Ջոնի Էք
Ջոնի Էք անգլ.՝ Johnny Eck | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 27, 1911 |
Ծննդավայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 5, 1991 (79 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Գրին Մաունթ գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կրկեսի դերասան և կինոդերասան |
Johnny Eck Վիքիպահեստում |
Ջոնի Էք (անգլ.՝ Johnny Eck, օգոստոսի 27, 1911, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 5, 1991, Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), տձևների կրկեսի ամերիկացի արտիստ (մարդ առանց ոտքերի), կինոդերասան, ավելի քիչ հայտնի է որպես նկարիչ, դիրիժոր, երաժիշտ-սաքսոֆոնահար, աճպարար, խաղային ավտոմատների սրահի սեփականատեր, լուսանկարիչ, ավտոմրցարշավորդ և մարմնամարզիկ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոնի Էքհարդտ կրտսերը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 27-ին Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։ Հայրը Ջոն Էքհարդտ ավագն էր (ծնված 1874 թվականին), մայրը` Ամելիան (ծնված 1876 թվականի հոկտեմբերին)։ Ջոնիի երկվորյակ եղբայրը` Ռոբերտը, ծնվել է առանց որևէ շեղման[2]։ Նա նույնպես դարձել է արվեստագետ։ Եղբայրներն ամբողջ կյանքի ընթացքում գրեթե երբեք երկար ժամանակով չեն բաժանվել։ Տղաներն ունեին նաև ավագ քույր` Կառոլինա Լոռա անվամբ (ծնված 1903 թվականի հոկտեմբերին)[1]։
Ջոնին ծնվել է կաուդալ (պոչանման) ռեգրեսիայի համախտանիշով` թերզարգացած, ստորին, կիսատ իրանով։ Նորածնի քաշը կազմել է 900 գրամ, հասակը` 20 սանտիմետր։ Հասուն տարիքում Ջոնիի հասակը հասել է 43 սանտիմետրի։ Չնայած ծննդաբերական արատին` մնացած բաներում Ջոնի Էքն աչքի է ընկել նախանձելի առողջությամբ և ապրել 79 տարի։ Մեկ տարեկան հասակում Ջոնին սկսել է քայլել ձեռքերով, ավելի շուտ, քան Ռոբերտը` ոտքերով։ Երկուսն էլ կարդալ սովորել են միաժամանակ` չորս տարեկանում։ Յոթ տարեկանից եղբայրները դպրոց են գնացել։ Այնտեղ Ջոնիի հասակակիցները շատ լավ են վերաբերվել նրան, նույնիսկ միմյանց հետ վիճել են նրան աստիճաններով բարձրացնելու իրավունքի համար, իսկ առաջին հարկի պատուհանները սևացված էին, քանի որ անբաններն անընդհատ ներս էին նայում, հետևում առանց ոտքերի տղայի ուսմանը։
Տղայի մայրը հուսով էր, որ նա կգնա եկեղեցական գծով։ Մասնավորապես, երբ տուն հյուրեր էին գալիս, Էմիլիան որդուն խնդրում էր բարձրանալ փոքր արկղի վրա և հյուրերին քարոզ կարդալ գարեջրի խմելու վնասի, անեծքների, մեղքերի և սատանայի մասին։ Սակայն դա երկար չի տևել, իսկ ինքը` Ջոնին, մանկուց նկարչության և փայտի փորագրության տաղանդ է ցուցաբերել։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]12 տարեկանից սկսելով դերասանի գործունեությունը՝ Ջոնին ներկայացել է որպես «մարդ առանց իրանի ստորին կեսի», թեև իրականում ուներ թերզարգացած էր, ոչ պիտանի ոտքեր, որոնք թաքցնում էր հատուկ հագուստի տակ։ Ազդաթերթերում նրան անվանում էին «Զարմանալի կիսատղա», «Տձևների արքա»[3] և «Ներկայում ապրողների շրջանում ամենանշանավոր մարդ» (1933 թվականին Չիկագոյում կայացած համաշխարհային ցուցահանդեսում)[1]։ Ջոնին և Ռոբերտը տեղական եկեղեցում սկսել են աճպարարություններ անել[2]։ Հետագայում եղբայրներն սկսել են ելույթներով շրջագայել երկրում, ընդ որում, Ռոբերտը միշտ հաշմանդամ երկվորյակ եղբոր հետ էր, որպեսզի ընդգծեր նրա՝ ոչ սովորական լինելը[2]։ Դեռահասներն աշխատել են Ռինգլինգ եղբայրների, «Ringling Bros. and Barnum & Bailey Circus» կրկեսի և ուրիշների հետ[1]։ Ջոնին միշտ հանդես է եկել բաճկոնով, նրա ամենահաջողված համարը եղել է մի ձեռքի վրա կանգնելը[2] և ձեռքերով աստիճաններ բարձրանալը։ Էքն առաջին անգամ այցելել է Կանադա՝ ելույթ ունենալով Մոնրեալում։ Այնտեղ նրան նկատել է «Metro-Goldwyn-Mayer» կինոստուդիայի «տաղանդի որսորդը»։ Նա երիտասարդին առաջարկել է «Տձևներ» լիամետրաժ ֆիլմում խաղալ պատանու դեր[1]։ Ջոնին համաձայնվել է, և 1932 թվականին թողարկվել է ֆիլմը, որը հակասական կարծիքների փոթորիկ է առաջացրել, արգելքի տակ է հայտնվել աշխարհի շատ երկրներում, բայց արդյունքում երեսուն տարի անց կուլտային է ճանաչվել։ Ավելի ուշ Էքը սաստիկ վշտացել է՝ տեսնելով, որ ֆիլմի վերջնական տարբերակում իր մասնակցությամբ գրեթե բոլոր տեսարանները հանվել են՝ ի շահ գրաքննության։ Ֆիլմի նկարահանման ընթացքը եղբայրների կյանքում այն քիչ թե շատ տևական ժամանակահատվածն էր, երբ միասին չեն անցկացրել։
1937 թվականին Ջոնին ու Ռոբերտն սկսել են աշխատել աճպարար Ռաջա Ռաբոիդի հետ, որը Ջոնիի օգնությամբ «Մարդու սղոցումը» ֆիլմում անսպասելի տարր է մտցրել։ Աճպարարությունը կառուցվել է այնպես, որ Ռոբերտ Էքը, ձևանալով սովորական հանդիսատես, դահլիճից սուլել է աճպարարի ուղղությամբ, և այդ պահին Ջոնին նրան բեմ է կանչել, որպեսզի սղոցի։ Ջոնի Էքը «խաղացել է» սղոցված հանդիսատեսի վերին մասը, իսկ «սղոցված հանդիսատեսի ոտքերը»՝ համապատասխան կոստյում հագած գաճաճը։ Արդյունքում «ոտքերը» փախել են «վերին կեսից», որը բեմում նրանց հետևից է ընկել և նույնիսկ դահլիճում աղեկտուր ճչացել՝ «Վերադարձե՜ք։ Հե՛տ տվեք իմ ոտքերը»։ Հանդիսատեսից շատերը սարսափից գոռացել են, ուշաթափվել, փախել սրահից։ Հնարքն ավարտվել է նրանով, որ «վերին կեսին» դրել են «ստորինի» վրա, աննկատ, թաքուն փոխարինել «ամբողջական» Ռոբերտով, որը, բարձրաձայն սպառնալով դատաստանով և դատական հետապնդմամբ, դուրս է եկել կրկեսից[2]։
Էք եղբայրներն ունեցել են նաև որոշակի հռչակ՝ որպես երաժիշտներ։ Բալթիմորում նրանք ունեցել են տասներկու գործիքից բաղկացած սեփական նվագախումբ[2], որտեղ Ջոնին դիրիժորություն է արել, իսկ Ռոբերտը նվագել է դաշնամուր։ Ջոնին նաև ավտոմրցարշավների սիրահար էր և ուներ սեփական ավտոմեքենան, որը հավաքվել էր պատվերով՝ հաշվի առնելով նրա հաշմանդամությունը։ Նա կարող էր վարել այն առանց սահմանափակումների, բայց միայն Բալթիմորի տարածքում[3]։ 1938 թվականին Ջոնի Էքը հռչակվել է որպես աշխարհում առաջին մարդը, որը ձեռքերով բարձրացել Է Վաշինգտոնի կոթողի վրա[3]։
Հետագա կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստիճանաբար «տձևների ելույթները» դադարել են ժողովրդականություն վայելել մարդկանց շրջանում, և Էք եղբայրները վերադարձել են իրենց հայրենի տուն՝ Բալթիմորի աշխատանքային թաղամասում գտնվող Նորթ-Միլթոնի պողոտա[1], որտեղ էլ ապրել են կյանքի մնացած մասը։ Նրանք գնել են խաղային ավտոմատների փոքրիկ սրահ[1], բայց նրանց այս բիզնեսը շուտով սնանկացել է։ 1950-ական թվականներին նրանք գնել են հնորակ մանկական գնացք և զվարճացրել երեխաներին՝ նրանց ման տալով տեղական այգում[1]։ Ջոնին եղել է վագոնավարը[2]։ Նա նաև նկարազարդել է պատուհանի էկրան-ցանցերը[1][2]։ Իրենց հյուր եկած երեխաների համար եղբայրները հաճախ տիկնիկային ներկայացում են ցուցադրել։
1980-ական թվականներին «Տձևներ» ֆիլմի «երկրորդ տարեդարձի» կապակցությամբ Էք եղբայրների մոտ են եկել այդ ֆիլմի երիտասարդ երկրպագուները։ Նրանք Ջոնի Էքին անհանգստություն են պատճառել, քանի որ վերջինս չի կարողացել նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, թերևս մեծ տարիքային տարբերության պատճառով։ 1987 թվականի հունվարին 75-ամյա երկվորյակները կողոպուտի են ենթարկվել սեփական տանը, որն ուղեկցվել Է կողոպտիչների կողմից ծաղր ու ծանակով։ Դրանից հետո Ջոնին կորցրել է հավատը մարդկանց հանդեպ[3], եղբայրները դարձել են մենակյաց և դադարել հրավիրել հյուրերի։
Եթե ես ցանկանամ տեսնել տձևների, ինձնից կպահանջվի միայն նայել պատուհանից[2]։ - Ջոնի Էք
|
Ջոնի Էքը մահացել է 1991 թվականի հունվարի 5-ին՝ քնած ժամանակ, սրտի կաթվածից։ Մահացել է այն տանը, որտեղ 79,5 տարի առաջ ծնվել էր։ Երկվորյակ եղբայրը՝ Ռոբերտը, ապրել է ևս չորս տարի և մահացել 1995 թվականի փետրվարի 25-ին։ Թաղված են Գրին-Մաունթի գերեզմանատանը[1]։
Ջոնի Էքը պատկերված Է «The Rolling Stones» խմբի «Exile on Main St» (1972) ալբոմի շապիկին։ Էքը նաև հիշատակվել է Թոմ Ուեյթսի «Lucky Day (Overture)» («The Black Rider» ալբոմ, 1993) և «Table Top Joe» («Alice» ալբոմ, 2002) երգերում[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1932` «Տձևներ» / Freaks - ինքն իր դերում
- 1932` «Տարզանը և կապիկ-մարդը» / Tarzan the Ape Man - թռչուն-տձև(տիտրերում չի նշվել)
- 1936` «Տարզանի փախուստը» / Tarzan Escapes - ալբատրոս (տիտրերում չի նշվել)
- 1941` «Տարզանի գաղտնի գանձը» / Tarzan's Secret Treasure - թռչուն (տիտրերում չի նշվել)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Дэнджер Кулидж. My favorite freak #2: Johnny Eck (անգլ.) на сайте issuu.com
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Johnny Eck – The Half-Man (անգլ.) на сайте thehumanmarvels.com
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Johnny Eck Արխիվացված 2018-10-11 Wayback Machine (անգլ.) на сайте welcometobaltimorehon.com
- ↑ Джон Льюис. Screen Star (անգլ.) на сайте baltimoremagazine.com, 1 октября 2013
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дэвид Дж. Скэл. The Monster Show: A Cultural History of Horror // (2001) // изд. Farrar, Straus and Giroux // ISBN 9780571199969
- Франсин Хорнбергер. Carny Folk: The World's Weirdest Sideshow Acts // (2005) // изд. Kensington Publishing Corporation // ISBN 9780806526614
- Марк Харцман. American Sideshow: An Encyclopedia of History's Most Wondrous and Curiously Strange Performers // (2006) // изд. Penguin // ISBN 9781440649912 // Джонни и Роберт Эк изображены на обложке.
- Мэттью Лейк, Марк Моран, Марк Скюрмен. Weird Maryland: Your Travel Guide to Maryland's Local Legends and Best Kept Secrets // (2006) // изд. Sterling Publishing Company // ISBN 9781402739064
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջոնի Էքի թանգարան(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոնի Էք» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 27 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Բալթիմոր քաղաքում ծնվածներ
- Հունվարի 5 մահեր
- 1991 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հաշմանդամություն ունեցող անձինք
- Կրկեսի դերասաններ
- Կառուցվածքային շեղումներ
- Ամերիկացի արվեստագետներ
- Ամերիկացի արտիստներ
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղա երեխա դերասաններ