Պլազմոդիումներ մալարիայի, սպորավորների դասի պլազմոդիա սեռի միաբջիջ նախակենդանիներ։ Մակաբուծվում են մարդու արյան կարմիր գնդիկներում՝ լուրջ վնաս պատճառելով նրա առողջությանը։ Հայտնի է Պլազմոդիումների 4 տեսակ (լատին․՝ Pl. vivax, PI. falciparum, Pl. malariae, Pl. ovale), որոնց զարգացման կենսակերպն ընթանում է միանման։
Մարդը վարակվում է մալարիայով, երբ Պլազմոդիումներ կրող մոծակն արյունով սնվելու համար խայթում է մարդուն, և մոծակի թքի հետ արյան մեջ են թափանցում մալարիայի հարուցչի սպորոզոիտները։ Վերջիններս, մուտք գործելով էրիթրոցիտներ, բազմանում են շիզոգոնիայի ձևով՝ սկիզբ տալով բազմաթիվ մերոզոիտների, որոնք ախտահարում են նորանոր էրիթրոցիտներ, և այդպես շարունակ՝ հետագայում սկիզբ տալով մակրո և միկրոգամետոցիտների ու շիզոգոնիային ձևավորման։ Մոծակը վարակված մարդու արյունով սնվելիս կլանում է մալարիայի հարուցիչներ։ Մոծակի ստամոքսում տեղի է ունենում դրանց հետագա զարգացումը՝ սպորոգոնիան՝ բազմաթիվ սպորոզոիտներով, որոնք նորից կարող են փոխանցվել մարդուն և առաջացնել հիվանդություն։
Մալարիան կարելի է ախտորոշել կլինիկ, ախտանշանների հիման վրա։ Մշակված են մալարիայով հիվանդ մարդկանց բուժման մի շարք եղանակներ՝ արդյունավետ պատրաստուկների կիրառմամբ։ Կանխարգելումը, մոծակների բազմացման կենսավայրերի վերացում և մոծակների դեմ դեղանյութային պատրաստուկների օգտագործում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։