Պիգմենտներ (քիմիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պիգմենտներ (այլ կիրառումներ)

Պիգմենտներ քիմիայում, ներկվող նյութում չլուծվող գունավոր նուրբ փոշիներ, որոնք օգտագործվում են պլաստմասսաները, ռետինը, թուղթը, լաքերը, արհեստական և սինթետիկ մանրաթելային զանգվածը, արհեստական կաշին գունավորելու, տպագրական, շինարարական և այլ ներկեր պատրաստելու, գործվածքը (պիգմենտային տպագրություն) ներկելու համար։ Որոշ դեպքերում Պիգմենտներy գունավորելուց բացի բարելավում են կոռոզիայից պաշտպանող թաղանթների հատկությունները։ Ներկանյութերը, ի տարբերություն Պիգմենտների, լուծվում են ջրում և ներկվող նյութում։ Պիգմենտների որակը որոշվում է ըստ լույսի, ջերմության, լուծիչների, քիմիական և այլ ազդակների նկատմամբ կայունությամբ, ծածկունակությամբ, ներկվող միջավայրում դիսպերսվելու, լաքին տեխնոլոգիական հատկություններ հաղորդելու ունակությամբ, գուներանգի պայծառությամբ և այլ հատկություններով։ Օգտագործվում են բնական և սինթետիկ Պիգմենտներ, որոնք անօրգանական կամ օրգանական բազմագույն նյութեր են։ Մարդկությանը Պիգմենտների հայտնի են վաղ ժամանակներից։ Նախնադարյան հասարակարգի դեռ վաղ շրջանում օգտագործվում էին «հողային ներկերը»՝ երկաթի օքսիդներ պարունակող գունավոր կավերը (օքրա, թխահող), մուրը, հողից և բույսերից ստացվող Պիգմենտներ։ Ավելի ուշ երկաթի և պղնձի օքսիդները մտնում էին խեցեգործական արծնիչների, մանգանի օքսիդը՝ ապակու, ծարիրի օքսիդը՝ դիմաքսուկների, արսենի օքսիդը և սուլֆիդը՝ այլ ներկերի բաղադրության մեջ։ Կապարի սուլֆիդը, իսկ մ․ թ․ ա․ I հազարամյակից նաև ծարիրի սուլֆիդը, օգտագործվում էին մումիաները գրիմավորելու համար։ Պեղումները ցույց են տվել, որ Պիգմենտները Հայաստանում օգտագործվել են վաղնջագույն ժամանակներից սկսած։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 289