Վանքի երեխաները
Վանքի երեխաները թուրքերեն՝ Vank’ın Çocukları | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թեմա | Հայոց ցեղասպանություն, Դերսիմի կոտորածներ |
Թվական | 2016 |
Ռեժիսոր | Նեզահաթ Գյունդողան |
Պրոդյուսեր | Քազըմ Գյունդողան |
Տևողություն | 70 րոպե |
«Վանքի երեխաները» (թուրքերեն՝ Vank’ın Çocukları), 2016 թվականին ծնունդով դերսիմցի ռեժիսոր Նեզահաթ Գյունդողանի նկարահանած վավերագրական ֆիլմը Հայոց ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի մասին, որոնց մեծ մասը սպանվել է 1937-1938 թվականների Դերսիմի կոտորածների ժամանակ, իսկ ողջ մնացածները թուրքացվել ու իսլամացվել են։
2016 թվականին ֆիլմը ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի Արտամրցութային ծրագրեր անվանակարգում[1], 2017 թվականի փետրվարի 9-ին ֆիլմը ցուցադրվել է Ստամբուլի Բեյօղլուի կինոթատրոնում[2][3]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Վանքի երեխաները» ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությունից ու դրան հաջորդած 1937-1938 թվականներին Դերսիմի կոտորածներից հետո դերսիմցի հայերի ու նրանց ժառանգների անցած ուղու, ինքնության անվերջ որոնումների, անցյալի հետ կապված հոգեկան տրավմաների և ապագայի հույսերի մասին։ Ֆիլմը հիմնված է իրական փաստերի ու ճակատագրերի պատմությունների վրա։ Ֆիլմի նկարահանող խումբն արմատներից հեռացված, ողջ մնացած հայերին և նրանց սերունդներին գտնելու համար եղել է Թուրքիայում, Կոնիայում, Բալուում, Ստամբուլում, Իզմիրի նահանգներում և Դերսիմի այլ շրջաններում[4][5]։
Դերսիմի Հալվորի գյուղում գտնվող Սուրբ Կարապետի վանքը (ամենայն հավանականությամբ, կառուցվել է դեռևս 9-րդ դարում) 1915 թվականից հետո եղել է Դերսիմի կանգուն մնացած միակ քրիստոնեական սրբատեղին։ 1937 թվականին Դերսիմի կոտորածների ժամանակ վանքը ռմբակոծվում է, քահանան ձերբակալվում։ 1938 թվականին վանքն ամբողջությամբ ավերվում է, քահանան սպանվում։ Հալվորիի հայերից ողջ են մնում 5-6 երեխա և մի քանի միջին տարիքի մարդիկ, որոնց Թուրքիայի իշխանությունները հավաքագրում և աքսորում են Թուրքիայի տարբեր շրջաններ։
Զեյնեփը ուսուցչուհի է, ապրում է Իզմիրում։ 2000-ական թվականներին պատահաբար իմանում է, որ մայրը Դերսիմում ծնված հայուհի է, որը 1938 թվականի Դերսիմի կոտորածից հետո խնամակալության է հանձնվել։ Նրա անունը եղել է Ասլիհան Քիրեմիթչյան, սակայն փոխել, դարձրել են Ֆաթմա Քիրեմիթչի, էթնիկ ինքնությունն ու կրոնը՝ թուրքի և սունիի։ Զեյնեփը փորձում է կապ հաստատել մոր ազգականների հետ, որոնք ապրում են այն գյուղում, որտեղ մայրն է ապրել։ Նա պատմություններ է հավաքում մոր մասին, ուսումնասիրում Վանք անունով այդ գյուղն ու գյուղի վանքը[6]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆաթմա Քիրեմիթչին
- Զեյնեփ Քայնաք Ունլյուն
- Սուլթան Դեմիր
- Ջևահիր Աքը
- Ահմեթ Աքը
- Քադրիյե Այդըն Հիշման
- Մարիամ Բալջին
- Հայդար Շահին
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պրոդյուսեր՝ Քազըմ Գյունդողան
- Ռեժիսոր՝ Նեզահաթ Գյունդողան
- Օպերատոր՝ Մեթին Դաղ
- Երաժշտություն՝ Նազըմ Չինար
- Հնչյուն` Իսմայիլ Հաքքի Հաֆիզ
- Մոնտաժ՝ Ուղուր Քութայ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վանքի երեխաները». www.gaiff.am. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Ստամբուլում Դերսիմի հայերի կոտորածի մասին սկանդալային ֆիլմ է ցուցադրվելու․ «Վանքի երեխաները»». news.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Documentary about Dersim Armenians to premiere in Istanbul on February 9». Public Radio of Armenia (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ փետրվարի 8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ ««Վանքի երեխաները». Թուրքիայում Դերսիմի ալևիացած հայերի մասին նոր ֆիլմ է նկարահանվել (տեսանյութ, լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ ««Վանքի երեխաները». Թուրքիայում ցեղասպանությունից փրկված դերսիմցի հայերի կյանքի մասին ֆիլմ է նկարահանվել». www.ermenihaber.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ ««Վանքի երեխաները». Ստամբուլի կկայանա Ցեղասպանության մասին թուրք ռեժիսորի ֆիլմի պրեմիերան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)». armedia.am. Վերցված է 2017 թ․ փետրվարի 10-ին.