Սև կոստյումով տղամարդը
Սև կոստյումով տղամարդը անգլ.՝ el hombre del raje azul | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | Սարսափ |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | Անգլերեն |
Գրվել է | 1994 |
Հրատարակչություն | Philtrum Press |
Հրատարակվել է | 1994 |
Շարք | Վեց պատմություններ Ամեն ինչ հնարավոր է |
Սև կոստյումով տղամարդը (անգլ.՝ The Man in the Black Suit), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի պատմվածքն է, որը գրվել է 1994 թվականին։ «Սև կոստյումով տղամարդը» առաջին անգամ հրատարակվել է «The New Yorker» ամսագրում։ 1995 թվականին, պատմվածքը տեղ է գտել «Տարվա լավագույն սարսափ-շարքեր» (անգլ.՝ Years Best Horror Stories) անտոլոգիայի ութերորդ թողարկման մեջ։ 1997 թվականին, ստեղծագործությունը տպագրվել է հեղինակի «Վեց պատմություններ» ժողովածուում, որը լույս է տեսել սահմանափակ քանակով։ 2002 թվականին, պատմվածքը տեղ է գտել «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում։
1995 թվականին, «Սև կոստյումով տղամարդը» հաղթեց World Fantasy Award-ի «լավագույն ֆանտաստիկ պատմվածք», իսկ 1996 թվականին՝ Օ․ Հենրի մրցանակաբաշխության «ամսագրում տպագրված լավագույն պատմվածք» անվանակարգում[1]։
Պատմվածքի վերջաբանում, որը հրատարակված է «Ամեն ինչ հնարավոր է» ժողովածուում, Քինգը գրել է, որ իր պատմվածքով նա հարգանքի տուրք է մատուցում Նաթանիել Հոթոռնին և նրա «Երիտասարդ Գուդմեն Բրաուն» պատմվածքին[2]։
«Սև կոստյումով տղամարդը» պատմվածքը գրվել է որպես մի զառամյալ մարդու օրագիր, ով պատմում է սատանայի հետ ունեցած իր հանդիպման մասին, որը տեղի է ունեցել 1914 թվականին, Քասլ Ռոք քաղաքից ոչ հեռու բնակավայրում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքը սկսում է այն բանից, որ ստեղծագործության հերոսը՝ Հերի անունով իննսուն տարեկան պապիկն իր օրագրում հայտնում է այն պատճառների մասին, ըստ որոնց, նա ութսուն տարվա լռությունից հետո որոշում է պատմել մի դեպքի մասին, որը տեղի է ունեցել 1914 թվականին։ Դրանից հետո նա անցնում է այդ դեպքերի պատմելուն։
1914 թվական։ Ամառային շաբաթ օր էր, և ինը տարեկան Հերին, կատարելով իր տնային հանձնարարությունները, որոշում է գնալ կարմրախայտերով լի Քասլ Սթրիմի գետերից մեկում ձկնորսության։ Բռնելով մի քանի ձուկ, Հերին հանկարծ դանթում է, բայց շուտով արթնանում և տեսնում սփրթնած դեմքով մի բարձրահասակ տղամարդու, ով հագել էր սև կոստյում։ Հերին միանգամից հասկանում է, որ այդ մարդը Սատանան է։ Նա ուներ նարնջա-կարմագույն աչքեր և նրանից գալիս էր վառված լուցկիների հոտ։ Սև կոստյումով տղամարդը բարևում և մոտենում է տղային՝ գետնին առանց հետք թողնելու։ Սկզբում անծանոթը ծիծաղում է տղայի վրա, քանի որ վերջինս նրան տեսնելով տակը թրջել էր։ Այնուհետև ասում նրան, որ իր մայրը իր եղբոր պես՝ մեղվի կծածից մահացել է։ Չնայած տղամարդու բոլոր համոզմունքներին, Հերին հրաժարվում է նրան հավատալ։ Սատանան անսպասելիորեն ասում է, որ սոված է և պատրաստվում է ուտել տղային։ Հերին պատահականորեն նրան է մոտեցնում նոր բռնած ձկներից մեկը, որն անծանոթը սկսում է ագահորեն խժռել։ Երբ այդ սարսափելի մարդը ավարտում է հացկերույթը, նա լացում է արյունոտ արցունքներով։ Տեսնելով դա, Հերին ոտքի է կանգնում և վազելով հեռանում։
Տան ճանապարհին, Հերին հանդիպում է իր հորը և պատմում անծանոթի հետ իր հանդիպման և այն մասին, որ նա հայտնել է մոր մահի մասին։ Հերիի հայրը հավաստիացնում է, որ մայրը ողջ է, իսկ սև կոստյումով տղամարդուն նա երազում է տեսել։ Նրանք երկուսով վերադառնում են տուն, որտեղ Հերին տեսնում է իր կենդանի մորը։ Հերիի հայրը որոշում է վերադառնալ որդու զամբյուղի և կարթի հետևից, որոնք Հերին թողել էր գետի ափին։ Մի քիչ տատանվելուց հետո, Հերին որոշում է հոր հետ գնալ՝ վերցնելով ընտանեկան Աստվածաշունչը։ Նա հայտնաբերում է, որ այն տեղում, որտեղ կանգնել էր սև կոստյումով անծանոթը, խոտը մոխրացել էր և բուրում էր ծծմբի հոտ։ Հայր և որդի որոշում են ոչինչ չպատմել մորը։
Պատմվածքի վերջում, ծերուկն ինքն իրեն հարց է տալիս, թե ինչ կլիներ, եթե ևս մեկ անգամ հանդիպեր սատանայի հետ, և ինչ կլիներ, եթե սատանան կրկին սոված լիներ, բայց այս անգամ նա չունենար կարմրախայտ։
Ստեղծամ պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սթիվեն Քինգը պատմում է, որ մի անգամ իր ընկերներից մեկից մի պատմություն է լսել, իբրև իր պապը երիտասարդ տարիքում, քսաներորդ դարի ամենասկզբում, անտառում հանդիպել է սև կոստյումով մի տղամարդու հետ, ով ուներ նարնջա-կարմրագույն աչքեր և որից ծծմբի հոտ էր բուրում։ Բայց վերջինիս հաջողվել էր փախչել։ Այդ պատմությունը համարվում է «Սև կոստյումով տղամարդը» պատմվածքի հիմքը։ Ըստ Քինգի վկայության, պատմվածքը գրելու գործընթացն այնքան էլ ուրախ չէր և իր աշխատանքի արդյունքին վերաբերվում էր միանգամայն թերահավատորեն։ Սակայն, ի զարման հեղինակի, պատմվածքը ոչ միայն տպագրվում է, այլ նաև ստանում մի քանի մրցանակներ, իսկ ընթերցողների կարծիքներն էլ դրական էին։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերի՝ պատմվածքի գլխավոր հերոսը։
- Դեն՝ Հերիի ավագ եղբայրը, ով մահացել էր 1913 թվականին, պատմվածքում եղած դեպքերից մի քանի առաջ, մեղվի խայթոցի առաջացած անաֆիլակտիկ շոկի պատճառով։
- Լորետտա — Ալբիոնի կինը և Հերիի ու Դենի մայրը։
- Ալբիոն — Լորետտայի ամուսինը և Հերիի ու Դենի հայրը։
- Սև կոստյումով տղամարդը — սատանա, որն ընդունել էր մարդկային կերպարանք։
- Հելեն Ռոբիչոդ (Սվիթի մայրը) — մեթոդիստական եկեղեցու բարեգործական կազմակերպության ամենածեր կինը։
- Քենդի Բիլլ — Հերիի տերյերը։
Կարճամետրաժ ֆիլմի ադապտացիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին, պատմվածքն էկրանավորվել է կարճամետրաժ ֆիլմի, որտեղ անծանոթի դերում էր դերասան, գրող և երգիծաբան Ջոն Վիեները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆենտեզի համաշխարհային մրցանակ․ 1995
- Օ․ Հենրի մրցանակ․ 1995
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Պատմվածքը horrorking.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Սթիվեն Քինգ «Ամեն ինչ հնարավոր է» = «Everything's Eventual: 14 Dark Tales». — Մոսկվա: «АСТ», 2006. — С. 97. — 668 с. — 3500 экз. — ISBN 5-17-018833-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմվածքը Արխիվացված 2011-04-20 Wayback Machine horrorking.com կայքում
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սև կոստյումով տղամարդը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Stephen King Short Movies Արխիվացված 2006-03-03 Wayback Machine