Արհեստական կաշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաշի (այլ կիրառումներ)
Զինվորական եկարաճիտ կոշիկ

Արհեստական կաշի, պոլիմերային նյութ, որը կոշիկի, հագուստի, գլխարկների, գալանտերեային և որոշ տեխնիկական ապրանքների արտադրությունում կիրառվում է բնական կաշվի փոխարեն։ Արհեստական կաշին դասակարգվում է ըստ նշանակման, ինչպես նաև կառուցվածքի, արտադրության եղանակի (կոշկեղենի ռետին, կոշկեղենի և գալանտերեային ստվարաթուղթ, փափուկ արհեստական կաշի)։ Կոշկեղենի ռետինը բնական կաշվի փոխարինողներից է։ Կիրառվում է կոշիկի ներբանի և երեսացուի համար։ Կոշկեղենի ռետինի արտադրությունը ընդգրկում է հետևյալ գործողությունները. կաուչուկի խառնում բաղադրիչների հետ, խառնուրդի ձևավորում, հում նախապատրաստուկի ստացում և վուլկանացում։ Այդ արհեստական կաշին կարող է լինել ծակոտկեն և միաձույլ, սև և գունավոր։

Ծակոտկեն ռետինից ներբանների պատրաստումը թեթևացնում է կոշիկը, բարձրացնում ամորտիզացիան և բարելավում ջերմամեկուսիչ հատկությունները։ Դրանով էլ որակապես գերազանցում է բնական կաշվին։ Կոշկեղենի և գալանտերեային ստվարաթուղթ ստանում են տարբեր մանրաթելային նյութերից՝ թղթի և ստվարաթղթի արտադրության տեխնոլոգիայով։ Հումք է ծառայում թաղանթանյութի մանրաթելը, բամբակի և կաշվի մանրաթելը (բնական կաշվի մանրացված թափուկներ)։ Այդպիսի արհեստական կաշվի հիմնական առավելություններն են. թրջված վիճակում մեխանիկական հատկությունները պահպանելու ունակությունը, ինչպես նաև բավարար հիգրոսկոպիկությունը և խոնավատարողությունը։ Փափուկ արհեստական կաշիներ ստանում են թաղանթագոյացնող ռետինե սոսինձներով կամ լատեքսներով, պոլիվինիլքլորիդային մածուկներով կամ պլաստիկատով, պոլիամիդներով, նիտրոցելյուլոզային հիմքալցումներով, պոլիեթերուրետաններով և այլ հիմքերի (գործվածք, տրիկոտաժ, թուղթ և այլն) մշակմամբ։

Փափուկ արհեստական կաշին պատրաստում են հոծ կամ ծակոտկեն։ Վերջին դեպքում բաղադրիչներին խառնում են գոլորշիագոյացուցիչներ, ծակոտկենության հասնում են նաև լատեքսային խառնուրդների փրփրեցմամբ և այլն։ Վերջնամշակման գործողությունները կատարվում են հատուկ սարքավորումներում։ ԽՍՀՄ-ում և արտասահմանում ստեղծվել են նյութեր, որոնք հատկություններով մոտենում են բնական փափուկ կաշիներին և կոչվում են սինթետիկ կաշիներ։ Դրանց պատրաստման ժամանակ հիմքի ստեղծման համար կիրառում են տարբեր մանրաթելեր, տոգորման և արտաքին ծածկաշերտ առաջացնելու համար՝ պոլիմերային հիդրոֆիլ նյութեր (հաճախ պոլիեթերուրետաններ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 245 CC-BY-SA-icon-80x15.png