Jump to content

Պոտսդամի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոտսդամի հրապարակի ընդհանուր տեսքը, 2016

Պոտսդամի հրապարակ կամ Պոտսդամերպլաց (գերմ.՝ Potsdamer Platz), պատմական հրապարակ և մեծ տրանսպորտային հանգույց Բեռլինի կենտրոնում։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Պոտսդամի հրապարակը նույնանուն երկաթգծային կայարանի հետ համարվում էր մայրցամաքային Եվրոպայի ամենաաշխույժ հրապարակներից մեկը[1] և քաղաքի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքի ամենահայտնի հանդիպման վայրերից մեկը։ 1990 թվականից հետո Պոտսդամի հրապարակը դարձել է վերամիավորված Գերմանիայի մայրաքաղաքի նոր տեսարժան վայրերից մեկը և գրավում է քաղաքի մեծաթիվ հյուրերին։

Մինչև 1945 թվական

[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի սկզբում Պոտսդամի հրապարակը գտնվում էր Պոտսդամի դարպասների մոտ, անմիջականորեն քաղաքային պատի կողքին և իրենից ներկայացնում էր հինգ ճանապարհների հանգույց։ 1823-1824 թվականներին Պոտսդամի քաղաքային դարպասները, որոնք գտնվում էին Պոդստամի և Լայպցիգի հրապարակների մեջտեղում, հաստատվեցին Կարլ Ֆրիդրիխ Շինկելի կողմից։ «Շինկելներ» կոչվող պահակները 1867 թվականին չտեղահանվեցին մաքսային պատի հետ և պահպանվեցին մինչև Երկրորդ Աշխարհամարտի ավարտը։ 1838 թվականին հրապարակում կառուցվեց երկաթգծային կայարան, և այն արագ դարձավ տեղաշարժման մեծ կետ։ 1902 թվականին Պոտսդամի հրապարակում հայտնվեց բեռլինյան գետնանցումի վերջին կայանը։ Հրապարակում մեկը մյուսի հետևից ավելանում էին հյուրանոցներն ու հանրային սննդի կետերը։ Այստեղ կառուցվեցին Bellevue, Palast Hotel, Fürstenhof հյուրանոցները, Pschorr-Bräu գարեջրատունը և գրականագետների ու նկարիչների հանդիպման վայր «Յոստի կաֆե» սրճարանը։ 1911-1912 թվականներին Շտրեզեմենի և Կյոտենի փողոցների խաչմերուկում կանգնեցվեց այդ ժամանակվա համար հսկայական վեցհարկանի Պոտսդամի տան շենքը, որը միաժամանակ և՛ զվարճանքի համալիր էր, և՛ վարչական բարձր շենք։ Այնտեղ գտնվում էր սրճարան, կինոթատրոն և UFA-ի գրասենյակային տարածություններ։ 1926-1928 թվականներին վերանորոգումից հետո այդ շենքն ստացավ նոր «Հայրենիք Տուն» (գերմ.՝ Haus Vaterland) անվանումը և Քեմփինսկի ընտանիքի ղեկավարությամբ դարձավ Գերմանիայի ամենամեծ զվարճալիքիների կենտրոնը։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ շենքը մեծապես վնասվեց, իսկ վերանորոգումից հետո մի որոշ ժամանակ ծառայում էր որպես ռեստորան։ Չնայած քաղաքի կենտրոնում գտնվելուն` շենքը եզրագծում հայտնվեց, քանի որ Բեռլինի սեկտորների սահմանին մոտ էր գտնվում։ 1961 թվականին Բեռլինի պատի կառուցումից հետո, մինչև 1972 թվականի հողերի փոխանակումը շենքի մուտքը փակ էր մնում։ Ի վերջո, շենքը քանդվեց 1972 թվականին։ Քաղաքին մոտիկ լինելու պատճառով Պոտսդամի հրապարակը դարձավ մեծ քաղաքի զվարճանքի վայրերից մեկը։ Եթե ցերեկներն այստեղ էին գտնվում ծառայողներ, քարտուղարներ, բիզնեսմեններ և զբոսաշրջիկներ, ապա երեկոյան այստեղ էին հավաքվում արկածախնդիրներն ու մարմնավաճառները։ Չնայած այդ ժամանակ Բեռլինում մարմնավաճառությունը խստորեն արգելված էր, 20-րդ դարի սկզբին հրապարակի շուրջը կարմիր լապտերների իսկական թաղամաս էր ձևավորվել։ Պոտսդամի հրապարակի այս ժամանակաշրջանը ներկայացված է Էրնստ Լյուդվիք Կիրխների «Պոտսդամի հրապարակ։ 1914» կտավում, որտեղ գիշերային ֆոնին պատկերված են երկու կանայք։ 1924 թվականին հրապարակում հայտնվեց այսպես կոչված «տրանսպորտային աշտարակ»։ Քաղաքային իշխանությունները թույլատրեցին Siemens ընկերությանը հրապարակի կենտրոնում տեղադրել Բեռլինի առաջին և Գերմանիայում երկրորդ` հորիզոնական ձև ունեցող լուսացույցը։ Տրանսպորային աշտարակը ներկայացվեց 1937 թվականի հոկտեմբերի 1-ի գիշերը, այն բանից հետո, երբ անցկացվեց էլեկտրականության գետնանցումային գիծը։ 1930-1932 թվականներին Էրիխ Մենդելսոնի նախագծով հրապարակում կանգնեցվեց Կոլումբոս-հաուսը, «Կոմումբոսի տունը»։

1945-1990 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Երկրորդ աշխարհարամարտի սկսվելը Պոտսդամի հրապարակը ամենաաշխույժներից մեկն էր Եվրոպայում[2]։ Դաշնակիցների օդային հարձակումները հրապարակի կեսն ավերակների վերածեցին։ Պատերազմի ավարտին ավերակներն ինչ-որ չափով մաքրվեցին, հրապարակն ինչ-որ ժամանակ ծառայում էր որպես շինանյութի պահպանման վայր։ Շուտով «երեք երկրների (ԽՍՀՄ, Բրիտանիա, ԱՄՆ) անկյունում» սկսեց գործել սև շուկա։ 1948 թվականից, Բեռլինի շրջափակման հետ պատկերը նորից փոխվեց, նույն թվականի օգոստոսի 21-ին ասֆալտի վրա առաջին անգամ հայտնեց խորհրդային ու արևմտյան հատվածները բաժանող գիծը։ Շուտափույթ վերամիավորման հույսով` ավերակները վերականգնվեցին նվազագույն չափով, խնայողաբար և համեստ։ Երբեմնի զվարճանքի պալատում սկսեց գործել ռեստորան, Կոլումբոսի շենքի ներքևի հարկերում խանութ բացվեց։ 1953 թվականի հունիսի 17-ի խռովությունների ժամանակ դժվարությամբ վերականգնված շինությունը նորից վնասվեց հրդեհներից։ Հաջորդ տարիներին Պոտսդամի հրապարակի բոլոր շենքերը դատարկվեցին, քանի որ ներդրողներն ամեն հետաքրքրություն կորցրին այդ շրջանում առկա անշարժ գույքի հանդեպ։ 1961 թվականին իրավիճակն առավելկ սրեց Բեռլինի պատը, որը բաժանում էր Պոտսդամի հրապարակը։ 1970-ականներին քանդվեցին պահպանված բոլոր շինությունները։ Հրապարակի արևելյան հատվածում դա բացատրվում էր ԳԴՀ-ան` անվտանգության չափազանց բարձր պահանջներով։ Բեռլինի պատի որևէ այլ հատվածում սահմանային գիծն այսքան լայն չէր, որքան Պոտսդամի հրապարակում։ Արևմտյան հատվածում Բեռլինի Սենատը քիչ-քիչ հանձնում էր ավերակներով հողերը, որպեսզի վերջնականապես վերացվեին վտանգ ներկայացնող ավերակները։ Այդպես ոչնչացվեցին Ալբրեխտ արքայազնի պալատի ավերակները, Ֆոքս-հաուսը, Անխալտյան կայարանը։ Այդ ժամանակվա ծրագրերով նախատեսվում էր այդ վայրում կառուցել ֆեդերալ ավտոճանապարհ։

1990 թվականից հետո հրապարակը կրիկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, որպես ընդարձակ գրավիչ մի տարածք, որը հանկարծ հասանելի դարձավ Եվրոպայի գլխավոր քաղաքի կենտրոնում։ Այն դիտարկվում էր որպես Եվրոպայի ամենաաշխույժ ու հիմնական կառույցներից մեկը, և դրա ճարտարապետության ու նախագծերի վերաբեևյալ բավականին շատ բանավեճեր էին տեղի ունենում։ Եթե Բեռլինն ինքը վերականգնման կարիք ուներ, ապա Պոտսդամի հրապարակն այն հիմնական բանալիներից էր, որոնց միջոցով քաղաքն ինքնաարտահայտվելու էր։ Տեղակայված լինելով արևմուտքի ու արևելքի միջև` այն ընկալվում էր որպես միացնող բաղադրիչ, որը պետք է օգներ քաղաքի երկու բաժանված ծայրերի բնակիչներին միանալ ու բուժել պատմական վերքերը։ Սպասումները մեծ էին, և մեծ նախագծեր էին գծվում։ Բեռլինի քաղաքային իշխանությունները դիզայներական մրցույթ հայտարարեցին` Պոտսդամի հրապարակը և շրջական տարածքները վերակառուցելու ծրագրի համար։ Հաղթող նախագիծը հայտարարվեց 1991 թվականի հոկտեմբերին։ Լարված մրցության մեջ հաղթել էր Hilmer & Sattler մյունխենյան ճարտարապետական ընկերությունը։

Բեռլինի քաղաքային իշխանությունները որոշեցին քաղաքը բաժաներ չորս հատվածների, նրանցից յուրաքանչյուրը վաճառել կոմերցիոն ներդրողների, ովքեր էր պիտի պլանավորեին նոր կառուցապատոիմներն ըստ Hilmer & Sattler-ի հիմնական նախագծի։ Հրապարակի այսօրվա զարգացումը տպավորիչ է ու վստահություն ներշնչող, իսկ ճարտարապետության որակը հավասարապես գովաբանվել ու քննադատվել է։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Weitz, Eric D. Weimar Germany, 2007, Princeton University Press
  2. Jack Holland, John Gawthrop: Berlin – The Rough Guide, 1995, Rough Guides Limited Publishers
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոտսդամի հրապարակ» հոդվածին։