Սառնարանային տեխնիկա
Սառնարանային տեխնիկա, տեխնիկայի բնագավառ, որն զբաղվում է 10-ից մինչև — 150°С ջերմաստիճանային տիրույթում արհեստական ցրտի ստացման և օգտագործման հարցերով։ Ավելի ցածր ջերմաստիճանների ստացմամբ զբաղվում է կրիոգենային տեխնիկան։ Տեխնիկայում արհեստական սառնության ստացման ամենատարածված աղբյուրն է սառնարանային մեքենան։ Արհեստական սառնությունը լայնորեն կիրառվում է սննդի քիմիական և նավթավերամշակման արդյունաբերության մեջ։ Քիմիական արդյունաբերության մեջ սառնությունն օգտագործում են գազերի հեղուկացման ու գազային խառնուրդների բաժանման համար, սինթետիկ նյութերի, ամոնիակի, ազոտային պարարտանյութերի արտադրության ժամանակ։ Նավթավերամշակման արդյունաբերության մեջ սառնությունն անհրաժեշտ է բարձրորակ բենզինի և որոշ քսուքային յուղերի ստացման համար։ Արհեստական սառնությունն օգտագործվում է նաև գազի արդյունաբերության մեջ (օրինակ, բնական գազի հեղուկացման համար)։ Արհեստական սառեցումը կիրառվում է նաև մեքենաշինության, շինարարության, բժշկության մեջ, արհեստական սառցադաշտերի կառուցման, ծովային ջրի անուշացման համնար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 190)։ |