Jump to content

Ռոզա Մարիա Ռոսսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Մարիա Ռոսսլեր
Ծնվել է1901
Մահացել է1954
Մասնագիտությունախտաբան

Ռոզա Մարիա Ռոսսլեր (թուրքերեն՝ Rosa Maria Rössler, 1901 - 1954), ավստրիական ծագումով բժշկուհի, ախտաբան[1]։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Մարիան Ջոզեֆ և Մարիա Վիմերների դուստրն էր։ Միջնակարգ կրթությունն ավարտել է Գմունդենում 1920 թվականին։ Ապա ուսումը շարունակել է նախ Գրացի համալսարանում, այնուհետև Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Բժշկական կրթությունը շարունակել է Ինսբրուքի համալսարանում։ 1927 թվականի հուլիսի 20-ին Վիեննայի համալսարանում ավարտել է ուսումնական ողջ գործընթացը։ 1935 թվականին նացիստական ռեժիմի գործելակերպի արդյունքում նա ստիպված է եղել լքել Ավստրիան։

Ռոսլերն առաջին անգամ Թուրքիա է եկել 1934 թվականին, 1937 թվականին մշտական բնակություն է հաստատել այնտեղ։ Աշխատանքի է անցել Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ Զբաղվել է պաթոլոգիական անատոմիայի բնագավառի ուսումնասիրություններով։ Ռոսլերն այստեղ սկսել է աշխատել 1933 թվականին Ֆիլիպ Շվարցի հետ, որը ստիպված է եղել թողնել Ֆրանկֆուրտի համալսարանի իր պաշտոնը և համալսարանի բարեփոխման շրջանակներում բանակցություններ վարել Թուրքիայի կառավարության հետ։ Շվարցը առաջատար դեր է խաղացել այդ ժամանակ աքսորված բազմաթիվ գիտնականների և տեխնոկրատների Թուրքիա բերելու գործում։ Ռոսլերը 10 տարի աշխատել է Ստամբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետի պաթոլոգիական անատոմիայի ինստիտուտում և շատ արժեքավոր և կարևոր աշխատակից էր Շվարցի համար, որը ինստիտուտի տնօրենն էր։ Շվարցն իր առջեւ նպատակ էր դրել իր ինստիտուտում հնարավորինս շատ ու բազմազան դիահերձումներ անցկացնել։ Տարեկան կատարվել է մոտ 1000 դիահերձում։ Ինստիտուտի տնօրեն Շվարցի՝ բժշկական ֆակուլտետի դեկանին ներկայացրած տարեկան զեկույցում Ռոսլերի՝ ինստիտուտում 1937-1938 թվականներին զբաղեցրած պաշտոնի մասին նշվում է հետևյալը.

Իմ արտասահմանցի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են դիահերձման ուսումնասիրություններին։ Մասնավորապես, բժիշկ Ռոսլերը գերազանց է սովորել թուրքերենը և ղեկավարում է անցկացվող դիահերձման դասընթացները։ Որպես իմ գործընկերուհի, նա լիովին իրավասու է այս գործում

Պատճառներից մեկը, որ անհրաժեշտ դարձրեց Թուրքիայի 1933 թվականի համալսարանական բարեփոխումը, այն էր, որ ուսանողները չունեին ժամանակակից դասագրքեր։ Արտասահմանցի գիտնականների հետ պայմանագրերում նշված է, որ համալսարանում աշխատանքը շարունակելու համար նրանք պետք է հինգ տարվա ընթացքում թուրքերեն լեզվով դասագիրք հրատարակեն իրենց թեմայով։ Ռոսլերը նվիրվեց այս նպատակին և սկսեց համագործակցել իր գործընկերների հետ։ Նա մեկ առ մեկ կատարել է Շվարցի գրքերի թուրքերեն թարգմանությունը, և 1943 թվականին այդ գրքերը հրատարակվել են։

Ռոսլերն այնքան բծախնդիր էր գերմաներենից թուրքերեն թարգմանել բժշկական տեքստերը, որ այս առումով նույնպես համագործակցում էր բժշկական այլ ոլորտների բժիշկների հետ։ Պրոֆեսոր դոկտոր Էրիխ Ֆրանկը մեկն էր նրանցից, ովքեր օգնություն խնդրեցին նրանից։ Ֆրենկը մի անուն էր, որը գրավեց համաշխարհային ուշադրությունը որպես առաջին մարդ, որը ստեղծեց դեղամիջոց շաքարախտի համար։ «Ածխաջրերի նյութափոխանակության պաթոլոգիա» գիրքը պետք է տպագրվեր գերմաներենով Շվեյցարիայում 1949 թվականին։ Դոկտոր Ռոսլերը նույնպես աշխատել է այս գրքի ձևավորման վրա և նույն թվականին ապահովել է, որ գիրքը հրատարակվի թուրքերենով։

Այս ուսումնասիրությունը դիտարկում է շաքարախտի ֆիզիոպաթոլոգիան շատ ռացիոնալ տեսանկյունից։ Նույնիսկ եթե առաջին հրատարակությունից անցել է ավելի քան 50 տարի, այն դեռ պահպանում է իր արժեքը[2]
- Հուսրև Հաթեմի, թուրք ակադեմիկոս, էնդոկրինոլոգ

1947 թվականի հուլիսին Ֆրանկի և Ռոսլերի միջև համագործակցության ակտիվացման արդյունքում Ռոսլերն այժմ լրիվ դրույքով աշխատող էր Ներքին բժշկության կլինիկայում[3]։

1951 թվականին Ռոսլերը թուրքերենով հրատարակեց իր նախկին ղեկավար Շվարցի գիրքը՝ «Ընդհանուր և հատուկ հիստոպաթոլոգիա»[4]։

1951 թվականի ապրիլի 4-ին Ռոսլերին շնորհվել է Թուրքիայի քաղաքացիություն։

Բացի համալսարանական արխիվում առկա տեղեկություններից, Ռոսլերի կյանքի մասին շատ մանրամասն տվյալներ չկան։ նա 33 տարեկան է եղել, երբ եկել է Թուրքիա և ամուսնալուծվել։ Նա 11 տարի անցկացրել է Թուրքիայում՝ ներառյալ պատերազմի տարիները։ Թուրքական բժշկության արդիականացման շրջանում Ռոսսլերը աշխատանքով մեծ ներդրում է ունեցել, այդ թվում՝ բժշկական գրականության թարգմանության գործում։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «[Dr. Rosa Maria Rössler (Wien 1901 - Istanbul 1954): her work in Istanbul and her contribution to Turkish medicine]». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին.
  2. Frank E (1949) Karbonhidrat Metabolizması Patolojisi [Pathologie des Kohlenhydratstoffwechsels]. Übers. v. Ferhan Berker. Mazlum Kitabevi, Istanbul.
  3. «PHİLİPP SCHWARTZ: TÜRKİYE'YE VE ALMAN GÖÇMENLERE KATKILARI». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին.
  4. Schwartz P (1943) Histopatologia Dersleri [Histopathologische Lehre]. Übers. v. R. Rössler, M. Arsan, Rıza Koskun Matbaası, Istanbul.