Պանիրանիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մեծ Իրանի» սահմանները

Պանիրանիզմ, համիրանականություն, իրանյան ծայրահեղ ազգայնական գաղափարախոսություն, որի հիմքում ընկած է իրանալեզու բոլոր ժողովուրդների «իրանական միասնական ազգ» լինելու, «Մեծ Իրան» ստեղծելու գաղափարը։ Սկզբնավորվել է XX դարի սկզբին։ Իրանում ընդհանուր շուկա ստեղծելու նպատակով նորաստեղծ բուրժուազիան քարոզում էր երկրի ոչ իրանցի ժողովուրդների ձուլում, անցյալում Իրանի կազմի մեջ մտած տարածքների վերամիացում։ Պանիրանիզմը լայն ծավալ ստացավ հատկապես Ռեզա շահ Փահլավիի տիրապետության տարիներին (1925-1941)։ Քարոզելով «իրանական ազգի միասնություն»՝ պանիրանիզմի ներկայացուցիչները ճնշում էին Իրանի ոչ իրանցի ժողովուրդների ազատագրական պայքարները։ Սասանյան Իրանի նման «Մեծ Իրան» ստեղծելու ձգտումը հետապնդում էր Միջին Ասիայի և Անդրկովկասի ընդարձակ տարածություններն ու Աֆղանստանը իրանին միացնելու նպատակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) նախօրյակին Նացիստական Գերմանիան և մյուս պետությունները պանիրանիզմը ծառայեցրին Իրանում իրենց ազդեցությունն ամրապնդելու, հակախորհրդային պրոպագանդա մղելու համար[փա՞ստ]։ Ետպատերազմյան տարիներին Իրանում ծավալված ազգային-ազատագրական շարժումները ճնշելու նպատակով իրանի կառավարող շրջանները վերակենդանացրին պանիրանիզմին։ 1946 թվականի սեպտեմբերին Թեհրանում ստեղծված Պանիրանական կուսակցությունը, համակերպվելով ժամանակի պահանջներին, առաջադրեց սեփականության չափի սահմանափակման, տնտեսության պլանային զարգացման և այլ խնդիրներ։ Նավթի ազգայնացման համար պայքարի (1951-1953) ժամանակաշրջանում կուսակցությունը որոշ ժամանակ համագործակցեց Մոսաղեղի կազմակերպած Ազգային ճակատին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 121