Սուրբ Աստվածածին եկեղեցի (Չարդախլու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին
Հիմնական տվյալներ
ՏեսակԵկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունԽաչիսար (Չարդախլու)
Կառուցման սկիզբ1871
Կառուցման ավարտ1872

Սուրբ Աստվածածին եկեղեցի Ադրբեջանի Հանրապետության Շամքորի շրջանի Խաչիսար (Չարդախլու) գյուղում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1844 թվականին Չարդախլու գյուղում հիշատակվում է մի քարաշեն եկեղեցի՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Տասնամյակների ընթացքում այդ եկեղեցին, հավանաբար, քայքայվել է և 1870-ական թվականների սկզբին բնակչությունը ձեռնամուխ է եղել նոր և իր չափերով առավել ընդարձակ եկեղեցի կառուցելու գործին։ Շինարարությունն իրականացվել է 1871-1872 թվականների ընթացքում հասարակության միջոցներով, որը վկայվում է նաև եկեղեցու շինարարական վիմագրում։ Նորակառույց եկեղեցին անվանվել է Սուրբ Աստվածածին։

Ի (11-րդ) դարի սկզբին Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում էր քայքայված վիճակում և կարոտ էր վերանորոգելու։ Գյուղի հասարակությունը 1903 թվականի հուլիսի 20-ի համախոսական վճռով դիմել է Գանձակի հոգևոր իշխանություններին՝ վերանորոգելու առաջարկով։ Սակայն, ինչպես երևում է 1913 թվականին կազմված մի վավերագրից, եկեղեցու վերանորոգման աշխատանքները ձգձգվել են, որի հետևանքով եկեղեցին ավելի էր խարխլվել։

Ի վերջո, 1914 թվականին Էջմիածնի Սինոդը բավարարել է չարդախլվեցիների խնդրանքը՝ պատվիրելով «...Գանձակի հոգևոր կառավարութեանը թոյլ տալ Չարդախլու գիւղի ծխականներին նորոգել եկեղեցին, ծախսելով եկեղեցական գումարներից հազար հինգ հարիւր յիսուն րուբլի...»:

Խորհրդային իշխանությունները 1928 թվականին եկեղեցին փակել են, այն օգտագործվել է որպես պահեստ։

1988 թվականի դրությամբ եկեղեցին միանգամայն կանգուն և անվնաս վիճակում էր։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին ուղղանկյուն հատակագծով եռանավ բազիլիկ շինություն է։ Երկթեք ծածկի տակ առնված թաղակապ տանիքը ներքուստ պահում են երեք զույգ սյուների և որմնասյուների վրա հենված քաղակիր կամարները։ Երեք նավերն արևելքում ավարտվում են՝ կենտրոնականը՝ կիսաշրջան խորանով, եզրայինները՝ ուղղանկյուն ավանդատներով։ Միակ մուտքը բացված է հարավային ճակատից։ Լուսավորությունն իրականացված է արևելյան, արևմտյան ու հարավային ճակատների երեքական և արևմտյան մեկ, դեպի ներս լայնացող նեղ լուսամուտներով։ Իր ավանդական տեղում է մկրտարանի ավազանը։ Եկեղեցին կառուցված է անմշակ քարով, կրաշաղախով։ Սյուներն ու որմնասյուները, որմնակամարները, մուտքի բարավորն ու անկյունաքարերը սրբատաշ են։ Ծածկը կղմինդրապատ է։ Արտաքին չափերն են՝ 23,65×12,75 մետր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Խաչիսար». 2018 թ․ հունիսի 5. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ս. Կարապետյան, ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՐՑԱԽ, էջ 515-517։
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, էջ 321։
  3. «Նոր-դար», 1889, №197, էջ 3։