Jump to content

Վասիլ Գենդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլ Գենդով
Ծնվել էդեկտեմբերի 7, 1891(1891-12-07) կամ նոյեմբերի 24 (դեկտեմբերի 6), 1891
ԾննդավայրՍլիվեն, Բուլղարիայի իշխանություն
Մահացել էսեպտեմբերի 3, 1970(1970-09-03) (78 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիայի թագավորություն և  Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, թատրոնի դերասան և ռեժիսոր
Ակտիվ շրջան1910-1937
Ամուսին(ներ)Իվանա Իվանովա «Ժանա» Գենդովա
Պարգևներ և մրցանակներ

Վասիլ Դիմով Գենդով (բուլղար․՝ Васил Гендов, իսկական ազգանունը՝ Խաջիգենդով, 24 նոյեմբերի, 1891, Սլիվեն – 3 սեպտեմբերի, 1970, Սոֆիա, Բուլղարիա), կինոյի և թատրոնի բուլղարացի դերասան, ռեժիսոր և սցենարիստ։ Որպես սցենարի հեղինակ, ռեժիսոր և գլխավոր դարակատար՝ Վասիլ Գենդովն առաջին անգամ հանդես է եկել համր կինոյում՝ 1915 թվականին նկարահանվելով «Българан е галант» կատակերգությունում։ 1933 թվականին նա նկարահանվել է բուլղարական առաջին հնչյունային ֆիլմում՝ «Бунтът на робите»[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլ Խաջիգենդովը ծնվել է 1891 թվականի նոյեմբերի 24-ին Սլիվենում։ Պատանեկան տարիքում խաղացել է Արցունքների ու ծիծաղի թատրոնում, 1905-1907 թվականներին՝ Սոֆիայի Իվան Վազովի անվան ազգային թատրոնում։ Դերասանի բեմական առաջնաելույթը եղել է Ռոբերտ Պֆայֆերի դերը Օտտո Էռնստի (Otto Ernst) «Ուսուցիչներ» (The Educators) պիեսի բեմադրությունում։ Վիեննայում թատերական դպրոց ավարտելուց հետո Վասիլ Գենդովը կինոարվեստ է ուսումնասիրել Բեռլինում։

1915 թվականի հունվարին Բուլղարիայում ցուցադրվել է առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Българан е галант» («Նրբակիրթ բուլղարացին»), որը նկարահանվել է ռեժիսոր Վասիլ Գենդովի սցենարով[2]։ Հետագայում ֆիլմը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Սոֆիայի ռմբակոծման հետևանքով[3]։ Պահպանվել է մեկ կամ երկու կադր[4]։ 1915 թվականից մինչև 1937 թվականը Վասիլ Գենդովը գրել է սցենարներ և դրանց հիման վրա նկարահանել 11 ֆիլմ՝ դառնալով իր ժամանակի Բուլղարիայի ամենավառ կինեմատոգրաֆիստներից մեկը[5]։

1933 թվականին Վասիլ Գենդովը հանրությանն է ներկայացնում իր առաջին հնչյունային ֆիլմը՝ Бунтът на робите («Ստրուկների խռովությունը»)։ Վասիլ Գենդովի մի շարք ֆիլմերում նկարահանվել է նրա կինը՝ Ժանա Գենդովան։ «Ստրուկների խռովությունը» ֆիլմում Վասիլ Գենդովը կատարել է 1873 թվականի բուլղարական հեղափոխության առաջատար գործիչներից մեկի՝ Վասիլ Լևսկու դերը[6]։ Ֆիլմը ներկայացնում է Օսմանյան կայսրությունից Բուլղարիայի ազատագրման համար մղված պայքարը։ Ֆիլմի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Նրա կարծիքով՝ ֆիլմը հակաթուրքական է և բուլղարացիների մոտ ատելություն է առաջացնում Թուրքիայի նկատմամբ։ Թուրքիայի արտաքին գոծերի նախարարությունը բացատրություն է պահանջել Բուլղարիայի կառավարությունից, թե ինչու է նա թույլ տվել նկարահանել այդպիսի ֆիլմ[7]։ Բուլղարիայի կառավարությունը, պաշտպանելով ֆիլմը, չի արձագանքել թուրքական կողմին ու նշել է, թե «քանի որ ֆիլմի իրադարձությունները վերաբերում են օսմայան դարաշրջանին, ապա ֆիլմը չի կարող ընկալվել որպես ներկայիս թուրքական կառավարության ու ժողովրդի նկատմամբ ատելություն առաջացնող»[8]։

Կադր «Սատանան Սոֆիայում» ֆիլմից, 1921 թ․

Վասիլ Գենդովի նախաձեռնությամբ 1919-1920 թվականներին Բուլղարիայում ստեղծվել է Դերասանների միություն, 1931 թվականին՝ Կինեմատոգրաֆիստների միություն, 1948 թվականին՝ Բուլղարական կինեմատոգրաֆիայի թանգարան[2]։ Պատերազմում պարտություն կրելուց հետո Բուլղարիան դարձել է սոցիալիստական հանրապետություն, ինչից հետո կինոարտադրությունն ազգայնացվել է և 1948 թվականին կազմակերպվել ըստ սովետական մոդելի[9]։ Պատերազմից հետո Վասիլ Գենդովն այլևս ֆիլմեր չի նկարահանել և զբաղվել է պետական կինոարխիվի ստեղծմամբ։ Ներկայում այն կոչվում է Բուլղարիայի ազգային կինոարխիվ։ Վասիլ Գենդովը հավաքել է իր գործընկերների նկարահանած ֆիլմերը, ինչպես նաև ֆիլմերի ազդագրեր ու մամուլում տպագրված հրապարակումներ բուլղարական կինոարտադրության վերաբերյալ[9]։

Վասիլ Գենդովը մահացել է 1970 թվականի սեպտեմբերի 3-ին Սոֆիայում։

2015 թվականի հունվարի 15-ին, երբ լրանում էր «Նրբակիրթ բուլղարացի» ֆիլմի թողարկման հարյուրամյակը, Բուլղարիայի ազգային կինոարխիվը կազմակերպել է տոնական միջոցառում և ցուցահանդես Սոֆայի «Օդեոն» կինոթատրոնում[10]։ 2015 թվականին բուլղարացի կինոռեժիսոր Իլյա Կոստովը նկարահանել է «Վասիլի Գենդով․ առասպել և իրականություն» վավերագրական ֆիլմը, որը պատմում է Վասիլի Գենդովի, նրա կարիերայի ու անձնական կյանքի մասին 20-րդ դարի սկզբում Բուլղարիայում տիրող սոցիալական ու քաղաքական իրադարձությունների համատեքստում[11]։ Վավերագրական ֆիլմը թողարկվել է 2015 թվականի հոկտեմբերին և ցուցադրվել է Պլովդիվում Վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի 22-րդ կինոփառատոնում[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Detrez, Raymond (2014). Historical Dictionary of Bulgaria. Rowman & Littlefield. p. 127. ISBN 978-1-44-224180-0
  2. 2,0 2,1 «Golden Apricot». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Ivanova, Iliana. «Преди 100 години филмът "Българан е галант" поставя началото на българското кино». glasove.com (Bulgarian). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Kardzhilov, Peter (1987). Bulgarian Feature Films - An Annotated Illustrated Filmography - Volume I (1915 - 1948) (Bulgarian/English). Sofia: Dr. Peter Beron State Publishing House. էջեր 62–63.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Mira Liehm, Antonín J. Liehm (1977).
  6. Boyar, Ebru (2007). Ottomans, Turks and the Balkans: Empire Lost, Relations Altered. I. B. Tauris. pp 145-147. ISBN 978-0-85-771543-2
  7. Ebru Boyar Ottomans, Turks and the Balkans: Empire Lost, Relations Altered. — NY: Tauris Academic Studies, 2007. — 242 с. — ISBN 978-1-84511-351-3
  8. Boyar, Ebru (2007). Ottomans, Turks and the Balkans: Empire Lost, Relations Altered. I. B. Tauris. p. 145. ISBN 978-0-85-771543-2
  9. 9,0 9,1 Radio Bulgaria: Radio Bulgaria: Bulgarian Cinema Turns One Hundred Retrieved 29 November 2015
  10. novinite.com: Bulgarian Cinema Celebrates 100th Anniversary Retrieved 29 November 2015
  11. «Golden Rose, Bulgarian Film Festival». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. 22nd Golden Rhyton Documentary and Animation Film Festival Արխիվացված 2016-03-13 Wayback Machine Retrieved 29 November 2015

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլ Գենդով» հոդվածին։