Վահանագեղձ
Վահանագեղձ (լատին․՝ glandula thyreoidea), ողնաշարավոր կենդանիների և մարդու մասնագիտացված ներզատիչ օրգան, արտադրում և կուտակում է յոդ պարունակող հորմոններ, որոնք մասնակցում են օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Վահանագեղձ ձևավորվում է սաղմի խռիկապարկերի էպիթելից։ Բոլորաբերանների կենտ վահանագեղձ տեղավորված է աղիքների խռիկային մասի ստորին պատի տակ, ձկներինը՝ խռիկային զարկերակների առջևի մասում։ Երկկենցաղների զույգ վահանագեղձերը գտնվում են ենթալեզվային ապարատի շրջանում։ Սողունների վահանագեղձը հաճախ բաժանված է երկու մասի և տեղավորված է տրախեայի տակ։ Թռչունների զույգ վահանագեղձերը գտնվում են բրոնխների հիմքի մոտ։ Կաթնասունների վահանագեղձ բաղկացած է պարանոցով իրար միացած երկու բլթից, որոշ տեսակներինը բաժանված է 2 առանձին մասերի։ Մարդու վահանագեղձ լրիվ ձևավորվում է պտղի զարգացման 8—9-րդ ամսում։
Անատոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կազմված է 2 բլթերից (լատին․՝ lobus dexter et lobus sinister) և դրանց ստորին ծայրերը միացնող պարանոցից (նեղուցից) (լատին․՝ isthmus)։ Գեղձը տեղադրված է պարանոցի վրա՝ շնչափողի երկու կողմերում, հպվում է վահանաճառին (այստեղից՝ Վահանագեղձ անվանումը)։ Կողմային բլթի վերին բևեռը հասնում է մինչև վահանաձև և մատանիաձև աճառների մակարդակին, իսկ ստորին բևեռը՝ շնչափողի 5-6 աճառային օղի մակարդակին։ Նեղուցի հետին երեսը հպվում է շնչափողի 2-3 օղերին։ Առջևից գեղձը նման է H տառին և հիշեցնում է թիթեռնիկ։ Երբեմն (30-50% դեպքերում) բլթերից մեկից կամ նեղուցից դուրս է գալիս ևս մեկ հավելյալ բիլթ, որը հիմնականում բրգաձև է, և կոչվում է բրգաձև (հավելյալ) բիլթ (լատին․՝ lobus piramidalis)։ Կողմնային բլթերը ետևից կպած են ըմպանի և կերակրափողի պատերին։ Արտաքին մակերևույթն ուռուցիկ է, ներքինը՝ գոգավոր և դարձած է դեպի շնչափողն ու կոկորդը։ Զանգվածը, 15—20 գ է։ Շատ հարուստ է վահանագեղձի արյունամատակարարումը, օրգանիզմի ամբողջ արյունը գեղձով անցնում է մոտավորապես ժամը 1 անգամ։ Վահանագեղձի հիմնական կառուցվածքային միավորը գեղձային բշտիկն է (ֆոլիկուլը), որի խոռոչը լցված է յոդ պարունակող սպիտակուցից (թիրեոգլոբուլին) կազմված կոլոիդով։ Թիրեոգլոբուլինի պրոտեոլիզի հետևանքով առաջանում են թիրօքսին և եռյոդթիրոնին , որոնք էլ անցնում են արյան մեջ։ Գեղձային բշտիկները կիպ կպած են իրար, պատերը պատված են միաշերտ խորանարդաձև գեղձային էպիթելով։ Ֆոլիկուլային էպիթելի բջիջների ձևը, ծավալը և բարձրությունը կախված են վահանագեղձի ֆունկցիոնալ վիճակից։
Ֆիզիոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վահանագեղձ արտադրում է թիրեոիդ հորմոններ՝ թիրոքսին (T4), եռյոդթիրոնին (T3) և կալցիտոնին։ Կալցիտոնինը արտադրվում է միջֆոլիկուլյար շարակցական հյուսվածքում գտնվող հարֆոլիկուլյար կամ K-բջիջների կողմից և հարվահանաձև գեղձերի կողմից արտադրվող պարրատհորմոնի հետ մասնակցում են օրգանիզմում կալցիում–ֆոսֆորական փոխանակության կարգավորմանը։ Թիրեոիդ հորմոնները ունեն ազդեցության լայն սպեկտր։ Այս հորմոններից է կախված հյուսվածքների նորմալ զարգացումը, նյութափոխանակությունը, նյարդային համակարգի նորմալ գործունեությունը և այլն։ Մեծ չափաքանակներով հորմոններն ուժեղացնում են նյութափոխանակության պրոցեսները։ Թիրեոիդ հորմոնների ազդեցության մեխանիզմը պայմանավորված է բջջի կողմից ազդանշանների «ճանաչման» ու ընկալման և պատասխան ռեակցիայի բնույթը որոշող մոլեկուլային պրոցեսների առաջացման փուլերով։ Տարբեր հյուսվածքների բջիջներում հայտնաբերված են առանձնահատուկ սպիտակուց-ընդունիչներ, որոնք «ճանաչում են» հորմոնը և այն ընդգրկում կենսաքիմիական․ ռեակցիայի մեջ։ Վահանագեղձի ֆունկցիան, որը փոխհամաձայնեցված է ներզատիչ մյուս գեղձերի հետ, կարգավորում է կենտրոնական նյարդային համակարգը։ Առավել կարևոր է հիպոֆիզի դերը, որն արտադրում է վահանագեղձի ֆունկցիան ու զարգացումը խթանող թիրեոտրոպ հորմոն։ Հիվանդություններից առավել հաճախ հանդիպում են բորբոքումները, ուռուցքները, վնասվածքները, բնածին արատները, որոնք կարող են ուղեկցվել վահանագեղձի մեծացմամբ (տես խպիպ) և ֆունկցիայի խանգարումներով՝ հորմոնային նյութերի առաջացման նվազմամբ (հիպոթիրեոզ, Լորձայտուց) կամ ավելացմամբ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարդու նորմալ անատոմիայի դասագիրք, 1984 թ․
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 244)։ |