Սարհատ Պետրոսյան
Սարհատ Պետրոսյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1981 (42 տարեկան) |
Ծննդավայր | Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարան |
Մասնագիտություն | ճարտարապետ, քաղաքաշինարար և հետազոտող |
Սարհատ Պետրոսյան (սեպտեմբերի 27, 1981, Սալմաստ, Արևմտյան Ադրբեջան, Իրան), ճարտարապետ, քաղաքաշինարար, հետազոտող, 2018 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հոկտեմբեր՝ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավար[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծացել է իրանահայ բժիշկ Վազրիկ Պետրոսյանի և լրագրող Ռուբինա Ղազարյանի ընտանիքում։ 9 տարեկանում ընտանիքի հետ Իրանից տեղափոխվել է Հայաստան։ 2010 թվականին ամուսնացել է Արևիկ Մանուկյանի հետ (մասնագիտությամբ՝ սոցիոլոգ, անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի դուստրը)[2]։ Ունի երկու դուստր։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1997-2003 թվականներին սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում և ստացել ճարտարապետի (մագիստրոսի որակավորում)։ Գիտական-հետազոտական աշխատանքը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ «Շուշիի քաղաքաշինական զարգացման և ռեաբիլիտացիայի խնդիրները» թեմայով 2006 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ստացել ճարտարապետության թեկնածուի գիտական աստիճան։ 2004- 2017 թվականներին դասավանդել է նույն համալսարանում՝ 2014թ. ստանալով դոցենտի գիտական կոչում։ 2011 թվականին վերապատրաստվել է Կանզասի (ԱՄՆ) համալսարանի Ճարտարապետության, քաղաքաշինության և դիզայնի դպրոցում, իսկ 2015 թվականին՝ Ժնևի համալսարանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության պահպանության միջազգային իրավունքի ամբիոնում[3]։
Աշխատանքային և պաշտոնեական փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]
2006-2018 թվականներին հիմնադրել և ղեկավարել է ՍՊ2 նախագծային գրասենյակը։
2007 թվականին աշխատել է «Հայնախագիծ» ինստիտուտի քաղաքաշինական արվեստանոցում։ 2007-2018 թվականներին միջազգային ու տեղական տարբեր ծրագրերում, այդ թվում՝ ՀԲ-ի, ԵԱՀԿ-ի, ԵՄ-ի, Գեթթի հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններում, եղել է քաղաքային պլանավորման և զարգացման փորձագետ։ 2008-2011 թվականներին աշխատել է «Պողոսյան պարտեզներ» կազմակերպությունում որպես տնօրեն։ 2012-2018 թթ. հիմնադրել և ղեկավարել է «Ուրբանլաբ» քաղաքային անկախ հետազոտական կազմակերպությունը։ 2015-2017 թվականներին ղեկավարել է Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության «Պատմական քաղաքներում համայնքի քաղաքային ռազմավարություններ (COMUS)» համատեղ ծրագիրը[4]։
ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի որոշումով նշանակվել է ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար (2019 թ. հուլիսի 27-ից՝ Կադաստրի կոմիտե)։
Գիտական և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսանողական տարիներից հանդես է եկել Երևանում պատմական հուշարձանները քանդելու կամ ապամոնտաժելու ծրագրերի դեմ։ 2005 թվականին ընկերների հետ հաջողել է խոչընդոտել Երևանի Աբովյան փողոցում գտնվող և 19-րդ դար թվագրվող շենքը քանդելուն (ներկայիս «Ալեքսանդր» հյուրանոցի շենքի մի մասը), 2010 թվականին՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելուն[5], իսկ 2012 թվականին՝ Կառավարական շենքի գմբեթը կառուցելուն[6]։ Հանդես է եկել քաղաքաշինության և պատմական միջավայրերի պահպանության քաղաքականության վերաբերյալ առաջարկություններով[7]։ Պետրոսյանի ղեկավարած հետազոտության շրջանակում բացահայտվել է տեղական օրենքի և Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պահպանության կոնվենցիայի հակասությունը, ինչի արդյունքում 2014 թվականին փոփոխվել է Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրերի մասին ՀՀ օրենքը։
2016 թվականին Վենետիկի ճարտարապետական բիենալեում համադրել է Հայաստանի ազգային տաղավարը[8] ։
Մասնակցել է ավելի քան 40 գիտաժողովների և դասընթացների, հեղինակել կամ համահեղինակել է Հայաստանում և արտերկրում հրատարակված 18 աշխատություն[9] ։ 2017 թվականին Park Books-ը հրատարակել է Սարհատ Պետրոսյանի և Կատարինա Ռոթերսի «Ուտոպիա և փլուզում. վերանայելով Մեծամորը՝ հայկական ատոմային քաղաքը»[10]։
ՀՀ ճարտարապետների պալատի , «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի և «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի խորհուրդների, ինչպես նաև ՀՀ Նախագահի մրցանակի արվեստի հանձնախմբի անդամ է։ 2018 թվականին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կադաստրի կոմիտեի ղեկավարը հրաժարական է ներկայացրել». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 10-ին.
- ↑ editor (2018 թ․ հոկտեմբերի 22). «Արևիկ Մանուկյան և Սարհատ Պետրոսյան. «Քաղաքային կյանքն իր կանոններն ունի»». Medium (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «Sarhat Petrosyan - Academia.edu». independent.academia.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Community-Led Urban Strategies in Historic Towns». Community-led Urban Strategies in Historic Towns (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «ՀԱՎԱՔՎԵԼ Է 23 000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ». ՀԱՎԱՔՎԵԼ Է 23 000 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ ««Սա հերթական բուդկա չի, սա մայրաքաղաքի գլխավոր շենքն է»». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը 2». Hetq.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Մեր մասին». www.independentlandscape.am. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ «Sarhat Petrosyan - Academia.edu». independent.academia.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 17-ին.
- ↑ Utopia and Collapse.