Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չարդախլու)
Սուրբ Աստվածածին | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Եկեղեցի |
Երկիր | Ադրբեջան |
Տեղագրություն | Խաչիսար (Չարդախլու) |
Կառուցման սկիզբ | 1871 |
Կառուցման ավարտ | 1872 |
Սուրբ Աստվածածին եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Շամքորի շրջանի Խաչիսար (Չարդախլու) գյուղում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1844 թվականին Չարդախլու գյուղում հիշատակվում է մի քարաշեն եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տասնամյակների ընթացքում այդ եկեղեցին, հավանաբար, քայքայվել է և 1870-ական թվականների սկզբին բնակչությունը ձեռնամուխ է եղել նոր և իր չափերով առավել ընդարձակ եկեղեցի կառուցելու գործին։ Շինարարությունն իրականացվել է 1871-1872 թվականների ընթացքում հասարակության միջոցներով, որը վկայվում է նաև եկեղեցու շինարարական վիմագրում։ Նորակառույց եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին։
Ի (11-րդ) դարի սկզբին Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր քայքայված վիճակում և կարոտ էր վերանորոգելու։ Գյուղի հասարակությունը 1903 թվականի հուլիսի 20-ի համախոսական վճռով դիմել է Գանձակի հոգևոր իշխանություններին՝ վերանորոգելու առաջարկով։ Սակայն, ինչպես երևում է 1913 թվականին կազմված մի վավերագրից, եկեղեցու վերանորոգման աշխատանքները ձգձգվել են, որի հետևանքով եկեղեցին ավելի էր խարխլվել։
Ի վերջո, 1914 թվականին Էջմիածնի Սինոդը բավարարել է չարդախլվեցիների խնդրանքը՝ պատվիրելով «...Գանձակի հոգևոր կառավարութեանը թոյլ տալ Չարդախլու գիւղի ծխականներին նորոգել եկեղեցին, ծախսելով եկեղեցական գումարներից հազար հինգ հարիւր յիսուն րուբլի...»:
Խորհրդային իշխանությունները 1928 թվականին եկեղեցին փակել են, այն օգտագործվել է որպես պահեստ։
1988 թվականի դրությամբ եկեղեցին միանգամայն կանգուն և անվնաս վիճակում էր։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Աստվածածին եկեղեցին ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ շինություն է։ Երկթեք ծածկի տակ առնված թաղակապ տանիքը ներքուստ պահում են երեք զույգ սյուների և որմնասյուների վրա հենված քաղակիր կամարները։ Երեք նավերն արևելքում ավարտվում են՝ կենտրոնականը՝ կիսաշրջան խորանով, եզրայինները՝ ուղղանկյուն ավանդատներով։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Լուսավորությունն իրականացված է արևելյան, արևմտյան ու հարավային ճակատների երեքական և արևմտյան մեկ, դեպի ներս լայնացող նեղ լուսամուտներով։ Իր ավանդական տեղում է մկրտարանի ավազանը։ Եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով։ Սյուներն ու որմնասյուները, որմնակամարները, մուտքի բարավորն ու անկյունաքարերը սրբատաշ են։ Ծածկը կղմինդրապատ է։ Արտաքին չափերն են՝ 23,65×12,75 մետր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խաչիսար». 2018 թ․ հունիսի 5.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 515-517։
- Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321։
- «Նոր-դար», 1889, №197, էջ 3։