբում որպես բուժքույր, այնուհետև որպես բժիշկ՝ Հայաստանի գյուղերում։ 1930-1939 թվականներին եղել է Բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնի ասիստենտ, 1939 թվականից մինչև 1941 թվականն ախտաբանական անատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, 1941 թվականից մինչև 1944 թվականը՝ նույն ամբիոնի դոցենտ։ 1944 թվականի նոյեմբերից մինչև 1963 թվականի դեկտեմբերը զբաղեցրել է բժշկական ինստիտուտի ախտաբանական անատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոնը[2]։

Մինչև 1963 թվականի դեկտեմբեր ամիսը եղել է ՀՍԽՀ առողջապահության նախարարության գլխավոր ախտաբան-անատոմ[2]։ Եղել է ՀՍԽՀ ախտաբան-անատոմների գիտական ընկերության կազմակերպիչը և այդ ընկերության նախագահը մինչև 1963 թվականը։ Եղել է նաև ԽՍՀՄ ախտաբան-անատոմների ընկերության վարչության անդամ։

1940 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Արգանդի քաղցկեղ» թեմայով։ Հրապարակված բազմաթիվ գիտական աշխատությունների հեղինակ է[3]։

1941 թվականին ստացել է դոցենտի կոչում։

Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մեծ օժանդակություն է ցույց տվել զինվորական հոսպիտալներին, մասնավորապես էվակոհոսպիտալներին։

1963 թվականի հունվարից մինչև 1965 թվականը աշխատել է որպես Աշխատանքի հիգիենայի և պրոֆհիվանդությունների ինստիտուտի ախտաբանական մորֆոլոգիայի լաբորատորիայի վարիչ։ Համատեղությամբ աշխատել է մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում՝ ախտաբանական մորֆոլոգիայի լաբորատորիայում, որը ստեղծվել է իր իսկ ջանքերով։

1965 թվականին դարձել է այդ լաբորատորիայի վարիչ և աշխատել է մինչև 1970 թվականը։ Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում Վ. Թ. Գաբրիելյանը ստեղծել է նաև ուռուցքների վաղ ախտորոշման լաբորատորիա, որը ղեկավարել է մինչև 1970 թվականը։

1961 թվականին Վ. Թ․ Գաբրիելյանին շնորհվել է ՀՍԽՀ վաստակավոր բժշկի կոչում[4]։

3 անգամ ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի դեպուտատ[5]։

Դուստր՝ Իդա Ավետի Մովսեսյան (1922-2004), բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի բժշկական համալսարանի դոցենտ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեդալ «Աշխատանքային սխրանքների համար»
  • Մեդալ «Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի համար»
  • 27, հոկտեմբեր, 1953 թվական- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
  • 1963 թվական- ՀՍԽՀ Գերագույն Խորհրդի պատվոգիր
  • 1949 թվական- Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի պատվոգիր[2]
  • 1956 թվական- Առողջապահության նախարարության և Բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի համատեղ պատվոգիր
  • 1962 թվական- պատվոգիր՝ «Հոսպիտալների աշխատակիցներին օգնություն ցուցաբերելու համար»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. “Умерший себя не защитит”, “Новое время”, 10.02.2001
  2. 2,0 2,1 2,2 2,3 ՀՍՍՀ առողջապահության մինիստրության, Երևանի պետական բժշկական ինստիտուտի, ՀՍՍՀ ախտաբան-անատոմների ընկերության մահախոսական, «Երեկոյան Երևան», 12.08.1972 թ.
  3. “Самая умная и привлекательная женщина мединститута”, “Правда Армении”, 27.03.2001
  4. “Варвара Габриелян. Лико”, “Эфир”, 10.02.2001
  5. «Վարվառա Թումանի Գաբրիելյան, ծննդյան 100-ամյակի առիթով», «Ապագա բժիշկ», 1.10.2000թ.