Սոս Սահակյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոս Սահակյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1949 (74 տարեկան) |
Ծննդավայր | Դամալա |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1972) և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (1974) |
Գիտական աստիճան | տնտեսագիտական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | տնտեսագետ և գործարար |
Սոս Տիգրանի Սահակյան (օգոստոսի 5, 1949, Դամալա), հայ տնտեսագետ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, գործարար, Ուկրաինայի պատվավոր հյուպատոս, նստավայր` ք. Գյումրի[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոս Սահակյանը ծնվել է 1949 թվականին, Ջավախքի Դամալա գյուղում, գյուղատնտեսի ընտանիքում։ Նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Էրզրում նահանգից։ Հաճախել է Դամալայի միջնակարգ դպրոց և դպրոցական տարիներին հետաքրքրված է եղել մաթեմատիկայով և սպորտով՝ մասնավորապես շախմատով և ֆուտբոլով։ 1967 թվականին տեղափոխվել է Երևան։ 1967-1972 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և ստացել տնտեսագետի որակավորում։ 1972-1974 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում, տնտեսագիտական գիտությունների թեկնածու է։ Հրատարակել է ավելի քան 10 գիտական աշխատություն։ 2012թ. սեպտեմբերի 19-ին տրված 288 թվակիր հյուպատոսական արտոնագրի համաձայն Սոս Սահակյանը նշանակվել է Ուկրայինայի պատվավոր հյուպատոս Հայաստանի Հանրապետության Շիրակի, Տավուշի և Կոտայքի մարզերում[2]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Планирование эффективности производства и пути ее повышения[3]
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շուրջ 20 տարի աշխատել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի կառավարման տարբեր ոլորտներում, համատեղ դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ։ Խորհրդային համակարգի փլուզումից հետո 5 տարի աշխատել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում՝ հիմնելով սեփական բիզնեսը։ 1997 թվականից վերադարձել է Հայաստան և 2001 թվականին հիմնադրել «Սովրանո» և «Սոնագրո» ընկերությունները, որոնք ներկա դրությամբ ունեն 1000-ից ավելի աշխատակից։ Սեփական հրուշակեղենի գործարանի արտադրանքը վաճառվում է Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և մի շարք երկրներում։
Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահության անդամ է[4] և «Հայաստան-Վրաստան» համագործակցության խմբի ղեկավարը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդման համար Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան կողմից ստացել է պատվո հավաստագիր[5]։
2017 թվականին Հայաստանում և Ջավախքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, հայապահպանության գործում առանձնահատուկ ծառայությունների, կրթական, մշակութային խնդիրների լուծման գործում մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով[6]։
2019 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է «Ռազմական համագործակցության համար» մեդալով։
2020 թվականի օգոստոսի 5-ին Ջավախքում լայնածավալ բարեգործական ծրագրեր իրագործելու, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կայացման և առաջխաղացման գործում առանցքային ավանդ ունենալու համար արժանացել է ՋԱՀ-ի «Բարձրագույն պարգև» շքանշանին և «Պատվո անդամի» կոչմանը։
2020 թվականին պարգևատրվել է Հայ Առաքելական Եկեղեցու կողմից։ Ջավախքում կյանքի բարգավաճման ու առաջընթացի, կրթական և մշակութային բազմաթիվ ծրագրերով հայապահպանության կարևոր առաքելությանը ծառայելու, տասնյակ եկեղեցիների բարեկարգմանն ու վերաօծմանը, Թեմի առաջնորդարանի նոր գրասենյակի կառուցմանը, «Հայարտուն» կենտրոնի գործունեությանն աջակցելու համար Սոս Սահակյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսի անունից ստացել է Առաքելական Սուրբ եկեղեցու Սուրբ Ներսես Շնորհալի բարձր շքանշանը։
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոս Սահակյանն իրականացրել է բազմաբնույթ բարեգործական միջոցառումներ, հատկապես Ջավախքում[7][8]՝ նպաստելով հայապահպանության խնդրի և տարածաշրջանի սոցիալական, մշակութային և տնտեսական հարցերի լուծմանը։ 2009 թվականին Դամալա գյուղում Սոս Սահակյանը ստեղծել է հիմնադրամ, որը հոգում է գյուղի տարբեր խնդիրները։ 2013 թվականի դեկտեմբերին Սոս Սահակյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը[9][10], որի շուրջ միավորվել են ջավախքյան ծագում ունեցող մտավորականներ և գործարար աշխարհի ներկայացուցիչներ։ Սոս Սահակյանի ընտանիքը հովանավորում և աջակցում է նաև Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային թիմի ամբողջ գործունեությունը։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ծնողներ՝ Տիգրան Սահակյան, Բեթխեհեմ Սահակյան
- Կին՝ Անահիտ Պողոսյան, քիմիկ
- Դուստր՝ Նունե Սահակյան, մաթեմատիկ, ծրագրավորող, մարքեթոլոգ
- Որդի՝ Արման Սահակյան[11], ԱԺ նախկին պատգամավոր, գործարար
- Դուստր՝ Սոնա Սահակյան, տնտեսագետ, գործարար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ուկրաինայի պատվավոր հյուպատոս Սոս Սահակյան
- ↑ Ուկրաինայի հյուպատոսարան Գյումրիում
- ↑ [1]
- ↑ ՀՀ ԱԱՊ նախագահության նիստ
- ↑ Ուկրաինայի պատվավոր հյուպատոսի գրասենյակ
- ↑ «ՀՀ սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 8-ին.
- ↑ Սոս Սահակյան։ «Հակակշռել թուրք-ադրբեջանական տնտեսական էքսպանսիային Ջավախքում»
- ↑ Հարցազրույց - Աշոտ Մելքոնյան և Սոս Սահակյան
- ↑ «Սոս Սահակյան։ Գործարար, բարեգործ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
- ↑ Ջավախքի օժանդակության հիմնադրամն աջակցում է բազմազավակ ընտանիքներին
- ↑ Արման Սոսի Սահակյանի մասին ՀՀ ԱԺ կայքում