Սերգեյ Սմբատյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սմբատյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Սմբատյան | |
---|---|
Ի ծնե անուն | Սերգեյ Արմենի Սմբատյան |
Ծնվել է | Սեպտեմբերի 23, 1987 Երևան, Հայաստան |
Երկիր | Հայաստան և ԽՍՀՄ |
Ժանրեր | Սիմֆոնիկ երաժշտություն |
Մասնագիտություն | Դիրիժոր Ջութակահար |
Գործիքներ | ջութակ |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ | |
Կայք | sergeysmbatyan.com |
Sergey Armenovich Smbatyan Վիքիպահեստում |
Սերգեյ Արմենի Սմբատյան (սեպտեմբերի 23, 1987, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դիրիժոր, ջութակահար։ Հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավարը, իսկ 2019 թվականի սեպտեմբերից նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։
Երաժշտության միավորող, նորոգող և ոգեշնչող ուժը ուղեկցել և նպաստել է Սերգեյ Սմբատյանի կայացմանը դեռևս վաղ մանկությունից։ Նրա գեղարվեստական հայացքները հղկվել են՝ մեկտեղելով երաժշտարվեստի լավագույն ավանդույթներով ստացած կրթությունը և անձնական մեծ նվիրումը՝ վերափոխելու կյանքը կատարման և ունկնդրության միջոցով։ Խարիզմատիկ հայ դիրիժորի վայելած հեղինակությունը երաժիշտների և քննադատների շրջանում սկիզբ է առնում նրա հմուտ տեխնիկայի ճկունությունից, երաժշտական գաղափարների ձևավորման և հաղորդման նրա խանդավառությունից և նրա կատարողական հարստությունից և խորությունից։ Իր ձեռքբերումներով մեծ ճանաչում վայլելելով հայրենիքում և ավելի ու ավելի պահանջված դառնալով միջազգային բեմերում՝ նա շարունակում է գործել որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժոր, իսկ 2019 թվականի սեպտեմբերից՝ նաև որպես Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը։
Որպես անհատ և երաժիշտ կայանալու ուղին անցնելիս Սերգեյ Սմբատյանի համար մեծ դեր է խաղացել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը նա հիմնադրել է 2006 թվականին, երբ դեռևս 18 տարեկան ուսանող էր։ Նրա ղեկավարությամբ նվագախումբը երիտասարդական անսամբլից վերափոխվել է լիակազմ պրոֆեսիոնալ նվագախմբի, որը լավագույններից մեկն է Հայաստանում։ 2020 թվականի սկզբին դիրիժորի գլխավորությամբ նվագախումբը ութ համերգներով մեկնեց եվրոպական համերգային շրջագայության՝ առաջին անգամ հանդես գալով Վիեննայի «Մուզիքֆեղայնի», Բեռլինի ֆիլհարմոնիայի, Զալցբուրգի «Փառատոնային մեծ համերգասրահի», Լոնդոնի «Բարբիքան սենթրի», Մոսկվայի «Զարյադյե համերգասրահի», Մյունխենի «Ֆիլարմոնի Գասթայգի», Շտուտգարդի «Բեթհովենի անվան համերգասրահի» և Պրահայի «Ռուդոլֆինիում» համերգասրահի բեմերում։
SeenandHeardInternational.com կայքը հիացական տպավորություններով է լուսաբանել նվագախմբի համերգը Լոնդոնի «Բարբիքան սենթր» համերգասրահում՝ որպես «հիասքանչ երեկո», ինչպես նաև գովեստի խոսքերով է արտահայտվել Սմբատյանի նվագախմբի մասին՝ այն բնութագրելով որպես «նրբաճաշակ անսամբլ՝ առանց որևէ թույլ կողմի»։
Սերգեյ Սմբատյանի կարիերայի համար նշանակալի առաջխաղացում էին վերջին ժամանակների համերգաշրջանները, որոնց ընթացքում նա որպես հրավիրյալ դիրիժոր ելույթ է ունեցել Ռուսաստանի ու Դրեզդենի ֆիլհարմոնիկ նվագախմբերի, Վարշավայի, Բեռլինի, Երուսաղեմի, Պրահայի սիմֆոնիկ նվագախմբերի, Բեռլինի «Կոմիշե օպեր» և այլ երաժշտական կոլեկտիվների հետ։ 2017 թվականի ամռանը առաջին անգամ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հանդես գալուց մեկ տարի անց նա համերգային շրջագայությամբ նույն նվագախմբի հետ ելույթ ունեցավ Գերմանիայի և Ավստրիայի հեղինակավոր համերգասրահներում և կարճ ժամանակ անց հրավիրվեց՝ որպես գլխավոր դիրիժոր ղեկավարելու նվագախումբը։
Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2021-2022 համերգաշրջանի Եվրոպական տուրի շրջանակում Սերգեյ Սմբատյանը նվագախմբի հետ բեմ կբարձրանա Բեռլինի ֆիլհարմոնիայի և Վիեննայի «Մյուզիքֆեղայն» դահլիճներում։ Նրա օրացույցը հագեցած էր նաև Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի, Ռուսաստանի պետական նվագախմբի, Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախմբի և Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ կայանալիք համերգների ամսաթվերով՝ InClassica միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում։ 2021-2022 համերգաշրջանի ընթացքում Միացյալ Թագավորությունում անցկացվելիք առաջին համերգային տուրի ընթացքում մաեստրո Սմբատյանը կղեկավարի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ 11 համերգով ելույթ ունենալով մենակատար Մաքսիմ Վենգերովի հետ, որից հետո՝ առաջին անգամ բեմ կբարձրանա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Համերգային ծրագրեր կազմելիս Սերգեյ Սմբատյանը մեծ կարևորություն է տալիս տարբեր կոմպոզիտորների ստեղծագործությունների ներդաշնակ համադրմանը, ինչպես նաև կենսական անհրաժեշտություն է համարում նվագացանկը թարմացնելը նոր և գրավիչ երաժշտական գործերով։ «Ինձ համար խթան է հանդիսանում հանդիսատեսին ընտիր երաժշտություն մատուցելու և մեր հիանալի երաժշտարվեստը զարգացնելու ձգտումը»,-նկատում է մաեստրոն։ Վերջին երկու տասնամյակի ընթացքում նա մեծապես ընդլայնել է իր նվագացանկը՝ ներառելով տարբեր գործեր՝ արևմտյան սիմֆոնիկ գրականության գլուխգործոցներից և անտեսված գոհարներից մինչև հայկական և արևելաեվոպական այլ կոմպոզիտորների նշանակալի ստեղծագործություններ, որոնցից շատերը գրվել են նրա պատվերով կամ հատուկ իր համար։ «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգային ծրագրերը մշակելիս ես մշտապես ձգտել եմ համատեղել արևելյան և արևմտյան երաժշտական ավադույթները՝ միևնույն ժամանակ ներկայացնելով հանդիսատեսին նորահայտ գործեր։ Ես ցանկանում եմ այլ նվագախմբերի և նրանց հանդիսատեսին ծանոթացնել արևելյալ երաժշտական ավանդույթներով ստեղծված գործերի հետ և ցույց տալ, թե որքան ենք բոլորս իրականում կապված համանման զգացմունքներով ու հույզերով, որ երաժշտությունն արթնացնում է մեր մեջ»։
Բացի դիրիժորական գործունեությունից, Սմբատյանը նաև նշանակալից ներդրում է ունեցել Հայաստանի մշակութային կյանքում՝ որպես 4 երաժշտական փառատոնների և Խաչատրյանի անվան միջազգային ամենամյա մրցույթում դիրիժորության անվանակարգի հիմնադիր։ «Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի», «Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի», «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի» և «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի բովանդակային շրջանակները հուշում են, թե որքան մեծ արժեք է ներդնում Սերգեյ Սմբատյանը նոր գործունեության ծավալման, երիտասարդ կոմպոզիտորներին և կատարողներին ոգեշնչելու և դասական երաժշտության անցյալի թանկարժեք ժառանգության շարունակականությունն ապահովելու գործում։ 2016 թվականին Արամ Խաչատրյանի անվան ամենամյա միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար նշանակվելուց հետո նա 2020 թվականին առցանց ձևաչափով անցկացված ջութակի մրցույթի երրորդ եզրափակիչ փուլում ներառեց արհեստական բանականության լուծումներ։
Հիմքից սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու իր փորձով զինված՝ Սերգեյ Սմբատյանը վերջին տարիներին ստեղծել է չորս այլ նվագախմբեր ևս։ 2015 թվականին նա ստեղծեց «24/04» նվագախումբը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-ամյակի, իսկ այնուհետև՝ «Անկախության սերունդ» համահայկական նվագախումբն ու երգչախումբը՝ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։ Նա նաև հավաքել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մանկական կամերային երգչախումբ՝ նվիրված Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին և Համահայկական սիմֆոնիկ նվագախումբը, որի նպատակն ամփոփված էր աշխարհասփյուռ հայության միավորման գաղափարում։ Իսկ որպես կրթության և նորարարության ջատագով՝ նա ստեղծել է «ԴասԱ» նախագիծը՝ ավագ դպրոցում իրականացվող մի ծրագիր, որն աշակերտներին հնարավորություն է ընձեռում մոտիկից ծանոթանալու դասական երաժշտությանը։
Երիտասարդ երաժիշտների հետ համագործակցելու և դասական երաժշտության հանդիսատեսների թիվը բազմապատկելու Սմբատյանի վճռականությունը գրավեց երաժշտական աշխարհի ուշադրությունը 2019 թվականի հոկտեմբերին, երբ նրա ղեկավարմամբ WCIT-ի համաշխարհային նվագախումբն առաջին անգամ կատարեց արհեստական բանականության կողմից գրված դասական երաժշտության համերգ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կողմից Երևանում անցկացվող 2019 թվականի միջոցառման ծրագրով միավորվել էին երաժիշտներ ՀՊՍ նվագախմբից և 14 այլ երկրներից, որոնք նախկինում հյուրընկալել են կոնգրեսը։
2019 թվականին Սերգեյ Սմբատյանը հիմնել է «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը Արխիվացված 2023-01-27 Wayback Machine, որի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է մինչ օրս։ «Հավատալով նոր սերնդի տաղանդի ներուժին մենք հնարավորություն ենք տալիս կերտել երաժշտության կայուն ապագան». սա է այն տեսլականը, որին հավատալով և որպես ուղեցույց ընդունելով գործում է հիմնադրամը։ Հայաստանի պատանի տաղանդները ստանում են անգնահատելի աջակցություն հիմնադրամի կողմից` դառնալով նրա կրթաթոշակառուները։
1987 թվականին երաժիշտների ընտանիքում ծնված Սերգեյ Սմբատյանը ցուցաբերել է բացառիկ և խոստումնալից երաժշտական տվյալներ վաղ մանկությունից։ Առաջին ջութակի դասերը նրան տվել է իր տատիկը՝ ջութակահար և անվանի մանկավարժ Տատյանա Հայրապետյանը, որից հետո նա կրթությունը շարունակել է Կոմիտասի անվան և Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիաներում՝ հմտանալով Բագրատ Վարդանյանի և Զախար Բրոնի մոտ։ Առաջնորդության նրա բնատուր ունակություններն ու նախաձեռնողականության ոգին դրսևորվեցին 2005 թվականին, երբ նա հիմնադրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։ Չորս տարի անց՝ բարձրագույն կրթության ավարտից հետո, նրա անձնուրաց աշխատասիրության շնորհիվ երիտասարդներից կազմված անսամբլը զարգացավ՝ դառնալով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։
Ջութակի ռուսական հրաշալի դպրոցի ավանդույթներով ձևավորված կրթություն ստանալուց զատ՝ Սմբատյանը որպես դիրիժոր կատարելագործվեց իր իսկ երևանյան նվագախմբի հետ։ Նա մեծ հմտություններ ու փորձ ձեռք բերեց՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտում ստանալով նաև արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան, ինչպես նաև ավարտելով Լոնդոնի թագավորական երաժշտական ակադեմիան, որտեղ նա ձեռք է բերել անգնահատելի դիրիժորության արվեստի և արհեստի ճանաչողություն Սիր Քոլին Դեյվիսի շնորհիվ։ Մեծ Բրիտանիայում ուսանելու տարիներին նա «Ֆիլհարմոնիա» նվագախմբի և Մաքսիմ Վենգերովի հետ դիրիժորությամբ հանդես է եկել արքայազն Չարլզի հովանու ներքո Վինձորյան ամրոցում և Բուքինգհեմյան պալատում անցկացվող բարեգործական համերգներում, որից հետո լոնդոնյան Սենտ Լյուկում առաջին անգամ ելույթ ունեցել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Սերգեյ Սմբատյանի նվաճումների շարքում են Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչումը և Բեռլինի ֆիլհարմոնիայում անցկացված «Բեռլինյան դեբյուտ» միջազգային համերգային մրցույթում նրա ստացած առաջին մրցանակը։ 2014 թվականին նա դարձել է արվեստի բնագավառի ամենաերիտասարդ գործիչը և առաջին հայը, որին Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարի կողմից շնորհվել է «Արվեստի և գրականության ասպետ» տիտղոսը։
Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի վաստակավոր արտիստ (2016)[1]
- Հայաստանի մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[2]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ս. Ա. ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- ի աջակցություն Սերգեյ Սմբատյանի Արխիվացված 2023-11-23 Wayback Machine
- Ֆեյսբուքյան պաշտոնական էջ (Facebook)
- Ինստագրամյան պաշտոնական էջ (Instagram)
- Թվիտերյան պաշտոնական էջ (Twitter)
- Յութուբյան պաշտոնական էջ (YouTube)
- Պաշտոնական էջ Medici.tv կայքում
- Պաշտոնական էջ Naxos Records կայքում
- Պաշտոնական էջ Երաժշտություն հանուն ապագայի մշակութային հիմնադրամ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Սմբատյան» հոդվածին։ |
|