Փյանջ (տաջ.՝ Панҷ), գետ Ասիայում, Ամուդարյայի ձախ վտակը։ Ձևավորվում է Պամիր և Վախանդարյա գետերի միախառնումից[1]։ Ակունքի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 2817 մ։ Սահմանային գետ է, բաժանում է Աֆղանստանը (ձախ ափ) և Տաջիկստանը (աջ ափ)։ Բացառություն է կազմում Խատլոնի մարզի Խամադոնի շրջանում մի փոքր հատված, որտեղ գետի հունի փոփոխման պատճառով Տաջիկստանի մի փոքր հատված հայտնվել է ձախ ափում[2]։ Երկարությունը 921 կմ է, ջրահավաք ավազանի մակերեսը՝ 114 հզ. կմ², ջրի միջին ծախսը՝ 1000 մ³/վ[3]։ Ջրերն օգտագործվում են ոռոգման համար։
Անվանումը իրաներեն նշանակում է «հինգ», բայց քանի որ վտակները զգալիորեն շատ են այդ թվից, ապա տարբեր մեկնաբանողներ այդ հնգյակի մեջ են ներառում տարբեր գետեր, ամենից հաճախ՝ Պամիր, Վախանդարյա, Գունտ Բարտանգ և Վանչ։
Փյանջի հովտով է անցնում Դուշանբե-Խորոգ ավտոմայրուղու մի հատվածը։ Յորխդարայի և Փյանջի միախառնման մոտ գտնվում է Յորխ գյուղը (կիշլակը)։ Փյանջի վերին հոսանքներում հնագետները հայտնաբերել են հնագույն ժամանակների բնակատեղիներ։