Պատագոնիա
Պատագոնիա (Patagonia), բնամարզ Հարավային Ամերիկայում, Ռիո Կոլորադո և Ռիո Նեգրո գետերից հարավ Անդերից արևելք, Արգենտինայի հարավում։ Ռելիեֆում գերակշռում են աստիճանաձև սարավանդները, որոնք արևմուտքում ունեն մինչև 2200 մ բարձրություն։ Դաշտավայրերը գտնվում են հյուսիս- արևելքում և հարավ-արևելքում։ Կազմված է միջին կայնոզոյան նստվածքային և հրաբխային շերտերից, ինչպես նաև մորենային ու ջրասառցադաշտային նստվածքներից։ Հարավում Մագելանի նեղուցով Պատագոնիան բաժանվում է Հրո երկիր կղզիախմբից, իսկ արևմուտքում սահմանափակված է Հարավային Անդերի լեռներով։ Վերջիններս արգելք են հանդիսանում արևմտյան խոնավ օդային զանգվածների թափանցմանը Պատագոնիա, իսկ արևելյան ափերի մոտով է անցնում Ֆոլկլենդյան սառը օվկիանոսային հոսանքը։ Այդ պատճառով էլ Պատագոնիայում տեղումները քիչ են՝ 150-200 մմ։ Կլիման բարեխառն է, կիսաանապատային։ Միջին տարեկան տեղումները 150-200 մմ են, արևմուտքում՝ մինչև 600-700 մմ՝․ Հուլիսի միջին ջերմաստիճանը հյուսիսում 8 °C է, հարավում՝ 2 °C, արևմուտքում՝ -5 °C (սառնամանիքները՝ մինչև -35 °C), հունվարինը հյուսիսում՝ 20 °C, հարավում՝ մինչև 10 °C։ Բնորոշ են ուժեղ քամիները։ Տարածքը նոսր է բնակեցված, հիմնականում արոտավայրեր են՝ ոչխարաբուծության համար։ Գետերը սկիզբ են առնում Անդերից և Պատագոնիայի տարածքում հոսում խոր կիրճերով։ Գերակշռում են հացազգիների թփուտային կիսաանապատները, Անդերի նախալեռներում՝ հացազգիների տափաստանները։ Շատ են կենդանիների էնդեմիկ տեսակները (մագելանի շուն, պամպասյան կատու, գարշահոտ փորսուղ և այլն) և թռչունները։ Տնտեսության գլխավոր ճյուղը ոչխարաբուծությունն է, հովիտներում՝ հացահատիկի մշակությունը։ Կան նավթի և բնական գազի հանքավայրեր։ Պատագոնիա անվանումը տվել է Ֆ․ Մագելանի արշավախումբը 1520 թ.։ 1520 թվականին Մագելանի նավերը մոտենում են ներկայիս Արգենտինայի հարավային ափերին, դաժան բնակլիմայական պայմաններից ելնելով տարածքը անմարդաբնակ է թվում։ Երկու ամիս անցկացնելուց հետո ձյան վրա տեսնում են հսկա ոտնահետքեր։ Պարզվում է, որ խիստ ձմեռներին, ոտքերը ցրտահարությունից պաշտպանելու համար, բնիկները հագնում են մորթե կոշիկներ կամ ոտքերին մորթի փաթաթում, որից նրանց ոտնահետքերը մեծ են երևում։ Մագելանը այդ երկիրն անվանեց Պատագոնիա, որն իսպաներեն նշանակում է մեծ ոտքեր ունեցող մարդկանց երկիր[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն , Երևան 1996
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 144)։ |