Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս
Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս Fragments of a Lost Homeland: Remembering Armenia | |
---|---|
Հեղինակ | Արմեն Ցոլակ Մարսուբյան |
Թեմա | Հայոց ցեղասպանություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Էջեր | 358 |
Հրատարակման տարեթիվ | 2015 |
Պատառիկներ մի կորած հայրենիքի. Հայաստանը հիշելիս, (անգլ.՝ Fragments of a Lost Homeland: Remembering Armenia), Արմեն Մարսուբյանին ժառանգություն հասած հուշագրությունները ներկայացնող գիրք Հայոց ցեղասպանության մասին։
Հեղինակի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Ցոլակ Մարսուբյանը ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր է, փիլիսոփայության բաժնի ղեկավար և 21-րդ դարի սկզբի Սեբաստիայի (այժմ՝ Սիվաս) մարզի Մարզվան (այժմ՝ Մերզիֆոն) քաղաքի հայտնի լուսանկարիչ Ցոլակ Դիլդիլյանի (1872-1935)[1] թոռը։ Ցոլակ Դիլդիլյանը շնորհիվ իր և եղբայրների միջոցով հիմնված լուսանկարչատների մեծ գործունեություն է ծավալել Սիվասի մարզում լուսանկարչության ասպարեզում։
Արմեն Մարսուբյանին ժառանգություն է հասել պապի, նրա եղբայրների, քույրերի անտիպ հուշագրությունները, մեծ թվով լուսանկարներ, որոնց մի փոքր մասը հեղինակը օգտագործել է գրքում։ Մարսուբյանն աշխարհի տարբեր երկրներում ցուցահանդեսներ է կազմակերպել այս լուսանկարներից, այդ թվում և Թուրքիայում[2], որի հիմնական նպատակն է պատմել Առաջին աշխարհամարտի ժամանակ Անատոլիայում ապրող հայերի պատմությունը։
Մարսուբյանը ճամփորդել է Թուրքիայում, այցելել իր նախնիների ապրած վայրերը, աշխատել է վերապրել նրանց կյանքը, ընկալել այն ինչ տեղի է ունեցել և կապ հաստատել այն բոլորի հետ, որոնք մի ժամանակ մասն են եղել իր ծնողների կյանքի։
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը պատմում է հեղինակի մայրական՝ Դիլդիլյան գերդաստանի մասին, սկսում է գերդաստանի հիմնադիր՝ Մուրադենց Կարապետից 1780-ականներից և վերջանում 1922 թվականին, երբ Դիլդիլյանների վերջին անդամները թողնում են Արևմտյան Հայաստանը և մեկնում Հունաստան։ Գիրքը կենտրոնանում է Կարապետի թոռան զավակների՝ Ցոլակի, Արամի, Հայկանուշի և նրանց ընտանիքների վրա, ովքեր անցնում են 1915-1922 թվականների ջարդերի ու տեղահանումների միջով։
Գրքի կենտրոնական դեմքն Արամ Դիլդիլյանն է, ով լինելով հաշմանդամ, (այդ ժամանակ բացասական բնույթ ուներ թուրքական հասարակությունում և սահմանափակումներ էր ստեղծում հաշմանդամների համար) տոկուն, ձեռներեց և գործունյա անձնավորություն է եղել, և տարբեր մանրամասներ է ներառել իր հուշերի պատմության մեջ, որոնցից մենք տեղեկանում ենք Մարզվանում, Սեբաստիայում, Սամսունի, Ամասիայում և այլ մարզերում հայերի կյանքի մասին։ Արամը ուներ լուսանկարչատուն և զբաղվում էր բարեգործական աշխատանքներով։
1915 թվականի դեպքերի ժամանակ Դիլդիլյան գերդաստանի մի մասն այլ մարզվանցիների հետ միասին, ընդունում է իսլամը՝ վճարելով «փրկագին» կաշառքը զերծ մնում տեղահանումներից, թեև նրանց փրկությունն այդ տեղահանություններից կապված էր նրանց լուսանկարչատան և այն հանգամանքի հետ, որ Ցոլակ Դիլդիլյանը զորքի պաշտոնական լուսանկարիչն էր։ Դիլդիլյանների տանը բազմաթիվ հայ փախստականներ են հանգրվանում և փրկվում մահից։ Արամի և Մարիցայի հուշերը ոչ միայն պատմում են այդ օրերի դժվարին և ծանր պայմանների մասին, այլ նաև որոշակի պատկերացում են տալիս ընթերցողին ընթացող տեղահանությունների և բռնությունների մասին, պատմում են այդ արվեստասեր ընտանիքի այն անդամների մասին, որոնք զոհ գնացին այդ կազմակերպված ցեղասպանությանը։
1918 թվականին Արամը ամերիկյան «Մերձավոր արևելքի օգնությունն» կազմակերպության աջակցությամբ ձեռնամուխ է լինում հայ որբերի խնամքի գործին և մեծ թվով մանուկներ ու պատանիներ են փրկվում կորուստից[3]։
Թուրք-հունական պատերազմի ժամանակ դարձյալ վատանում է հայերի, ինչպես նաև հույների վիճակը։ Վերսկսում են հալածանքները և բռնությունները։ Ցոլակ Դիլդիլյանը հունական մի հին ու անապահով նավով իր մնացած հարազատների հետ հասնում է Հունաստան։ Հեղինակն այս դժվարին ու երկարատև ճամփորդությամբ էլ ավարտում է գիրքը[4][5]։
Մեջբերումներ գրքի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ԴԻԼԴԻԼՅԱՆ, ՑՈԼԱԿ | Հայ լուսանկարչական արվեստների հետազոտական շտեմարան». lusarvest.org. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Արմեն Մարսուբյանի ցուցահանդեսները՝ Թուրքիայում(չաշխատող հղում)
- ↑ Marsoobian to Present ‘Fragments of a Lost Homeland’ in NAASR Lecture
- ↑ Վարուժ Սուրենյան, Մի ընտանեկան պատմություն
- ↑ Fragments of a Lost Homeland: Remembering Armenia, Armen T. Marsoobian