Ջոնի Էք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջոնի Էք
անգլ.՝ Johnny Eck
Johnny Eck-Angelo Rossitto in Freaks.jpg
Ծնվել էօգոստոսի 27, 1911(1911-08-27)[1]
ԾննդավայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Մահացել էհունվարի 5, 1991(1991-01-05)[1] (79 տարեկանում)
Մահվան վայրԲալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունկրկեսի արտիստ և կինոդերասան

Ջոնի Էք (անգլ.՝ Johnny Eck, օգոստոսի 27, 1911(1911-08-27)[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ - հունվարի 5, 1991(1991-01-05)[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), հրեշների կրկեսի ամերիկացի արտիստ (մարդ առանց ոտքերի), կինոդերասան, ավելի քիչ հայտնի է որպես նկարիչ, դիրիժոր, երաժիշտ-սաքսոֆոնահար, աճպարար, խաղային ավտոմատների սրահի սեփականատեր, լուսանկարիչ, ավտոմրցարշավորդ և մարմնամարզիկ[2]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոնի Էքհարդտ կրտսերը ծնվել է 1911 թվականի օգոստոսի 27-ին Միացյալ Նահանգների Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում: Հայրը Ջոն Էքհարդտ ավագն էր (ծնված 1874 թվականին), մայրը` Ամելիան (ծնված 1876 թվականի հոկտեմբերին): Ջոնիի երկվորյակ եղբայրը` Ռոբերտը, ծնվել է առանց որևէ շեղման[3]։ Նա նույնպես դարձել է արվեստագետ։ Եղբայրներն ամբողջ կյանքի ընթացքում գրեթե երբեք երկար ժամանակով չեն բաժանվել: Տղաներն ունեին նաև ավագ քույր` Կառոլինա Լոռա անվամբ (ծնված 1903 թվականի հոկտեմբերին)[2]:

Ջոնին ծնվել է կաուդալ (պոչանման) ռեգրեսիայի համախտանիշով` թերզարգացած, ստորին, կիսատ իրանով: Նորածնի քաշը կազմել է 900 գրամ, հասակը` 20 սանտիմետր: Հասուն տարիքում Ջոնիի հասակը հասել է 43 սանտիմետրի: Չնայած ծննդաբերական արատին` մնացած բաներում Ջոնի Էքն աչքի է ընկել նախանձելի առողջությամբ և ապրել 79 տարի։ Մեկ տարեկան հասակում Ջոնին սկսել է քայլել ձեռքերով, ավելի շուտ, քան Ռոբերտը` ոտքերով: Երկուսն էլ կարդալ սովորել են միաժամանակ` չորս տարեկանում: Յոթ տարեկանից եղբայրները դպրոց են գնացել։ Այնտեղ Ջոնիի հասակակիցները շատ լավ են վերաբերվել նրան, նույնիսկ միմյանց հետ վիճել են նրան աստիճաններով բարձրացնելու իրավունքի համար, իսկ առաջին հարկի պատուհանները սևացված էին, քանի որ անբաններն անընդհատ ներս էին նայում, հետևում առանց ոտքերի տղայի ուսմանը:

Տղայի մայրը հուսով էր, որ նա կգնա եկեղեցական գծով։ Մասնավորապես, երբ տուն հյուրեր էին գալիս, Էմիլիան որդուն խնդրում էր բարձրանալ փոքր արկղի վրա և հյուրերին քարոզ կարդալ գարեջրի խմելու վնասի, անեծքների, մեղքերի և սատանայի մասին։ Սակայն դա երկար չի տևել, իսկ ինքը` Ջոնին, մանկուց նկարչության և փայտի փորագրության տաղանդ է ցուցաբերել։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

12 տարեկանից սկսելով դերասանի գործունեությունը՝ Ջոնին ներկայացել է որպես «մարդ առանց իրանի ստորին կեսի», թեև իրականում ուներ թերզարգացած էր, ոչ պիտանի ոտքեր, որոնք թաքցնում էր հատուկ հագուստի տակ։ Ազդաթերթերում նրան անվանում էին «Զարմանալի կիսատղա», «Հրեշների արքա»[4] և «Ներկայում ապրողների շրջանում ամենանշանավոր մարդ» (1933 թվականին Չիկագոյում կայացած համաշխարհային ցուցահանդեսում)[2]։ Ջոնին և Ռոբերտը տեղական եկեղեցում սկսել են աճպարարություններ անել[3]։ Հետագայում եղբայրներն սկսել են ելույթներով շրջագայել երկրում, ընդ որում, Ռոբերտը միշտ հաշմանդամ երկվորյակ եղբոր հետ էր, որպեսզի ընդգծեր նրա՝ ոչ սովորական լինելը[3]։ Դեռահասներն աշխատել են Ռինգլինգ եղբայրների, «Ringling Bros. and Barnum & Bailey Circus» կրկեսի և ուրիշների հետ[2]: Ջոնին միշտ հանդես է եկել բաճկոնով, նրա ամենահաջողված համարը եղել է մի ձեռքի վրա կանգնելը[3] և ձեռքերով աստիճաններ բարձրանալը: Էքն առաջին անգամ այցելել է Կանադա՝ ելույթ ունենալով Մոնրեալում։ Այնտեղ նրան նկատել է «Metro-Goldwyn-Mayer» կինոստուդիայի «տաղանդի որսորդը»։ Նա երիտասարդին առաջարկել է «Հրեշներ» լիամետրաժ ֆիլմում խաղալ պատանու դեր[2]։ Ջոնին համաձայնվել է, և 1932 թվականին թողարկվել է ֆիլմը, որը հակասական կարծիքների փոթորիկ է առաջացրել, արգելքի տակ է հայտնվել աշխարհի շատ երկրներում, բայց արդյունքում երեսուն տարի անց կուլտային է ճանաչվել: Ավելի ուշ Էքը սաստիկ վշտացել է՝ տեսնելով, որ ֆիլմի վերջնական տարբերակում իր մասնակցությամբ գրեթե բոլոր տեսարանները հանվել են՝ ի շահ գրաքննության։ Ֆիլմի նկարահանման ընթացքը եղբայրների կյանքում այն քիչ թե շատ տևական ժամանակահատվածն էր, երբ միասին չեն անցկացրել։

1937 թվականին Ջոնին ու Ռոբերտն սկսել են աշխատել աճպարար Ռաջա Ռաբոիդի հետ, որը Ջոնիի օգնությամբ «Մարդու սղոցումը» ֆիլմում անսպասելի տարր է մտցրել։ Աճպարարությունը կառուցվել է այնպես, որ Ռոբերտ Էքը, ձևանալով սովորական հանդիսատես, դահլիճից սուլել է աճպարարի ուղղությամբ, և այդ պահին Ջոնին նրան բեմ է կանչել, որպեսզի սղոցի: Ջոնի Էքը «խաղացել է» սղոցված հանդիսատեսի վերին մասը, իսկ «սղոցված հանդիսատեսի ոտքերը»՝ համապատասխան կոստյում հագած գաճաճը: Արդյունքում «ոտքերը» փախել են «վերին կեսից», որը բեմում նրանց հետևից է ընկել և նույնիսկ դահլիճում աղեկտուր ճչացել՝ «Վերադարձե՜ք: Հե՛տ տվեք իմ ոտքերը»: Հանդիսատեսից շատերը սարսափից գոռացել են, ուշաթափվել, փախել սրահից։ Հնարքն ավարտվել է նրանով, որ «վերին կեսին» դրել են «ստորինի» վրա, աննկատ, թաքուն փոխարինել «ամբողջական» Ռոբերտով, որը, բարձրաձայն սպառնալով դատաստանով և դատական հետապնդմամբ, դուրս է եկել կրկեսից[3]:

Էք եղբայրներն ունեցել են նաև որոշակի հռչակ՝ որպես երաժիշտներ: Բալթիմորում նրանք ունեցել են տասներկու գործիքից բաղկացած սեփական նվագախումբ[3], որտեղ Ջոնին դիրիժորություն է արել, իսկ Ռոբերտը նվագել է դաշնամուր։ Ջոնին նաև ավտոմրցարշավների սիրահար էր և ուներ սեփական ավտոմեքենան, որը հավաքվել էր պատվերով՝ հաշվի առնելով նրա հաշմանդամությունը: Նա կարող էր վարել այն առանց սահմանափակումների, բայց միայն Բալթիմորի տարածքում[4]։ 1938 թվականին Ջոնի Էքը հռչակվել է որպես աշխարհում առաջին մարդը, որը ձեռքերով բարձրացել Է Վաշինգտոնի կոթողի վրա[4]:

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստիճանաբար «հրեշների ելույթները» դադարել են ժողովրդականություն վայելել մարդկանց շրջանում, և Էք եղբայրները վերադարձել են իրենց հայրենի տուն՝ Բալթիմորի աշխատանքային թաղամասում գտնվող Նորթ-Միլթոնի պողոտա[2], որտեղ էլ ապրել են կյանքի մնացած մասը: Նրանք գնել են խաղային ավտոմատների փոքրիկ սրահ[2], բայց նրանց այս բիզնեսը շուտով սնանկացել է: 1950-ական թվականներին նրանք գնել են հնորակ մանկական գնացք և զվարճացրել երեխաներին՝ նրանց ման տալով տեղական այգում[2]։ Ջոնին եղել է վագոնավարը[3]: Նա նաև նկարազարդել է պատուհանի էկրան-ցանցերը[2][3]։ Իրենց հյուր եկած երեխաների համար եղբայրները հաճախ տիկնիկային ներկայացում են ցուցադրել:

1980-ական թվականներին «Հրեշներ» ֆիլմի «երկրորդ տարեդարձի» կապակցությամբ Էք եղբայրների մոտ են եկել այդ ֆիլմի երիտասարդ երկրպագուները։ Նրանք Ջոնի Էքին անհանգստություն են պատճառել, քանի որ վերջինս չի կարողացել նրանց հետ ընդհանուր լեզու գտնել, թերևս մեծ տարիքային տարբերության պատճառով: 1987 թվականի հունվարին 75-ամյա երկվորյակները կողոպուտի են ենթարկվել սեփական տանը, որն ուղեկցվել Է կողոպտիչների կողմից ծաղր ու ծանակով։ Դրանից հետո Ջոնին կորցրել է հավատը մարդկանց հանդեպ[4], եղբայրները դարձել են մենակյաց և դադարել հրավիրել հյուրերի:

Aquote1.png Եթե ես ցանկանամ տեսնել հրեշների, ինձնից կպահանջվի միայն նայել պատուհանից[3]:
- Ջոնի Էք
Aquote2.png

Ջոնի Էքը մահացել է 1991 թվականի հունվարի 5-ին՝ քնած ժամանակ, սրտի կաթվածից։ Մահացել է այն տանը, որտեղ 79,5 տարի առաջ ծնվել էր։ Երկվորյակ եղբայրը՝ Ռոբերտը, ապրել է ևս չորս տարի և մահացել 1995 թվականի փետրվարի 25-ին։ Թաղված են Գրին-Մաունթի գերեզմանատանը[2]:

Ջոնի Էքը պատկերված Է «The Rolling Stones» խմբի «Exile on Main St» (1972) ալբոմի շապիկին։ Էքը նաև հիշատակվել է Թոմ Ուեյթսի «Lucky Day (Overture)» («The Black Rider» ալբոմ, 1993) և «Table Top Joe» («Alice» ալբոմ, 2002) երգերում[5]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1932` «Հրեշներ» / Freaks - ինքն իր դերում
  • 1932` «Տարզանը և կապիկ-մարդը» / Tarzan the Ape Man - թռչուն-հրեշ (տիտրերում չի նշվել)
  • 1936` «Տարզանի փախուստը» / Tarzan Escapes - ալբատրոս (տիտրերում չի նշվել)
  • 1941` «Տարզանի գաղտնի գանձը» / Tarzan's Secret Treasure - թռչուն (տիտրերում չի նշվել)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 2,9 Дэнджер Кулидж. My favorite freak #2: Johnny Eck (անգլ.) на сайте issuu.com
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Johnny Eck – The Half-Man (անգլ.) на сайте thehumanmarvels.com
  4. 4,0 4,1 4,2 4,3 Johnny Eck (անգլ.) на сайте welcometobaltimorehon.com
  5. Джон Льюис. Screen Star (անգլ.) на сайте baltimoremagazine.com, 1 октября 2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]