Ռոմ (անգլ․ rum), թունդ սպիրտային խմիչք։ Պատրաստվում է ռոմի սպիրտից, որը ստանում են շաքարի արտադրության մեջ շաքարեղեգնի մնացուկների (մրգահյութ) կամ հյութի խմորմամբ և թորմամբ։ Ռոմի սպիրտը նոսրացնում են թորած ջրով, լուծույթին ավելացնում մինչև 1% շաքար, այրած շաքարով գունավորում են ստացված խառնուրդը (կուպաժ) և լցնում կաղնե տակառների մեջ, որտեղ պահում են առնվազն 4 տարի՝ 18—23 °C ջերմաստիճանի և օդի 70—80% հարաբերական խոնավության պայմաններում։ Ռոմն արտադրում են այն երկրներում, որտեղ մշակում են շաքարեղեգ։ Ռոմի արտադրությունն սկսվել է 17-րդ դարում, Բրիտանիայի Արևելա-Հնդկական գաղութներում։ Հայտնի է ճամայկայի ռոմը, որը պատրաստվում է Ճամայկա
կղզում (արտահանվում է 18-րդ դարից), ինչպես նաև Արևելա-Հնդկական այլ կղզիներում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։