Jump to content

Սոսինձներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սոսինձներ

Սոսինձներ, բնական կամ սինթետիկ նյութեր, որոնք օգտագործվում են թուղթը, փայտանյութը, կտորեղենը, կաշին, մետաղը, ապակին, ռետինը սոսնձելու համար։ Սոսինձները պոլիմերների կոմպոզիցիաներ են, որոնք երբեմն պարունակում են նաև հավելանյութեր՝ օքսիդներ, պլաստիֆիկատորներ ևն։ Տարբեր մածուցիկության հեղուկներ են (լուծույթներ, սուսպենզիաներ, Էմուլսիաներ, հեղուկ մոնոմերներ), թաղանթներ, փոշիներ կամ ձողիկներ (օգտագործելիս հալում են կամ սոսնձվող մակերևույթը նախօրոք տաքացնում)։ Սոսնձվող մակերևույթները վերամշակում են (մեխանիկական մաքրում, յուղազերծում, անողորկացում ևն), սոսնձապատում և ամուր հպում իրար։ Սոսինձները պետք է լավ թրջեն այդ մակերևույթները։ Լուծիչը հեռանալու (գոլորշիացում), սառչելու կամ քիմիական փոխարկումների (պոլիմերացում, պոլիկոնդենսում են) շնորհիվ սոսինձների պնդանում են՝ առաջացնելով սոսնձաթաղանթի նուրբ շերտ սոսնձվող մակերեսների միջև։ Սոսնձվելը հետևանք է սոսնձաթաղանթի ու սոսնձվող նյութի մակերևույթների փոխազդեցության (ադհեդիա)։ Սոսնձման ամրությունը պայմանավորված է նաև սոսնձաշերտի ներսում մոլեկուլների փոխադարձ ձգողության (կոհեզիա)։ Ըստ հիմնական բաղադրիչի բնույթի տարբերում են՝ անօրգանական, օրգանական և տարրօրգանական սոսինձներ։

Անօրգանական սոսինձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անօրգանական սոսինձներն են նատրիումի և կալիումի սիլիկատների ջրային լուծույթները (հեղուկ ապակի), նաև ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների կոմպոզիցիաների ջրային սուսպենզիաները (սոսնձաֆրիտներ)։ Առաջիններն օգտագործվում են թաղանթանյութերի իրերը (փայտ, թուղթ), մյուսները՝ մետաղներն ու խեցեղենը սոսնձելու համար։

Օրգանական սոսինձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրգանական սոսինձները բնական կամ սինթետիկ պոլիմերների կոմպոզիցիաներ են, երբեմն հեղուկ մոնոմերներ։ Բնական սոսինձները ստանում են բուսական, ծագում ունեցող նյութերից (բուսախեժեր, օսլա, դեքստրին, բնական կաուչուկ, գուտապերչ, սոյայի կազեին և այլն), նաև կենդան, նյութերի [կաշի, ոսկոր, եղջյուրներ, եղջրաթեփուկներ (կոլագեն), արյուն (ալբումին), կաթ (կազեին)] վերամշակման արդյունքներից։ Նշված սոսինձներն անկայուն են միկրոօրգանիզմների և ջրի ներգործության նկատմամբ և աստիճանաբար ավելի հաճախ են փոխարինվում սինթետիկ սոսինձներով։

Սինթետիկ սոսինձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինթետիկ սոսինձները, որոնք պատրաստում են արտադրվող սինթետիկ պոլիմերների մեծ մասից, ավելի կայուն են արտաքին ազդակների նկատմամբ և սոսնձում են ամենատարբեր նյութերը (մետաղներ, ապակի, խեցեղեն, պլաստմասսաներ, փայտանյութեր, կտորեղեն են)։ Առավել տարածված են կարբամիդային, պոլիակրիլային, պոլիվինիլացետատային, պոլիուրետանային, կաուչուկային (քլորոպրենային և այլն), ֆենոլմրջնալդեհիդային և էպօքսիղային խեժերը։

Տարրօրգանական սոսինձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրօրգանական սոսինձների հիմնական բաղադրիչները սիլիցիումօրգանական, բորօրգանական, մետաղօրգանական պոլիմերներն են։ Այդ սոսինձները չափազանց ջերմակայուն են՝ սոսնձակարի ամրությունը մնում է անփոփոխ 400—600 °C ջերմաստիճաններում երկարատև պահելիս, ինչպես նաև մինչև 1000 °C և բարձր կարճատև տաքացնելիս։ Օգտագործվում են մետաղները, գրաֆիտը, ջերմակայուն պլաստմասսաները և այլն սոսնձելու համար։ Ըստ նշանակության սոսինձները լինում են կառուցվածքային, ոչ կառուցվածքային և հատուկ։

Կառուցվածքային սոսինձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվածքային սոսինձները այնպիսի կոմպոզիցիաներ են, որոնք ապահովում են դինամիկ և ստատիկ ծանրաբեռնվածությունների հաղորդումը դետալի իրար սոսնձված մի մասից մյուսը։ Նրանց առաջացրած սոսնձաթաղանթը կարծր է ջերմաստիճանների և ծանրաբեռնվածությունների աշխատանքային միջակայքում։

Ոչ կառուցվածքային սոսինձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ կառուցվածքային սոսինձներն օգտագործվում են պաստառները, գեղատես ծածկույթները, մեկուսիչ նյութերը, մանր դետալները, կիսահաղորդչային և այլ ռադիոսարքերը սոսնձելու համար։

Հատուկ սոսինձներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հատուկ նշանակության սոսինձները (էլեկտրահաղորդիչ, օպտիկական, վիրաբուժական են) ունեն յուրահատուկ ֆիզիկ, հատկություններ։ Սոսինձների օգտագործման տեխնոլոգիայի պարզությունը, փոքր աշխատատարությունը, սոսնձակարի հերմետիկությունը, մեխանիկական կայունությունը պայմանավորվում են նրանց անընդհատ ընդլայնվող կիրառությունը տնտեսության ամենատարբեր բնագավառներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 510