Պոտսդամի հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պոտսդամի հրապարակի ընդհանուր տեսքը, 2016

Պոտսդամի հրապարակ կամ Պոտսդամերպլաց (գերմ.՝ Potsdamer Platz), պատմական հրապարակ և մեծ տրանսպորտային հանգույց Բեռլինի

կենտրոնում: Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը Պոտսդամի հրապարակը նույնանուն երկաթգծային կայարանի հետ համարվում էր մայրցամաքային Եվրոպայի ամենաաշխույժ հրապարակներից մեկը[1] և քաղաքի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքի ամենահայտնի հանդիպման վայրերից մեկը: 1990 թվականից հետո Պոտսդամի հրապարակը դարձել է վերամիավորված Գերմանիայի մայրաքաղաքի նոր տեսարժան վայրերից մեկը և գրավում է քաղաքի մեծաթիվ հյուրերին:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1945 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի սկզբում Պոտսդամի հրապարակը գտնվում էր Պոտսդամի դարպասների մոտ, անմիջականորեն քաղաքային պատի կողքին և իրենից ներկայացնում էր հինգ ճանապարհների հանգույց: 1823-1824 թվականներին Պոտսդամի քաղաքային դարպասները, որոնք գտնվում էին Պոդստամի և Լայպցիգի հրապարակների մեջտեղում, հաստատվեցին Կարլ Ֆրիդրիխ Շինկելի կողմից: «Շինկելներ» կոչվող պահակները 1867 թվականին չտեղահանվեցին մաքսային պատի հետ և պահպանվեցին մինչև Երկրորդ Աշխարհամարտի ավարտը: 1838 թվականին հրապարակում կառուցվեց երկաթգծային կայարան, և այն արագ դարձավ տեղաշարժման մեծ կետ: 1902 թվականին Պոտսդամի հրապարակում հայտնվեց բեռլինյան գետնանցումի վերջին կայանը: Հրապարակում մեկը մյուսի հետևից ավելանում էին հյուրանոցներն ու հանրային սննդի կետերը: Այստեղ կառուցվեցին Bellevue, Palast Hotel, Fürstenhof հյուրանոցները, Pschorr-Bräu գարեջրատունը և գրականագետների ու նկարիչների հանդիպման վայր «Յոստի կաֆե» սրճարանը: 1911-1912 թվականներին Շտրեզեմենի և Կյոտենի փողոցների խաչմերուկում կանգնեցվեց այդ ժամանակվա համար հսկայական վեցհարկանի Պոտսդամի տան շենքը, որը միաժամանակ և՛ զվարճանքի համալիր էր, և՛ վարչական բարձր շենք: Այնտեղ գտնվում էր սրճարան, կինոթատրոն և UFA-ի գրասենյակային տարածություններ: 1926-1928 թվականներին վերանորոգումից հետո այդ շենքն ստացավ նոր «Հայրենիք Տուն» (գերմ.՝ Haus Vaterland) անվանումը և Քեմփինսկի ընտանիքի ղեկավարությամբ դարձավ Գերմանիայի ամենամեծ զվարճալիքիների կենտրոնը: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ շենքը մեծապես վնասվեց, իսկ վերանորոգումից հետո մի որոշ ժամանակ ծառայում էր որպես ռեստորան: Չնայած քաղաքի կենտրոնում գտնվելուն` շենքը եզրագծում հայտնվեց, քանի որ Բեռլինի սեկտորների սահմանին մոտ էր գտնվում: 1961 թվականին Բեռլինի պատի կառուցումից հետո, մինչև 1972 թվականի հողերի փոխանակումը շենքի մուտքը փակ էր մնում: Ի վերջո, շենքը քանդվեց 1972 թվականին: Քաղաքին մոտիկ լինելու պատճառով Պոտսդամի հրապարակը դարձավ մեծ քաղաքի զվարճանքի վայրերից մեկը: Եթե ցերեկներն այստեղ էին գտնվում ծառայողներ, քարտուղարներ, բիզնեսմեններ և զբոսաշրջիկներ, ապա երեկոյան այստեղ էին հավաքվում արկածախնդիրներն ու մարմնավաճառները: Չնայած այդ ժամանակ Բեռլինում մարմնավաճառությունը խստորեն արգելված էր, 20-րդ դարի սկզբին հրապարակի շուրջը կարմիր լապտերների իսկական թաղամաս էր ձևավորվել: Պոտսդամի հրապարակի այս ժամանակաշրջանը ներկայացված է Էրնստ Լյուդվիք Կիրխների «Պոտսդամի հրապարակ: 1914» կտավում, որտեղ գիշերային ֆոնին պատկերված են երկու կանայք: 1924 թվականին հրապարակում հայտնվեց այսպես կոչված «տրանսպորտային աշտարակ»: Քաղաքային իշխանությունները թույլատրեցին Siemens ընկերությանը հրապարակի կենտրոնում տեղադրել Բեռլինի առաջին և Գերմանիայում երկրորդ` հորիզոնական ձև ունեցող լուսացույցը: Տրանսպորային աշտարակը ներկայացվեց 1937 թվականի հոկտեմբերի 1-ի գիշերը, այն բանից հետո, երբ անցկացվեց էլեկտրականության գետնանցումային գիծը: 1930-1932 թվականներին Էրիխ Մենդելսոնի նախագծով հրապարակում կանգնեցվեց Կոլումբոս-հաուսը, «Կոմումբոսի տունը»:

1945-1990 թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Երկրորդ աշխարհարամարտի սկսվելը Պոտսդամի հրապարակը ամենաաշխույժներից մեկն էր Եվրոպայում[2]: Դաշնակիցների օդային հարձակումները հրապարակի կեսն ավերակների վերածեցին: Պատերազմի ավարտին ավերակներն ինչ-որ չափով մաքրվեցին, հրապարակն ինչ-որ ժամանակ ծառայում էր որպես շինանյութի պահպանման վայր: Շուտով «երեք երկրների (ԽՍՀՄ, Բրիտանիա, ԱՄՆ) անկյունում» սկսեց գործել սև շուկա: 1948 թվականից, Բեռլինի շրջափակման հետ պատկերը նորից փոխվեց, նույն թվականի օգոստոսի 21-ին ասֆալտի վրա առաջին անգամ հայտնեց խորհրդային ու արևմտյան հատվածները բաժանող գիծը: Շուտափույթ վերամիավորման հույսով` ավերակները վերականգնվեցին նվազագույն չափով, խնայողաբար և համեստ: Երբեմնի զվարճանքի պալատում սկսեց գործել ռեստորան, Կոլումբոսի շենքի ներքևի հարկերում խանութ բացվեց: 1953 թվականի հունիսի 17-ի խռովությունների ժամանակ դժվարությամբ վերականգնված շինությունը նորից վնասվեց հրդեհներից: Հաջորդ տարիներին Պոտսդամի հրապարակի բոլոր շենքերը դատարկվեցին, քանի որ ներդրողներն ամեն հետաքրքրություն կորցրին այդ շրջանում առկա անշարժ գույքի հանդեպ: 1961 թվականին իրավիճակն առավելկ սրեց Բեռլինի պատը, որը բաժանում էր Պոտսդամի հրապարակը: 1970-ականներին քանդվեցին պահպանված բոլոր շինությունները: Հրապարակի արևելյան հատվածում դա բացատրվում էր ԳԴՀ-ան` անվտանգության չափազանց բարձր պահանջներով: Բեռլինի պատի որևէ այլ հատվածում սահմանային գիծն այսքան լայն չէր, որքան Պոտսդամի հրապարակում: Արևմտյան հատվածում Բեռլինի Սենատը քիչ-քիչ հանձնում էր ավերակներով հողերը, որպեսզի վերջնականապես վերացվեին վտանգ ներկայացնող ավերակները: Այդպես ոչնչացվեցին Ալբրեխտ արքայազնի պալատի ավերակները, Ֆոքս-հաուսը, Անխալտյան կայարանը: Այդ ժամանակվա ծրագրերով նախատեսվում էր այդ վայրում կառուցել ֆեդերալ ավտոճանապարհ:

1990-ից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականից հետո հրապարակը կրիկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, որպես ընդարձակ գրավիչ մի տարածք, որը հանկարծ հասանելի դարձավ Եվրոպայի գլխավոր քաղաքի կենտրոնում: Այն դիտարկվում էր որպես Եվրոպայի ամենաաշխույժ ու հիմնական կառույցներից մեկը, և դրա ճարտարապետության ու նախագծերի վերաբեևյալ բավականին շատ բանավեճեր էին տեղի ունենում: Եթե Բեռլինն ինքը վերականգնման կարիք ուներ, ապա Պոտսդամի հրապարակն այն հիմնական բանալիներից էր, որոնց միջոցով քաղաքն ինքնաարտահայտվելու էր: Տեղակայված լինելով արևմուտքի ու արևելքի միջև` այն ընկալվում էր որպես միացնող բաղադրիչ, որը պետք է օգներ քաղաքի երկու բաժանված ծայրերի բնակիչներին միանալ ու բուժել պատմական վերքերը: Սպասումները մեծ էին, և մեծ նախագծեր էին գծվում: Բեռլինի քաղաքային իշխանությունները դիզայներական մրցույթ հայտարարեցին` Պոտսդամի հրապարակը և շրջական տարածքները վերակառուցելու ծրագրի համար: Հաղթող նախագիծը հայտարարվեց 1991 թվականի հոկտեմբերին: Լարված մրցության մեջ հաղթել էր Hilmer & Sattler մյունխենյան ճարտարապետական ընկերությունը:

Բեռլինի քաղաքային իշխանությունները որոշեցին քաղաքը բաժաներ չորս հատվածների, նրանցից յուրաքանչյուրը վաճառել կոմերցիոն ներդրողների, ովքեր էր պիտի պլանավորեին նոր կառուցապատոիմներն ըստ Hilmer & Sattler-ի հիմնական նախագծի: Հրապարակի այսօրվա զարգացումը տպավորիչ է ու վստահություն ներշնչող, իսկ ճարտարապետության որակը հավասարապես գովաբանվել ու քննադատվել է:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weitz, Eric D. Weimar Germany, 2007, Princeton University Press
  2. Jack Holland, John Gawthrop: Berlin – The Rough Guide, 1995, Rough Guides Limited Publishers