Սուրբ Ամենափրկիչ վանք (Նուկզար)
Սուրբ Ամենափրկիչ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք |
Երկիր | Ադրբեջան |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ամենափրկիչ (այլ կիրառումներ)
Սուրբ Ամենափրկիչ վանք, հայկական առաքելական վանական համալիր ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շամքորի շրջան Նուկզար գյուղի հարավարևմտյան մասում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրբ Ամենափրկիչ վանքի հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Ժամանակակից տեղագրական գրականության մեջ թվագրվում է ԺԲ դարով[2]։
Վանական համալիրի վերաբերյալ չի պահպանվել մատենագրական ոչ մի տեղեկություն։ Միայն նախկինում հրատարակված արձանագրությունները հիմք են տալիս ենթադրելու, որ արդեն ԺԷ դարում վանքը եպիսկոպոսանիստ էր[1]։
1984 թվականին ՀՃՈւԿ-ի մասնագետների մի խմբի այցելության ժամանակ վանքում գտնվել միայն մեկ արձանագրություն, բարեբախտաբար, մյուս երկու վիմագրերը նախկինում հրատարակվել էին[3]։
1853 թ. սեպտեմբերի 28-ին վանքի մասին կազմված տեղեկագրից պարզվում է, որ վանքն արդեն չէր գործում և գտնվում էր անմխիթար վիճակում.
...յաւերակ Անապատն, որ կոչի Ամենափրկիչ, գտանեցեալն ի գաւառամասին Ելիսաւէտօպօլու, մերձ Հարցհանգիստ, Նունգուզար և Գուլամբար գիւղօրէիցն, վերանկատեցին զամենայն դիրս նորին հանդերձ ամենայն հանգամանօք վերաբերութեանց այնորիկ...: Անապատս այս ի նախնումն էր հռչակաւոր և երևելի վանք, յորում և եղեալ են բազմաթիւ միաբանք և վանահարք, եպիսկոպոսք, ի ներկայումս եկեղեցին միայն կայ յամբողջ դրութեամբ, իսկ միւս շինուածք և տունք սենեակք և այլ կացարանք և շրջապատ պարիսպք կան ոմանք ի կիսափուլ և այլք ի քայքայեալ տեսակս[4] |
Վանքի կիսավեր վիճակը մատնանշել են նաև տեղագիր հեղինակները ԺԹ դարի վերջին.
Եկեղեցին փոքրիկ տաճար է, հոյակապ, քարաշէն, տանիքը խոնարհած. տաճարին կից է թաղակապ փոքրիկ գաւիթ, իսկ տաճարի աջ և ձախ կողմերում՝ երեք խորան...: Մենաստանի արևելակողմն եղել է վանքի ձիթահանքն, իսկ արևմտակողմն - միաբանների սենեակներ, և շրջապատը քարաշէն պարիսպ. այժմ աւերակներն են միայն մնացել[5] |
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրը բաղկացած է եղել եկեղեցուց, կից գավթից, միաբանության խցերից, օժանդակ կառույցներից ու շրջապարսպից, ինչպես նաև՝ հիմնական հուշարձանախմբից ոչ հեռու՝ բլրալանջին տարածվող գերեզմանոցից, որտեղից մի քանի խաչքարեր տեղափոխվել և ագուցվել են եկեղեցու ու գավթի որմերի մեջ։ 1984 թվականի դրությամբ վանքի մյուս շինություններն ավերված էին[6]։
Կալվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԺԹ դարասկզբին Սբ. Ամենափրկիչ վանքի իրավասության տակ էին գտնվում Գյուլամբար գյուղի Կարմիր վանքը և մոտակա գյուղերը[7]։
1840 թ. վանքի դրության և կալվածքների մասին նշվել է.
Ամենափրկիչ անապատ է այժմ անմիաբան. ունի զմի ձիթահանք աւերակ և յիսուն օրավար հող խոպանացեալ...[8] |
1853 թ. կազմված մի վկայագրում կարդում ենք.
...վանքս այս Ամենափրկիչ և անապատն Կարմիր եկեղեցի, որ կից նմին ունեցեալ են ի սեպհականութեան իւրեանց և տիրապետութեան զամենայն շրջակայ վայրսն, որոց տարածութիւն բաղկանան ըստ չորից յետոյ նշանակեալ սահմանացս, արևելյան կողմն է Էլչի կոչեցեալ ճանապարհն, որ է ի կողմն Բաղշեկ գեղջ սահմանակցի վանացն։ Արևմտեան կողմն է գետն Շամքոռ, հարաւայինն է Պապի գոմէր և հիւսիսայինն է սահմանն Նունգուզար գեղջ...[4] |
1860-1862 թթ. վանքի կալվածքը բաղկացած էր վարելահողից և անտառից։ Նույն դրությունն էր նաև 1886 թվականին[9][10]։
1910 թ. կազմված Գանձակի վանական կալվածքների տեղեկագրում նշված է.
Այս հնադարեան անապատը բոլորովին զուրկ է արդիւնաբերող կալւածքից և տխուր տպաւորութիւն է թողնում անցորդի վերայ։ Ծառայում է որպէս ուխտատեղի, մօտակայ ծխատէր քահանաների հսկողութեան ներքոյ[11] ՀԱԱ138։ |
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 500
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հ. 4, Երևան, 1988, էջ 36
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 503
- ↑ 4,0 4,1 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 17
- ↑ «Արձագանք», 1886, N 21, էջ 307
- ↑ Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 501-502
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 596, թ. 1
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3798, թ. 64-65
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3834, թ. 25-26, գ. 3836, թ. 45-46
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56Պ, ց. 18, գ. 138
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 26